• Քրիստոս գալիս է մտնելու մեր սիրտը, ինչպես մտավ Երուսաղեմ. արդյո՞ք պատրաստ ենք

    «Օվսաննա՛, օրհնյալ ես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ թագավոր Իսրայելի», Հվհ. 2, 13


    Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքով սկսվում է Զատկական կամ Ավագ Շաբաթը՝ Տիրոջ երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունները, որոնք բեկումնային եղան ամբողջ մարդկության եւ տիեզերքի պատմության մեջ:

     

    Ղազարոսին մեռյալ վիճակից հարություն տալուց հետո Հիսուս իր աշակերտների հետ շարժվեց դեպի Երուսաղեմ՝ իր առաքելության նպատակակետը: Նա իր աշակերտներին պատվիրեց բերել մի ավանակ, եւ ինքը ավանակի վրա նստած մտավ սուրբ քաղաքը, որպեսզի իր յուրայինները եւ հրեաները հասկանային մարգարեության կատարումը՝ Օծյալի գալստյան մասին. «Մեծապես ուրախացի՛ր, դուստր Սիոնի, ազդարարի՛ր, դուստր Երուսաղեմի, ահա քո թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը եւ փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա եւ նրա ավանակի վրա», Զաք. 9, 9: Նա մտավ սուրբ քաղաքը՝ որպես իրական թագավոր եւ տեր, որ գալիս է զբաղեցնելու իր գահը՝ բայց ոչ թե բռնությամբ եւ մարդկային թագավորություն հաստատելու նպատակով, ինչը որ սպասում էին հրեաները՝ բացականչելով՝ «Օվսաննա՛, օրհնությու՛ն Դավթի Որդուն»՝ տալով Դավթի անունը, այլ գալիս էր ճշմարտապես «Տիրոջ անունով», ինչպես գրված է սաղմոսներում եւ որը, առանց խորապես հասկանալու, կրկնում էին նրան Երուսաղեմ ուղեկցողներն ու դիմավորողները. «Օրհնյա՛լ ես դու, որ գալիս ես Տիրոջ անունով», Սղմ. 117, 26: Ինչպես բացատրում է Բենեդիկտոս 16-րդ Քահանայապետը (Ժոզեֆ Ռացինգեր, «Հիսուս Նազովրեցի», 2-րդ մաս, գլ. 1), այսպես դիմավորում էին Երուսաղեմ եկող ուխտավորներին: Այսպիսով, Հիսուս Երուսաղեմ մտավ որպես թագավոր եւ ուխտավոր:

     

    Հիսուս՝ թագավորը

     

    Հիսուս մտավ Երուսաղեմ որպես ճշմարիտ թագավոր, որն ամբողջովին հակառակն էր հրեաների մեծամասնության սպասումներին. այս մասին հուշում է էշը, որի վրա նստած՝ մտնում է: Էշը Դավթի թագավորության օրերին օգտագործում էին արքաները, իսկ Հիսուսի օրերին էշին արդեն եկել էր փոխարինելու ձին: Էշը ավելի խոնարհ, բայց եւ միաժամանակ անզիջում կենդանի է, Աստծո կամքի առջեւ խոնարհության եւ Աստծուց տրված արքայական իշխանության նշան: Զաքարիան գրում է, որ Երուսաղեմի թագավորը, որ պիտի գա, «հեզ է՝ նստած էշի եւ էշի քուռակի վրա» եւ ավելացնում է՝ «արդարը եւ փրկիչը»: Ծննդոց գրքում ունենք եւս մեկ ուշագրավ մարգարեություն. «Հուդայից իշխան չի պակասելու եւ ոչ էլ՝ առաջնորդ նրա սերնդից, մինչեւ որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները: Իր ավանակին կկապի որթատունից, իսկ որթատունկի ոստից՝ էշի քուռակին: Իր պատմուճանը կլվա գինով եւ իր հագուստը՝ խաղողի արյամբ», Ծննդ. 49, 10-11: Այստեղ դարերի խորքից կա նաեւ խորհրդավոր մարգարեություն՝ Տիրոջ օծյալի ինքնազոհաբերության մասին. որթատունկը եղավ ինքը եւ իր արյամբ լվաց իր պատմուճանը, որ մարդկային բնությունն է: Հիսուս գալիս էր՝ որպես իր կյանքը իր ժողովրդի համար սպառող, զոհաբերող թագավոր, ճշմարիտ քաջ հովիվ, որ իր կյանքն է տալիս իր ոչխարների համար (տե՛ս՝ Հվհ. 10, 11): Տիրոջ ընտրյալը գալիս է Տիրոջ սուրբ քաղաքը՝ խաղաղություն հաստատելու իր սիրով եւ հեզությամբ, բոլորի համար իր մատուցելիք Զոհով, պատարագվելով թե արդարի եւ թե մեղավորի համար, ջարդելու սրերը եւ խորտակելու աշխարհի հզորների ամբարտավանությունը՝ իր հեզությամբ. «Եւ կոչնչացնի կառքերը Եփրեմից եւ երիվարները Երուսաղեմից. կփշրվի պատերազմող աղեղը… եւ խաղաղությունը կտիրի ջրերին՝ ծովից մինչեւ ծով եւ գետերից մինչեւ երկրի ծագերը», Զաք. 9, 10: Սուրբ Գրքի այս տողերը հաստատում են, որ Հիսուս մտնում էր որպես խաղաղության եւ սիրո թագավոր, կառուցելու սիրո թագավորություն, սիրով հաղթելու ատելությանը եւ սրբությամբ հաղթելու մեղքը, իր բաշխած կյանքով հաղթելու մահը. «Ես եկա, որպեսզի կյանք ունենան եւ առատորեն ունենան», Հվհ. 10, 10:

     

    Հիսուս ուխտավորը

     

    Հիսուս մտավ Երուսաղեմ՝ Տիրոջ սուրբ քաղաքը՝ որպես ուխտավոր՝ իր մարդկային բնությամբ եւ որպես ուխտի Տեր՝ աստվածային բնությամբ՝ իր Անձի մեջ միավորելով եւ վերջնականապես հաշտեցնելով ուխտավոր մարդ արարածին եւ ուխտը կապող Արարչին, իր կյանքով փաստելով, որ հնարավո՛ր է եւ անհրաժե՛շտ է հավատարիմ մնալ Տիրոջ հետ կապած ուխտին՝ հետեւելով եւ նմանվելով Իրեն՝ հավատարիմ ուխտապահին եւ ուխտը առաջարկողին: Մի քանի օր անց՝ Հիսուս խորհրդավոր ընթրիքի ժամանակ յուրայինների եւ ամբողջ աշխարհի հետ կկապի նոր ուխտը՝ կնքված իր Արյամբ, որ փոխարինեց հրեաների բոլոր կենդանական զոհաբերությունների արյանը եւ հեղվեց խաչի վրա՝ ամբողջ մարդկության մեղքերի լվացման եւ քավության համար եւ ամբողջ մարդկության փոխարեն:

     

    Տաճարը

     

    Երբ Հիսուս մտավ Երուսաղեմ, առաջին վայրը, ուր նա մտավ, տաճարն էր. Աստված մտավ այն տաճարը, որը Սողոմոնը կառուցել էր՝ որպես աղոթքի տուն, որպես Տիրոջ հետ կապված ուխտի հանդեպ մարդու հավատարմության մշտական հիշեցում, ուխտի նորոգության վայր: Հիսուս մտավ որպես ուխտավոր եւ ինչպես տանտերը կայցելի իր տունը: Տանտերը մտավ եւ տեսավ, թե ինչպես գողերն ու ավազակները, լումայափոխներն իր տունը դարձրել են ավազակաորջ, եւ դրամների ձայնն առավել բարձր է լսվում, քան աղոթքի ձայնը, դրամային շահույթն ավելի կարեւոր է դարձել, քան՝ հոգեւոր շահը: Հիսուս զայրացավ, չվանից խարազան պատրաստեց եւ վռնդեց բոլորին եւ ասաց Եսայու խոսքերը. «Գրված է՝ իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի», Մտթ. 21, 13: Հովհաննեսն այստեղ գրում է, որ աշակերտները հիշեցին Սուրբ Գրքի խոսքը. «Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի», Սղմ. 68, 9: Հիսուս գործում է որպես Իր աղոթքի տան նկատմամբ նախանձախնդիր Թագավոր եւ Տիրոջ հանդեպ հավատարիմ եւ նախանձախնդիր ուխտավոր, ով սակայն չի եկել բռնության դիմելու: Առեւտրականներին վտարելու դրվագից անմիջապես հետո Մատթեոսը գրում է, որ հիվանդներ եւ կաղեր մոտեցան նրան տաճարում, եւ Հիսուս բժշկեց նրանց: Սա խոսում է այն մասին, որ Հիսուս եկավ տաճարը մաքրելու իր առաջարկած սիրով, շահույթի հետապնդմանը նա հակադրեց իր անսահման եւ բուժիչ բարությունը:

    Եւ տաճարում մանուկներն աղաղակում էին եւ ասում. «Օրհնությու՛ն Դավթի Որդուն», որի համար քահանայապետերն ու դպիրները բարկացան: Մանուկնե՛րն էին, որ հասկանում էին եւ տեսնում Հիսուսի մեջ Աստծո ճշմարիտ ներկայությունը եւ կատարում մարգարեությունը, որի մասին ասաց Հիսուս. «Դուք չե՞ք կարդացել, թե «Երեխաների ու ծծկերների բերանով օրհնությունը կատարեցիր», Սղմ. 8», Մտթ. 21, 16: Փոքրերի օրհնության այս դրվագը հիշեցնում է մեկ այլ դրվագ, երբ երեխաներն ուզում են մոտենալ Հիսուսին, իսկ աշակերտներն ուզում են արգելել, Հիսուս աշակերտներին ասում է. «Թողե՛ք այդ մանուկներն ինձ մոտ գան եւ արգելք մի՛ եղեք նրանց, որեվհետեւ այդպիսիններին է Աստծու Արքայությունը: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով Աստծու Արքայությունը չընդունի մանկան պես, նրա մեջ չի մտնի», Մրկ. 10, 14-15: Հիսուս ուզում է տեսնել մանկան մաքրություն եւ մարդու՝ ինքն իրեն խոնարհեցնելը, Աստծո առաջ մանկան նման դարձնելը, Աստծուն վստահելը բոլորանվեր, երեխայի նման անկեղծ ու անկաշկանդ հրճվելը, երբ գալիս է Տերը: Աստված Հիսուսի անձի մեջ եկավ՝ լինելու փոքրերի, արհամարվածների, աղքատների, լքվածների համար ուղեկից, հավատարիմ, իր անձը դնող ընկեր, եկավ իր արյան գնով փրկելու մեղավորներին, կործանման եզրին հասածներին: Նա եկավ՝ այս բոլորին հրավիրելու իր մոտ, իրեն մոտեցնելու հասարակության լուսանցքներից եւ նոր կյանք տալու նրանց՝ Իր չարչարանքների եւ հարության շնորհիվ:

     

    Հիսուս մտավ Երուսաղեմ եւ գնաց սուրբ քաղաքի սիրտը՝ տաճար՝ մաքրելու այն եւ պատրաստելու նոր տաճարը, որ լինելու էր Իր հոգեւոր մարմինը՝ Իր եկեղեցին, Իր հոգեւոր ընտանիքը, որտեղ պետք է գերիշխի ինքնազոհ սերը եւ ոչ թե սեփական շահը: Երբ հրեաները Նրանից մի նշան ուզեցին, թե ինչ իրավունքով է դուրս հանում առեւտրականներին տաճարից, Հիսուս նրանց ասաց. «Քանդե՛ք այդ տաճարը եւ երեք օրվա ընթացքում կվերականգնեմ այն», Հվհ. 2, 19: Հիսուսի Երուսաղեմ մտնելու, զատկական չարչարանքների, խաչելության եւ Հարության ամբողջ նպատակը Իր հոգեւոր կամ խորհրդավոր Մարմինը՝ Իր Եկեղեցին շինելն էր՝ մարդկությանը դեպի փրկություն առաջնորդելու համար: Հիսուս եկել էր Նոյի նման շինելու մարդկության փրկության տապանը: Եւ սա էր լինելու միակ նշանը՝ անհավատների համար՝ իր չարչարանքները, երեքօրյա մահը, ապա հարությունը. «Հիսուս արդարանում էր Իր չարչարանքներով», ինչպես դիպուկ կերպով գրում է Ռացինգերը: Մեկ այլ տեղ Հիսուս ասում է, թե միակ նշանը, որ տալիս է անհավատ հրեաներին՝ Հովնան մարգարեի նշանն է՝ երեքօրյա ապաշխարության նշանը՝ այն ինչ արեց ինքը՝ ամբողջ մարդկության փոխարեն եւ մարդու աստվածային պատկերը փրկելու համար: Հիսուս եկավ՝ Իր չարչարանքներով, Իր արյամբ կառուցելու իր Հոր նոր՝ հոգեւոր տունը:

     

    Տերը գալիս է նաեւ այսօր եւ միշտ

     

    Հիսուսի մուտքը Երուսաղեմ եւ Աստծո հոգեւոր տան՝ Եկեղեցու կառուցումը շարունակվում է մինչ օրս: Հիսուս այսօր էլ գալիս է յուրաքանչյուրիս մոտ, թակում է մեր սրտերի դուռը եւ ուզում է մտնել ու մաքրել այն՝ ինչպես Երուսաղեմի տաճարը: Մեզնից յուրաքանչյուրը մի սուրբ քաղաք է, մի Երուսաղեմ է Հիսուսի համար, մի նպատակակետ, իսկ մեր սիրտը՝ Աստծո տաճարն է, որը պետք է մաքրագործվի՝ Հիսուսի մուտքով: Մեզ պետք է առաջնորդվել երանի՛ներով, որպեսզի կարողանանք դիմավորել Հիսուսին արժանի կերպով.

