• «Հետեւենք Բարի Հովվի ձայնին». Քահանայապետի կիրակնօրյա մարեմական աղոթքի խորհրդածությունը

    «Տերը մեզ մեր անուններով է կանչում, որովհետեւ սիրում է մեզ»


    «Աստծո ձայնն ու հակառակորդի ձայնը խոսում են տարբեր միջավայրերում։ Թշնամին նախընտրում է խավարը, սուտը, չարախոսությունը։ Տերը սիրում է արեւի լույսը, ճշմարտությունը, թափանցիկությունն ու անկեղծությունը»։

     

    2020թ․ մայիսի 3-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն առաքելական պալատի մատենադարանից հնչեցրեց «Ողջ Լեր Թագուհի» մարեմական աղոթքը։ Օրվա ավետարանական խորհրդածությունը վերցված  էր Հովհաննեսի Ավետարանից (Գլ. 10, 3), որտեղ նշվում է, որ «Ոչխարները լսում են Բարի Հովվի ձայնը, եւ Նա իր ոչխարներին անուններով է կանչում»։

     

    «Տերը մեզ մեր անուններով է կանչում, որովհետեւ սիրում է մեզ։ Սակայն Ավետարանն ասում է, որ նաեւ ուրիշ ձայներ կան, որոնց չպետք է հետեւենք․ օտար ձայներ, գողերի եւ ավազակների ձայներ, որոնք ոչխարների բարիքը չեն ուզում»։

     

    «Այս տարբեր ձայները հնչում են նաեւ մե՛ր մեջ». նշեց Նորին Սրբությունը, դա փորձչի ձայնն է, իսկ մենք պետք է սովորենք զանազանել փորձչի ձայնը Աստծո ձայնից։

     

    Փորձչի ձայնը առինքնող է եւ առաջացնում է հրապուրիչ ցնորքներ եւ հմայիչ, սակայն անցողիկ հուզմունքներ։ Մեզ թվում է, թե մենք ամենակարող ենք, սակայն հենց այդ պահին այն լքում է մեզ ներքին անդնդային դատարկության մեջ։ Մինչդեռ Աստծո ձայնը մեզ դիմում է համբերությամբ, այն քաջալերում է, մխիթարում ու միշտ հույս է պարգեւում։

     

    Փորձչի ձայնը քմահաճույք փնտրող ձայն է, որը ցանկանում է ամեն բան անմիջապես ձեռք բերել։ Մինչդեռ Աստծո ձայնը էժան գնով երջանկություն չի խոստանում եւ մեզ հրավիրում է նայելու մեր «ես»-ին, որպեսզի գտնենք իսկական բարիքը՝ խաղաղությունը։ Հիրավի, չարը երբեք խաղաղություն չի բերում։ Այն միայն հուսախաբություն է թողնում։

     

    «Աստծո ձայնն ու հակառակորդի ձայնը խոսում են տարբեր միջավայրերում։ Թշնամին նախընտրում է խավարը, սուտը, չարախոսությունը։ Տերը սիրում է արեւի լույսը, ճշմարտությունը, թափանցիկությունն ու անկեղծությունը», ասաց Սրբազան Քահանայապետը խորհրդածության ավարտին՝ հորդորելով հավատացյալներին ուշադիր լինել ձայներին, որոնք հասնում են մեր սրտին եւ հայցել շնորհ, որպեսզի ճանաչենք ու հետեւենք Բարի Հովվի ձայնին, որը մեզ առաջնորդում է դեպի իսկական ազատություն։

     

    Վատիկան Նյուզ,

    Ռոբեր Ադդարյան

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց