Քրիստոս Աստված Փրկիչ մեր, պահեա՛ եւ պահպանեա՛ զժողովուրդս քո ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական խաչիւդ քո …
14-րդ դարում՝ Կիլիկիայի Հայկական թագաւորութեան անկումից (1375թ.) յետոյ, հայերը սկսեցին շարժուել դէպի Արեւելեան Եւրոպայի երկրներ։ Ժամանակակից Ուկրաինական պետութեան տարածքում հնագոյն հայերի բնակավայրերից է եղել Ղրիմը, կենդրոնական ուկրաինական տարածք՝ Կիեւ մայրաքաղաքով, ինչպէս նաեւ մեծաքանակ հայեր կենդրոնացել են Լվով քաղաքում։ Այս տարածաշրջանում հայերը ապրել են Ժեչ Պոսպոլիտա ժամանակաշրջանից առաջ եւ յետոյ 1569թ. մինչեւ 1795 թուականները։
Սովետական կարգերի ներթափանցմամբ 1917թ.-ից սկսուեցին հալածանքներ հայ կաթողիկէների հանդէպ։ Սովետական իշխանութիւնները առանձնայատուկ վտանգ էին տեսնում Սուրբ Աթոռին անքակտելի միացած հայ կաթողիկէների մէջ։ Հալածանքները սաստկացան 1939 թուականին, որի արդիւնքում մօտ 5000 հայեր գաղթեցին դէպի Լեհաստան, իսկ Ուկրաինայում մնացածները ստիպուած եղան ներկայանալ իբրեւ ուկրաինացի։ Ներկայիս պատմութիւնը փաստում է Ուկրաինայի խորհրդարանը[1], որը 1945-1946 թուականներին տեղի ունեցածը պատմական մեծ ողբերգութիւն ընդունեց եւ պաշտօնապէս ճանաչեց իբրեւ հայ կաթողիկէ եկեղեցու լիկվիդացման տարեթիւ։
1991թ. ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ Լատին Կաթողիկէ եկեղեցին առաջինն էր, որ մուտք գործեց նորանկախ Ուկրաինական պետութեան տարածք՝ տեղում հանդիպելով նաեւ հայ կաթողիկէների, ովքեր իրենց կաթողիկէ ինքնութիւնը չկորցնելու համար Հայ Կաթողիկէ կղերի բացակայութեան պատճառով կապուեցին Լատին կաթողիկէ համայնքին։ Մինչ 1990 թուականների վերջերը Ուկրաինայում գործում էր երկու լատին թեմ։
Այսօր դրանք վեցն են՝
Լվովի Արքեպիսկոպոսական թեմ (էլ. հասցե՝ [email protected]. net),
Կիեւ եւ Ժիտոմեռի թեմը (էլ. հասցե՝ [email protected]. ua),
Օդեսա եւ Սիմֆերոպոլի թեմ (էլ. հասցէ՝ curia.odessa@ gmail.com),
ԿամինեցՊոդոլսկի թեմ (էլ. հասցէ՝ curiapodole@gmail. com),
Լուցկի թեմ (էլ. հասցէ՝ lutskcu [email protected]),
Խարկովի եւ Զապոռոժիեի թեմ (էլ. հասցե՝ parafia@rail. kharkov.com):
Հայ Կաթողիկէների համար ներկայիս Ուկրաինայի արեւմտեան շրջանը՝ Լվով, Իվանո Ֆրանկովսկ, Չեռնավցի եւ Կուտի քաղաքները (ի դէպ, վերջին քաղաքը հիմնադրել են հէնց հայ կաթողիկէները), պատմական մեծ արժէք են ներ-կայացնում։ Լվովում իր նստավայրն է ունեցել Հայ Կաթողիկէ թեմի Արքեպիսկոպոս Հայրը, ով իբրեւ հին եւ առաւել մեծ համայնքի առաջնորդ՝ նախապատուութիւն է