    «Երանի՛ սրտով մաքուրներին, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:

    Երանի՛ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը կժառանգեն:

    Երանի հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է Երկնքի Արքայությունը», Մտթ. 5, 1-6:

    Լինել հեզ՝ այնքան, որ մեր հին հագուստները հանենք եւ փռենք մեզ ընդառաջ եկող Հիսուսի ավանակի վրա, սգալ մեղքերի համար եւ բացել մեր սրտերը՝ Տիրոջ առաջ, որպեսզի Ինքը մտնի եւ մաքրի մեզ ներսից՝ վտարելով մեր եսասիրությունը, նյութապաշտությունը, ամեն տեսակ աղտեղությունները եւ դարձնի մեզ Սուրբ Հոգու բնակության մաքուր տաճարներ, ըստ Պողոսի խոսքի. «Կենդանի Աստծո տաճարն եք դուք» Բ Կորն. 6, 16: Եվ այդ ճանապարհով Հիսուս կկարողանա կառուցել իր Եկեղեցին՝ Իր Մարմինը՝ մեզանից յուրաքանչյուրին վերցնելով որպես վեմ, ինչպես Պետրոսին.

    «Մոտեցե՛ք նրան՝ կենդանի Վեմին, որը թեպետ մարդկանցից անարգված, բայց Աստծու առաջ ընտրյալ եւ թանկագին է: Եվ դուք՝ ինչպես կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգեւոր տաճար՝ անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգեւոր զոհեր», Ա Պետ. 2, 4-5:

    Ուրեմն, որպեսզի լինենք Քրիստոսին կրող տաճարներ, որպեսզի Քրիսռոսի հետ միասին կառուցենք նրա հոգեւոր նոր տունը՝ Եկեղեցին, պետք է ընդառաջ գնանք մեզ մոտեցող Հիսուս Քրիստոսին՝ դառնալով մանուկների նման եւ նրանց պես բացականչելով. «Օվսաննա՛, օրհնյալ ես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ թագավոր Իսրայելի», Հվհ. 2, 13: Հիսուսին ընդառաջ գնալ՝ որպես մեր կյանքի թագավորի, նրան ընդունել որպես Տիրոջ ժողովուրդ՝ նոր Իսրայել եւ նոր Երուսաղեմ, որը սկսվում է կառուցվել այստեղ՝ յուրաքանչյուրիս միասնական ջանքերով:

     

    Տիրոջ գալուստն այսօր մեզանից յուրաքանչյուրի սիրտը սկսվում է մկրտությամբ, մոտենում խոստովանությամբ եւ ներմամբ եւ իր լրումին է հասնում Սուրբ Պատարագի ժամանակ՝ հեզությամբ Ինքն Իրեն մեզ մատուցելով հացի եւ գինու թշվառ հատկանիշների տեսքով՝ Սուրբ Հաղորդությամբ:

     

    Տերն այսօր եւ միշտ գալիս է մեզ մոտ որպես թագավոր եւ ուխտավոր՝ տիրելու մեր սրտերին եւ Իր սրբազան ուխտը կնքելու մեզ հետ: Եկե՛ք մտածենք, թե մենք ինչպե՞ս ենք ընդունում նրա գալուստը, պատրա՞ստ ենք արդյոք նրա գալստյանը եւ ուզու՞մ ենք արդյոք, որ գա, թե՞ սպասում ենք, որ գա եւ մի քանի որ հետո հրեաների նման մեր մեղքերով խաչը հանենք Նրան՝ Նրա փոխարեն մեզ մոտ ընդունելով ավազակ Բարաբբային, որպեսզի լռեցնենք մեր խղճի ձայնը, որ, սակայն, երբեք հանգիստ չի տալու մեզ.

     

     «Դու ստեղծել ես մեզ քեզ համար, ո՛վ Տեր,

    եւ մեր սիրտը կլինի անհանգիստ՝

    մինչեւ չգտնի իր հանգիստը Քո մեջ»,

    Սբ. Օգոստինոս, «Խոստովանություններ»:

     

    Տ. Հովսեփ

    Ծաղկազարդի կիրակի,

    5 ապրիլի, 2020

Օրացույց

Օրացույց