«Ու՞ր եմ ես գնում»
Այս դժվարին և փորձություններով լի օրերին մենք պետք է լավ հիշենք, որ մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և այն, որ Նա Երկնքում տեղ է պատրաստել մեզ համար, դա լավագույն դեղամիջոցն է վախի դեմ, ասաց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր խորհրդածության ընթացքում՝ Regina Caeli աղոթքը կարդալուց առաջ, 2020թ. մայիսի 10-ին:
Նորին Սրբությունը մեկնաբանեց հինգերորդ զատկական կիրակիի Ավետարանական հատվածը (Հվհ. 14, 1-12), որը Հիսուս Քրիստոսի «հրաժեշտի խոսքի» սկիզբն է, երբ Նա հորդորում է մոտալուտ բաժանումից տխուր աշակերտներին չհուզվել. «Թող ձեր սրտերը չխռովվեն»: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Հիսուսի այս խոսքերն ուղղված են բոլորին, քանի որ բոլոր մարդկանց կյանքում էլ լինում են խնդիրներ ու դժվարություններ: «Ինչպե՞ս անենք, որ մեր սիրտը չխռովվի», – ասաց Նորին Սրբությունն ու ընդգծեց, որ Տերը առաջարկում է մեզ երկու միջոց՝ անհանգստության ու վախի դեմ. հավատք առ Հիսուսը և այն բանի գիտակցումը, որ մեզանից յուրաքանչյուրի համար օթևան է պատրաստված Հոր տան մեջ:
«Հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և Ինձ», – ասում է Հիսուսը՝ մխիթարելով աշակերտներին: Այս խորհուրդը կարող է մի քիչ տարօրինակ թվալ: Սակայն Հիսուս կոնկրետ բան է ասում. Նա գիտի, որ կյանքում ամենախոր տագնապն ու անհանգստությունը ծնվում են այն վախից, որ չեմ հաղթահարի, միայնակ կմնամ այն ամենի հետ, ինչ կատարվում է: Նորին Սրբությունը պարզաբանեց. «Այդ անհանգստությունը, որին ավելանում են մի շարք այլ խնդիրներ ևս, անհնար է միայնակ հաղթահարել»: Մենք Հիսուսի օգնության կարիքն ունենք, դրա համար է Նա մեզ խնդրում հավատալ Իրեն, այսինքն՝ ոչ թե ապավինենք ինքներս մեզ, այլ վստահենք Նրան, քանզի Հիսուս հարություն առավ հենց նրա համար, որ միշտ մեզ հետ լինի, որպեսզի մենք կարողանանք ասել. «Հիսու՜ս, ես հավատում եմ, որ Դու հարություն ես առել: Ես հավատում եմ, որ Դու ինձ լսում ես: Քեզ եմ տալիս այն ամենը, ինչն ինձ ահնագստացնում է: Ես հավատում և ապավինում եմ Քեզ»:
Վախից ու անհանգստությունից ազատվելու մյուս եղանակը Հիսուսն արտահայտում է խոսքերով. «Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան: Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու», – շարունակեց Նորին Սրբությունը: Հիսուսը մեզ համար տեղ է պատրաստել Երկնքում: Դա նշանակում է, որ Նա ընդունել է մարդկային բնությունը, որպեսզի այն տեղափոխի երկինք, որ մենք էլ լինենք այնտեղ, որտեղ Նա է: Եվ դա մեզ պետք է մխիթարի, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. կա մի տեղ, որտեղ մեզ սպասում են, որտեղ մեզ գնահատում են: Աստված մեզ սիրում է, մենք Նրա զավակներն ենք: Նա մեզ համար պատրաստել է ամենապատվավոր և գեղեցիկ տեղը՝ դրախտը: Այստեղ, երկրի վրա մենք ժամանակավորապես ենք ապրում.
«Մենք ստեղծված ենք Երկնքի համար, հավերժական կյանքի համար, որպեսզի հավիտյան ապրենք: Հավե՛րժ. դա այն է, ինչի մասին մենք, նույնիսկ, պատկերացում չունենք: Սակայն առավել հրաշալի է գիտակցելը, որ այդ հավերժությունը ուրախության մեջ է լինելու, Աստծո և մյուսների հետ լիակատար շփման մեջ, այլևս չեն լինելու արցունքներ, վեճեր ու տագնապներ»:
Ուղի, որը մեզ տանում է Երկնքի Արքայություն, – դա Ինքը Հիսուսն է: Դրա համար կարևոր է Նրա հետ կենդանի հարաբերություններ պահպանել, Նրան սիրով ընդօրինակել ու հետևել: Մենք՝ քրիստոնյաներս, պետք է ինքներս մեզ հարցնենք. «Ու՞ր եմ ես գնում»:
«Կան ուղիներ, որոնք Երկինք չեն տանում: Դա սրբապղծման, ինքնահաստատման, անձնապաշտ իշխանության ուղին է: Եվ կա Հիսուսի ուղին՝ խոնարհ սիրո, աղոթքի, հեզության, վստահության և ծառայության ուղին: Սա մի ճանապարհ է, որտեղ մենք չենք գլխավոր հերոսները, դա Հիսուսի ուղին է և Նա է մեր կյանքի գլխավոր հերոսը»:
«Մա՜յր Աստծո, Երկնքի Թագուհի՜, օգնի՛ր մեզ հետևել Հիսուսին, Ով մեզ համար բացահայտեց դրախտը», – կոչ արեց Սրբազան Քահանայապետը:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը