Կաթնամթերքն աղքատներին հասցնում է անձամբ Կարդինալ Կրայևսկին
Արտակարգ դրության առաջին իսկ օրվանից՝ COVID-19 համաճարկով պայմանավորված, Վատիկանի Կաստել Գանդոլֆո քահանայապետական ամառանոցում գտնվող ագարակն ամեն օր թարմ կաթով է ապահովում Հռոմի աղքատներին: Մշտապես նրանց կողքին է Պապական Ողորմության ծառայությունը և անձամբ՝ ծառայության ղեկավար կարդինալ Կոնրադ Կրայևսկին:
Ամեն օր՝ առավոտյան ժամը 7-ին, Կաստել Գանդոլֆից Վատիկան են բերում 200 լիտր թարմ կաթ և յոգուրտ: Կարդինալ Կոնրադ Կրայևսկին ինքն է բաժանում այս ամենը աղքատներին: Պապական ամառանոցների տնօրեն Անդրեա Տամբուրելլիի պարզաբանման համաձայն՝ չնայած աջակցության այս ակցիայի գաղափարն ի հայտ եկավ համաճարակի պատճառով, սակայն այն շարունակվելու է նաև դրանից հետո:
Պապական ագարակներում օրական արտադրվում է մոտ 800 լիտր կաթ, որի կեսը տրամադրվում է Վատիկանի սուպերմարկետին, որը նախատեսված է Վատիկանի բնակիչների և նրա աշխատակիցների համար, իսկ մյուս մասը՝ կթումից անմիջապես հետո օգտագործվում է կաթնամթերքի արտադրության համար. յոգուրտ, պանիր, որոնք նույնպես վաճառվում են Վատիկանի սուպերմարկետում: Այսպիսով, ներկայումս կաթի կեսը, որը սովորաբար վաճառվում էր Վատիկանի տարածքում, տրվում է Հռոմի աղքատներին:
Կաստել Գանդոլֆում գտնվող Պապական ագարակը համապարփակ էկոլոգիայի մի օրինակ է, որը լիովին համապատասխանում է Laudato si’ կոնդակին: Այստեղ ամենից առաջ հոգ են տանում մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի մասին: Ագարակում աշխատում է 54 մարդ:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը