• Քահանայապետի աղոթքը և քարոզը՝ Ծաղկազարդի կիրակի

    «Սիրելինե՜ր, հավատքով մտնե՛նք Ավագ Շաբաթ»


    Ծաղկազարդի կիրակնօրյա Սուրբ Պատարագից և Տիրոջ չարչարանքները հիշելուց հետո՝ մինչ առաքելական օրհնություն տալը, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կարդաց «Հրեշտակ Տեառն» աղոթքը։

     

    Ավանդույթի համաձայն Նորին Սրբությունը Աստվածամոր աղոթքով դիմեց հավատացյալներին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Սուրբ Պատարագին՝ ԶԼՄ-ների միջոցով։ Սրբազան Քահանայապետը հատկապես հիշատակեց աշխարհի բոլոր երիտասարդներին, ովքեր առաջին անգամ էին իրենց Համաշխարհային օրը նման պայմաններում նշում․ «Այսօր պետք է տեղի ունենար Խաչի փոխանցումը Պանամայի երիտասարդներից Լիսաբոնի երիտասարդներին։ Սակայն հիշարժան, կարևոր իրադարձությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին։ Այդ օրվա սպասումով, ես բոլոր երիտասարդներին կոչ եմ անում՝ զորացնել հույսը, զարգացնել մեծահոգությունը և համերաշխությունը, միաբանությունը՝ վկայելով այս առաքինությունների մասին, որոնց կարիքն ունենք մենք բոլորս այս դժվարին ժամանակներում», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը։

     

    Այնուհետև Նորին Սրբությունն ասաց, որ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին նշվում է Սպորտի Միջազգային օրը՝ ի նպաստ զարգացման և խաղաղության։

     

    «Այս պահին բազմաթիվ սպորտային մրցումներ են հետաձգվել, սակայն մարդկանց մեջ դրսևորվում են սպորտի լավագույն պտուղները․ համառություն, հավաքական ոգի, եղբայրություն, ինքնանվիրում․․․ Եկե՛ք խթանենք սպորտn` ի նպաստ զարգացման և խաղաղության։

     

    «Սիրելինե՜ր, հավատքով մտնե՛նք Ավագ Շաբաթ, որի ժամանակ Հիսուս չարչարվում է, մահանում և հարություն առնում, – ասաց Նորին Սրբությունը։ – Բոլոր նրանք, ովքեր չեն կարող մասնակցել Սուրբ Պատարագին, ես հորդորում եմ աղոթել տանը՝ օգտագործելով նաև տեխնիկական միջոցները։

     

    Հոգեպես միանա՛նք հիվանդներին, նրանց հարազատներին և այն բժիշկներին, ովքեր անձնվիրաբար բուժում են նրանց, աղոթե՛նք ննջեցյալների համար՝ Զատկական հավատքի լույսի ներքո։ Նրանցից յուրաքանչյուրը մեր սրտերում է, մեր հիշողություններում և մեր աղոթքներում»։

     

    «Եկե՛ք Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնից սովորենք պահպանել ներքին լռություն, վկայել սրտով, հավատալ սիրով, որպեսզի հետևենք Հիսուսի Խաչի ճանապարհին, որը տանում է դեպի Քրիստոսի Հրաշափառ Հարություն։ Սուրբ Կույս Մարիամը քայլում է մեզ հետ միասին և զորացնում է մեր հույսը», իր խոսքը եզրափակեց Սրբազան Քահանայապետը։

     

    Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց