«Ես քեզ ամեն ինչ տվեցի»
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
Այսօրվա խորհրդածությունը թողեցի Պատարագի վերջում, որպեսզի կարողանանք ավելի ըմբոշխնել այսօրվա հիշատակությունը։ Բոլորը գիտեն, որ այսօր Քահանության հաստատման օրն է, բոլորից ստանում ենք շնորհավորանքներ և մաղթանքներ, որ ցանկանում են մեզ պահել քահանության այս վսեմ գահի մեջ։
Սակայն այսօր իրականում Ընդհանրական Եկեղեցու, թե՛ կղերականների և թե՛ աշխարհականների տոնն է՝ մեր բոլորիս տոնն է, որովհետև ոչ միայն քահանայությունը հաստատվեց, այլև՝ Սուրբ Հաղորդության խորհուրդը, երբ Հիսուս վերջին Սուրբ Ընթրիքի ժամանակ ասում է «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինն ու արյունը և արեք սա իմ հիշատակի համար» (Մտթ. 26:26-29):
Այս մեծ խորհուրդը և ուրախությունը տեղի ունեցավ ճի՛շտ Հուդայի դավաճանության և Իր խաչելության նախօրյակին։ Հիսուս Քրիստոսն երբ ասում է․ «Ես քեզ ամեն ինչ տվեցի»՝ նշանակում է, որ Նա տվեց և՛ Իր մարմինը և՛ Իր արյունը և՛ ամբողջական Իր էությունը՝ վասն մեր փրկության, որպեսզի մենք էլ ուրախ լինենք և՛ այս կյանքի ընթացքին և՛ հավիտանական կյանքին ի պատրաստություն։
Սիրելի՛ հավատացյալներ, սիրելի՛ եղբայրներ, ովքեր մեզ հետևում են այս պահին, ունեմ երկու կետեր, որոնք ցանկանում եմ ձեզ հետ միասին խորհրդածենք և որ պատկանում են մեզանից ամեն մեկին։
Այսօրվա հիշատակի առնչությամբ մենք հավատացյալներս՝ սկսյալ առաքյալներից մինչև մերօրյա հավատացյալները և հետևորդները Քրիստոսի, և այսօրվա Խորանի սպասավորները և հավատացյալ ժողովուրդը, մենք ունենք երկու զգեստներ․ մեկը, որ հագնում ենք Քրիստոսի այդ սիրո խորհուրդին, իսկ երկրորդ զգեստը, որը մենք շատ անգամ հագնում ենք, դժբախտաբար, դա Հուդայի զգեստն է։ Հաճախ մենք դավաճանում ենք Քրիստոսին, հաճախ մենք մոռանում ենք Քրիստոսին՝ այն Անձին, այն Աստծուն, Ով իր կյանքը տվեց, որ մենք ուրախ և երջանիկ լինենք և՛ այս աշխարում և՛ ի պատրաստություն հավիտենական կյանքի։
Այս տարի բացառիկ տարի էր․ եկե՛ք չուրանանք, որ մենք բոլորս լինելով վախի մեջ՝ վերադարձել ենք դեպի Քրիստոսը և աղոթում ենք Նրան, որ Նա մեզ պահի և պաշտպանի չարից և՛ հատկապես՝ այս համաճարակից։ Լավ է, որ մենք անդրադառնում և վերադառնում ենք Քրիստոսին, բայց երանի՜ թե մնանք այս վերադարձին հավատարմությամբ մինչև մեր կյանքի վերջ, որովհետև շատ է անգամ է պատահում, երբ մենք հանգիստ ենք, երբ մենք ինքնաբավ ենք, երբ մենք կարողություններով լի, զորավոր ենք, բայց ընդհանրապես չենք հիշում Քրիստոսին, այլ կենտրոնանում ենք մեր կարողությունների վրա՝ կարծելով, որ մենք ենք հեղինակները այդ կարողության։ Ո՛չ սիրելիներ, ինչպես այսօր, մենք վազում ենք դեպի Քրիստոս, դեպի աղոթքը, դեպի ապաշխարհությունը, դեպի զղջումը, դեպի աղերսանքն առ Քրիստոսի, որ Նա մեզ պահի, որովհետև գիտակցում ենք, որ մենք անկարող ենք։ Երբ մահվան զանգը մեզ վրա հասնի, այն ժամանակ մենք կհասկանանք, որ անկարող ենք․ ո՛չ մեր հարստությունները, ո՛չ մեր կարողությունները, ո՛չ մեր հարաբերությունները և ո՛չ իսկ մեր դիրքերը մեզ կարող են ազատել, բացի Քրիստոսի ողորմությունից․․․
Քրիստոսի սերը, որ Իր կյանքի առաջին րոպեից՝ ծնունդից մինչև խաչ, Հիսուս ցույց տվեց մեզ, որպեսզի մենք կարողանանք հավատարիմ մնալ։
Եվ սակայն, թո՛ղ մեր այդ դավաճանությունները չլինեն այնպես, ինչպես Հուդան դավաճանեց, այլ՝ գոնե Սուրբ Պետրոսի դավաճանության նման, որ ունեցավ այդ ուրացումը, սակայն, երբ տեսավ Քրիստոսի հայացքը՝ ընդունեց իր մեղքը և ներողություն խնդրելով՝ մինչև իր կյանքի վերջը ինքն իրեն նվիրեց Քրիստոսի վկայությանը։ Հաճախ մենք նույնպես աչք աչքի ենք տալիս Քրիստոսին՝ հատկապես մեր տկար պահերին։
Ա՛յս է այն, ինչը որ Աստված նախախնամությամբ մեզ տալիս է և տվեց։ Այս համաճարակը ոչ միայն իր բացասական կողմն ունի, այլ նաև դրական կողմն ունի, որով մեզ արթնացրեց, մեզ հիշեցրեց, որ մեկը կա, որ ավելի կարող է, որ ի վեր է այս երկրագնդից և տիեզերքից, և որ կարող է մեզ ազատել։ Եվ Իր օգնությամբ է, որ այս Սուրբ Շաբաթվա ընթացքին հետևելով՝ պետք է խորհրդածենք այս հիանալի հրաշքի մասին. Քրիստոս Իր մարմինն ու արյունը մեզ նվիրելով՝ տվեց և՛ քահանայությունը, և՛ պարտականությունները, և՛ իշխանությունները, որ տվեց Իր առաքյալներին, ինչպես նաև հավատացյալներին, ովքեր Իր հետևորդներն են մինչև այսօր: Տեսնելով՝ զգա՛նք, ապրե՛նք այն չարչարանքները, որ Ինքը տարավ մինչև Խաչ՝ ի պատրաստություն Հարության օրվա, որ է՝ վերջնական ուրախությունը, որ պետք է ապրենք միասին։
Տեքստի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը
Սրբ.՝ Տ. Հովսեփը