ունեցել բոլոր հարցերում Լատին ու Յունակաթոլիկ Եպիսկոպոսներից։ Ուկրաինայի արեւմտեան շրջանում կիսաւեր վիճակում կան 8 եկեղեցիներ, բայց, ցաւօք, հայ համայնքը այնտեղ փոքրաթիւ է։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարութեան պաշտօնեների հաւաստմամբ՝ արեւմտեան այս շրջանում բռնի ուկրաինացած մօտ 25 հազար հայ կաթողիկէներ կան, ովքեր մեծ մասամբ յաճախում են Յունակաթոլիկ եկեղեցի։ Կենդրոնական Ուկրաինայում ներկայումս հայերը կենդրոնացած են Կիեւ քաղաքում։ Կիեւում դեռ կայ 14-ից 17-րդ դարերում ներգաղթած մօտ 50 հայ կաթողիկէ ընտանիք, ովքեր ուկրաինախօս են եւ սակայն գիտակից են, որ հայ կաթողիկէ են, նրանք յաճախում են Կիեւում Լատին Աթոռանիստ եկեղեցում գործող ժողովրդապետութիւն։
Իրավիճակը այլ է բնակչութեամբ երկրորդ՝ Խարկով քաղաքում։ Այստեղ հայերը հաստատուել են, երբ 1655 թուականին կազակները հիմնել են քաղաքը։ Հայ համայնքը ստուարացել է 1915 թուականի ցեղասպանութիւնից յետոյ։ Մեծաքանակ որբերին խնամելու համար մինչեւ անգամ Կովկասի Հայ Կաթողիկէ առաքելական կառավարիչ Հ. Սարգիս վարդապետը ուղարկել է Հ. Կարապետ վարդապետ Եսայեանին։ Վերջինս լատին Աթոռանիստ եկեղեցու շուրջ հաւաքել է հայ որբերին եւ հայ համայնքը:
Ներկայումս էլ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ Վրաստանի տարբեր գիւղերից գաղթած հայ կաթողիկէներ են ապրում քաղաքում: Պետական այրերի պնդմամբ մօտ 3000-ից 5000-ի հասնող համայնք կայ։
Կարեւոր է նաեւ մեծութեամբ երրորդ՝ Սեւ ծովի ափին գտնուող Օդեսա քաղաքը, որ համարւում է Ուկրաինայի ամենամեծ նաւահանգիստը, հիմնադրուել է 1794 թուականին։
1630թ. Ուկրաինայում կար 15 եկեղեցի, 20 հոգեւորական ու 3500 հաւատացեալ։ Երբ Սովետական իշխանութիւնները 1940 թուականին մտան Ուկրաինա, հայ կաթողիկէները հաշւում էին մօտ 5500 հաւատացեալ, ծառայում էր 20 հոգեւորական, գործում էր 15 եկեղեցի եւ 16 մատուռ։ Լվովում՝ աթոռանիստ եկեղեցուն կից, գործում էր նաեւ հայ բենեդիկտեան քոյրերի միաբանութիւնը, որն իր բարձր կրթական մակարդակով յայտնի դպրոց ուներ։
1938 թուականին մահացաւ Լվովի հայ կաթողիկէ թեմի փաստացի վերջին արքեպիսկոպոս Արհի. Տէր Յովսէփ Թեոդորովիչը։ Նոր սկսուող համաշխարհային երկրորդ պատերազմի պայմաններում չընտրուեց նոր արքեպիսկոպոս։ Լվովի արքեպիսկոպոսական թեմի Առաքելական պատուիրակի (administratore apostolico) պարտականութիւնները դրուեց հայ կաթողիկէ հոգեւորական Հ. Դիոնիսիոս Վրդ. Կայտանովիչի վրայ։
1946 թուականի մարտ 8-ին եւ 9-ին Ուկրաինայում ԽՍՀՄ վերջնական հաստատումից յետոյ կայացաւ սովետական իշխանութիւների ռազմական դատարանի դատավարութիւն հայ կաթողիկէ կղերի եւ հաւատացեալ անդամների շուրջ։ Դատապարտուած հոգեւորականներից աքսորուած մի մասը մահացան 1954 թուականին ուղղիչ աշխատանքային գաղութում (ըստ զանազան արխիւների նիւթերի՝ թունաւորուել կամ սպաննուել են այլ եղանակներով): Սովետական իշխանութեան փլուզումից յետոյ յետմահու արդարացուել են 1994 թուականի օգոստոսի 10-ին։ 1946 թուականի մարտ 8-9՝ դատավարութեան ժամանակ, Հ. Դիոնիսոս Վրդ. Կայտանովիչ Առաքելական պատուիրակի հետ դատապարտուեցին հոգեւորականներ Հ. Կազեմիր Վրդ. Ռոմաշկան, Հ. Վիկտոր Վրդ. Կվապինսկին, հայ կաթողիկէ թեմի աշխատակիցներ եւ թեմական խորհրդի անդամներ Ստանիսլավ Դոնիգեվիչը, Գոհարինե Բաբաեւան, Սերգեյ Նազարեանը, Վաղարշակ Գրիգորեանը եւ այլք։ Յատկանշական է, որ բռնաճնշումների ենթարկուեցին հիմնականում հայ կաթողիկէները, որոնք հրաժարուեցին խզել կապը՝ եկեղեցական հաղորդութիւնը Սուրբ Աթոռի հետ։ Այս բռնաճնշումները եւ հալածանքները Լվովի հայ կաթողիկէ թեմի հոգեւորականութեան եւ հաւատացեալների դէմ իրագործուեցին գիտութեամբ եւ վերահսկողութեամբ ԽՍՀՄ Ուկրաինայի առաջին կոմկուսի քարտուղար Նիկիտա Խրուշովի, ով յետագայում՝ Ստալինի մահից եւ Մոլոտովի հրաժարականից յետոյ, դարձաւ ԽՍՀՄ առաջին դէմքը։ Հաւատացեալների եւ հոգեւորականների մի մասը փախավ Լեհաստան, ըստ ԿԳԲ-ի տուեալների 2500 հաւատացեալ աքսորուեց Ուուսաստանի Սիբիր երկրամաս։ 8 հոգեւորական եւ հայ բենեդիկտեան մայրապետներ եւ հաւատացեալներ Լեհաստանում հաստատուեցին Գլիվիցա, Կրակով եւ Գդանսկ քաղաքներում:
Լվով՝ քաղաք Արեւմտեան Ուկրաինայի Լվովի մարզում: Այստեղ ունենք երկու եկեղեցի։
Առաջինը Աթոռանիստ Սբ. Աստուածածնի Վերափոխման հայ կաթողիկէ մայր եկեղեցին է, որը 2003 թուականից Հայ Առաքելական եկեղեցուն է տրուել գործածութեան համար։
Արեւելեան հնագոյն հատուածը կառուցուել է 1363-1370թթ. ղրիմահայ առեւտրական Շահինշահի որդի Յակոբ Կաֆայեցու եւ Աբրահամի որդի Փանոս Հաչաթեցու միջոցներով: Եկեղեցու ճարտարապետը Ղրիմից հրաւիրուած Ճենովացի Դորինգեմն էր: Դարերի ընթացքում եկեղեցին բազմիցս վերակառուցուել եւ ընդլայնուել է: ԺԶ-րդ դարում հիւսիսային եւ հարաւային մասերում աւելացուել են սիւնասրահները: ԺԷ-րդ դարում Լվովի հայ կաթողիկէ եկեղեցու առաջին եպիսկոպոս Արհի. Տէր Նիկոլայ Թորոսեւիչը բարոկկո ոճով եկեղեցուն արեւմուտքից կցում է կենդրոնական միանաւ հատուածը: 1712 թուականին եկեղեցին մեծապէս տուժում է հրդեհից եւ հիմնաւորապէս վերանորոգւում 1723-1731 թթ.: Վերջին խոշոր վերանորոգումը եւ ընդլայնումը դէպի արեւմուտք իրականացնում են Ի-րդ դարի սկզբին Լվովի հայ կաթողիկէ թեմի առաջնորդ Արհի. Տէր Յովսէփ արքեպիսկոպոս Թեոդորովիչի կողմից: Նրա պատուերով ճարտարապետ Ֆրանցիսկ Մոնչինսկին մոդեռն ոճով կառուցում է եկեղեցու երրորդ՝ կենդրոնագմբեթ հատուածը, իսկ արեւմտեան մասից դէպի Կրակովեան փողոց՝ գլխաւոր շքամուտքը: Ի-րդ դարի 30-ական թուականերին Արհի. Տէր Յովսէփ արքեպիսկոպոս Թեոդորովիչի նախաձեռնութեամբ եկեղեցին յարդարում են Յան Հենրիկ Ռոզենի գեղանկարներով եւ Յուզեֆ Մեհոֆֆերի խճանկարներով:
Երկրորդ հայ կաթողիկէ եկեղեցին Սուրբ Խաչն է, որ եղել է հայ բենեդիկտեան մայրապետների վանքի համալիրի մէջ: Համալիրն իր մէջ ներառում էր դպրոց եւ մայրապետների վանատուն, վերջինս այժմ գործածւում է որպէս Ուկրաինայի ներքին գործերի նախարարութեան ենթակայ ոստիկանական ուսումնարան: Վերափոխման Մայր Եկեղեցուն կից գործել է աղջիկների դաստիարակութեան դպրոց հայածէս բենեդիկտեան կոյսերի վանքում։ Այս վանքը սկիզբ է առել՝ Կամինեցի եւ Յազլովեց (ներկայիս Ուկրաինա) քաղաքների հայածէս մայրապետներին ի մի ժողովելով։ 1690 թուականին Նորին Սրբութիւն Ալեքսանդր Ը Քահանայապետի կարգադրութեամբ տեղափոխուել են Լեոպոլիս, ներկայիս Լվով քաղաք՝ ընդունելով Ս. Բենետիկտոսի վանական սահմանադրութիւնը։
Սբ. Խաչ փայտաշէն եկեղեցին կառուցուել է 1611 թուականին, իսկ քարակերտ եկեղեցին՝ 1630-ական թուականներին՝ հայ վաճառական Սահակ Ագոբսովիչի միջոցներով: Բարոկկո ոճով կառուցուած միանաւ բազիլիկ շինութիւն է՝ արտաքուստ շեշտուած ուղղանկիւն խորանով եւ երկու աւանդատներով: Արեւմտեան մասում գտնւում է եռակամար զանգակատունը:
Կից կառոյցներ
1792 թուականին Լվովի մէջ, հովանաւորութեամբ Լվովի հայ կաթողիկէ արքեպիսկոպոսի եւ երեք մեծահարուստների նախաձեռնութեամբ, հիմնադրւում է «Mons Pius» հայկական առեւտրային բանկը՝ 40 հազար ոսկի կապիտալով, որում հաւաքւում է դրամագլուխ ժողովրդապետութիււններից, եւ շահը բաժանւում է ըստ յանձնուած դրամագլխի՝ սահմանուած ժամանակին, ամէն մէկ ժողովրդապետութեան աղքատներին։
ԺԷ-րդ դարից Մետրոպոլիտական Սիւնհոդոսի հովանաւորութեան տակ գործում էր հայկական դպրոց 80 աշակերտների համար եւ հայ որբերի գիշերօթիկ դպրոց, որ հաստատուել է 1863 թուականից Արհի. Տէր Յովսէփ եպս. Թորոսովիչի անուամբ եւ գործել է մինչ 1914 թուականը։
1616թ. Լվովում հիմնադրւում է առաջին հայկական տպարաններից մէկը, որտեղ տպագրւում են հայերէն եւ հայատառ գրքեր: Վերոնշեալ տեղեկութիւնը եւ թեմական կազմակերպութիւնը նշուած է 1884-ի վիճակագրութեան մէջ, ինչպէս նաեւ՝ ըստ 1936 թուականի եկեղեցական վիճակագրութեան (Schematismus arch. Leopolensis):
Բացի վերոյիշեալ հաստատութիւններից՝ Լվովի հայ կաթողիկէ հայոց արքեպիսկոպոսարանն ունի մի ուրիշ կարեւոր հիմնարկութիւն՝ «Հայոց թեմական ընկերութիւն» անունով, այն հիմնուել է 1930 թուականին։ Այս ընկերութեան նպատակն է հոգեւոր եղբայրական կապերով միացնել եւ համախմբել այլեւայլ կողմերում ցրուած կաթողիկէ հայերին, հաստատել եւ ամրապնդել նրանց մէջ հայկական ծէսը, հոգալ նրանց եկեղեցական եւ հոգեւոր պէտքերը, ինչպէս նաեւ օգնել ընկերութեան անդամներին։ Ընկերութիւնը մասնաճիւղեր է ունեցել այն բոլոր վայրերում, ուր կային հայ կաթողիկէ ծուխեր, ակումբներ կամ միութիւններ։ Կենդրոնատեղին Լվովն է: Դրամական միջոցները գոյանում էին անդամակցական վճարներից, նուիրատութիւններից եւ ընկերութեան դրամագլխից գոյացած տոկոսներից։ Ընկերութիւնը ունեցել է իր պարբերաթերթը՝ ամսագիրը լեհերէն լեզուով, որ կոչուել է Սբ. Գրիգոր Լուսաւորչի անունով՝ “Poslaniec Sw. Grzegorza”, այսինքն՝ «Պատգամաբեր Սբ. Գրիգորի»։ Ընկերութեան պաշտօնակիր անձինք են ընկերութեան պաշտպանը՝ օրուայ արքեպիսկոպոսը, վարչական խորհուրդը, որն ունի երկու նախագահ, քարտուղար, գրադարանապետ եւ տասը անդամներ։ Ընկերութեան գլխաւոր գրասենեակն էլ տեղակայուած էր Լվովում՝ Հայկական կոչուող փողոցում (Armenias- ka 13 cotign 1):
Հայկական կոչուած փողոցում են գտնուել նաեւ միւս հաստատութիւնները՝ արքեպիսկոպոսարանը, Մայր եկեղեցին, դպրոցն եւ այլն։
Ըստ պաշտօնական թեմացուցակի՝ Լվովի թեմի պաշտպան սուրբերն են Ամենասրբուհի Կոյս Մարիամ Անարատ Յղացեալը, Սբ. Գրիգոր Լուսաւորիչ՝ եպիսկոպոս եւ պատրիարք Հայաստանի, նաեւ՝ Սբ. Կայետանոս Թիեննոն խոստովանողը (Gaetano Thiene):
Իվանո-Ֆրանկովսկ՝ մարզկենտրոն համանուն մարզի, պահպանուած է Սբ. Աստուածածնի Անարատ Յղութեան հայ կաթողիկէ եկեղեցին, (17-րդ դար): Եկեղեցին գտնւում է քաղաքի կենդրոնում՝ Վիրմենսկա (հայկական) փողոցի վրայ: Այն ներկայումս գործածում են Ուկրաինայի ուղղափառ աֆտոկեֆալ եկեղեցին, որոնք, ցաւօք, ներկել են եկեղեցին եւ ներքին յարդարանքների արդիւնքում փոխել են նախնական տեսքը:
Տիսմենիցա՝ քաղաք ԻվանոՖրանկովսկի մարզում։ Սբ. Կաետանի անուան հայ կաթողիկէ եկեղեցի (17-րդ դար): 1940-ականներին ավերուել է, որը ներկայումս, դժբախտաբար, վերածուել է աղբավայրի, կից մնացել է քահանայատունը, ուր ապրել է յայտնի հայ եկեղեցական դոմինիկեան միաբանութեան անդամ Հ. Սադոկ Վրդ. Բարոնչը։ Գերեզմանատանը կայ փոքրիկ մատուռ, որը կանգուն էր մինչեւ 2011 թուականը, այն կառուցուել էր 1828 թուականին Օհանովիչ հայ կաթողիկէ ընտանիքի միջոցներով։ Հայերը այստեղ հիմնել են կաշեգործութիւնը եւ մուշտակ կարելու արհեստը, ներկայումս էլ քաղաքը յայտնի է իր մուշտակներով եւ կաշեգործութեամբ։
Նկարը` ջրաներկ, գործ Ս. Բիսաժի, 1937թ.:
Լիսեց՝ գիւղ Խմելնիցկի մարզում։ Պահպանուած է Սբ. Սիրտ Յիսուսի հայ կաթողիկէ եկեղեցին (18-րդ դար), իսկ ներկայումս քահանայատունը ծառայում է որպէս գիւղի երաժշտական դպրոց։ Եկեղեցին վերանորոգուել է եւ գործում է Լատին Կաթողիկէ եկեղեցու հովանու ներքոյ։
Սնիատին՝ քաղաք ԻվանոՖրանկովսկի մարզում։ Կանգուն է Սբ. Մարիամ Աստուածածնի Վերափոխման հայ կաթողիկէ եկեղեցին (19-րդ դար), որի կտուրը ներկայումս անմխիթար վիճակում է, գտնուում է Ուկրաինայի մշակոյթի նա խարարութեան հաշուարկի վրայ, սովետական իշխանութեան օրոք ծառայել է իբրեւ ֆիզկուլտուրայի (մարմնամարզութեան) դահլիճ, եկեղեցապատկան կից կառոյցում ներկայումս գործում է ուսումնարան:
Բերեժանի՝ քաղաք Տերնոպոլի մարզում։ Կանգուն է Սբ. Մարիամ Աստուածածնի Անարատ Յղութեան հայ կաթողիկէ եկեղեցին (18-րդ դար)։ Եկեղեցին գտնւում է պետական հաշուարկի տակ՝ իբրեւ մշակոյթային յուշարձան։ Սա համալիր է, որն իր մէջ ներառում է դպրոց եւ քահանայատուն։
Գորոդենկո՝ քաղաք ԻվանոՖրանկովսկի մարզում։ Կանգուն է Սբ. Մարիամ Աստուածածնի Անարատ Յղութեան հայ կաթողիկէ եկեղեցին (17-րդ դար), որի կտուրը ներկայումս գտնւում է անմխիթար վիճակում, եկեղեցին պետական հաշուարկի վրայ է։
Կուտի՝ գիւղ ԻվանոՖրանկովսկի մարզում։ Գիւղը հիմնել են հայ կաթողիկէները։ Հայ կաթողիկէ պատմական կենդրոն է՝ յայտնի իր սրբապատկերով։ Սբ. Մարիամ Աստուածածնի Անարատ Յղութեան հայ կաթողիկէ եկեղեցին (18-րդ դար) ներկայումս գտնւում է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործածութեան ներքոյ։ Ինչպէս նաեւ գերեզմանատանը կայ փոքրիկ մատուռ։
Չեռնովցի՝ քաղաք Չեռնովցի մարզում։ Քաղաքում կայ մեծ եւ հրաշալի պահպանուած Սբ. Պօղոս եւ Սբ. Պետրոս հայ կաթողիկէ եկեղեցին (19-րդ դար), որ դեռ գտնւում է պետական հաշուարկի վրայ եւ գործածւում է իբրեւ ֆիլարմոնիկ համերգասրահ եւ սրա շնորհիւ է պահպանուել:
Եազլովցա կամ Եազլովեց. կանգուն է Սբ. Մարիամ Աստուածածին հայ կաթողիկէ եկեղեցին (17-րդ դար), որ գտնւում է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործածութեան տակ, պահպանուել են հայերէն արձանագրութիւնները։ Գիւղում կայ հայկական բերդ, գերեզմանատան մատուռ եւ ջրհոր, որ գործածել են հայերը, ուր նոյնպէս կայ հայերէն Մեսրոպատառ արձանագրութիւն։
Ժվանեց՝ գիւղ Խմելնիցկի մարզում։ Պահապանուած է Սբ. Մարիամ Աստուածածնի Անարատ Յղութեան եւ Սբ. Կայետանի հայ կաթողիկէ եկեղեցին (17-րդ դար), որ ներկայումս գործածում են Լատին կաթողիկէները։
ԿամենեցՊոդոլսկ՝ քաղաք Խմելնիցկի մարզում։ Կանգուն է Սբ. Նիկողայոս Հայրապետի հայ կաթողիկէ եկեղեցական համալիր (17-րդ դար): Եկեղեցին քանդուած է, պահպանուել են շքամուտքը եւ զանգակատունը։
2017 թուականից Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդ Արհի. Տէր Ռափայէլ Արքեպս. Մինասեանի տնօրինութեամբ Ուկրաինայում նշանակուել է այցելու վարդապետ՝ յանձին Հ. Նարեկ Վրդ. Մնոյեանի:
Այս նախաձեռնութիւնը սկիզբ է առել Սրբազան Հօր հովուական եւ հայրախնամ մտահոգութեամբ՝ ի սէր Ուկրաինայում հայ կաթողիկէների պատմական ներկայութեան եւ ի խնդիր ներկայումս այնտեղ ապրող հաւատացեալների համախմբման եւ հայ կաթողիկէ ամուր համայնք վերահաստատելու նախանձախնդրութեան: 2017 թուականի մայիսին Սրբազան Հայրը Օդեսայի եւ Սիմֆերոպոլի լատին կաթողիկէ թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տէր Բրանիսլավ եպս. Բեռնարդսկու հրաւերով այցելեց Օդեսա՝ մասնակցելու թեմի հիմնման 15-րդ ամեակին: Այնուհետեւ հանդիպումներ ունեցաւ Ուկրաինայում Պապական նուիրակ Արհի. Տէր Կլաուդիո Արքեպս. Գուջերոտիի հետ, ինչպէս նաեւ տեղի լատին կաթողիկէ թեմակալ առաջնորդների հետ: Ապա հովուական այցելութիւններ կատարեց պատմական շրջաններ, ուր կան հայ կաթողիկէ եկեղեցիներ եւ համայնքներ: Նոյն այցելութեան աւարտին, Կիեւում նախապէս կատարուած աշխատանքների շնորհիւ, Ուկրաինայի ներքին գործերի նախարար տիար Արսէն Ավակովը պատրաստակամութիւն յայտնեց վերադարձնել Լվովի Սբ. Խաչ Հայ Կաթողիկէ Եկեղեցին, որը գտնւում է իր նախարարութեան հաշուարկի ներքոյ: 2018 եւ 2019 թուականներին շարունակելով գործունէութիւնը Ուկրաինայում՝ Արհի. Տէր Ռափայէլ Արքեպս. Մինասեանի տնօրինութեամբ հիմնուեց Կիեւի՝ Սբ. Գրիգոր Նարեկացու, Խարկովի՝ Սուրբ Երրորդութեան եւ Օդեսայի՝ Սրբոց Թարգմանչաց Հայ Կաթողիկէ ժողովրդապետութիւնները: Ընթացող աշխատանքների եւ Աստուծոյ ողորմածութեամբ՝ պետութեան առաջ պաշտօնական գրանցումից յետոյ ժողովրդապետութիւնները կ՚ունենան մնայուն ծառայող ժողովրդապետեր:
Հ. Նարեկ Վրդ. Մնոյեան
Ուկրաինայի հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր սպասաւոր
Աղբիւր՝ «Պատգամաբեր» տարեգիրք, 2020
[1] https://zakon.rada.gov.ua/laws/show/1700-19