• Համաճարակի զոհ դարձավ նաև ֆրանսահայ գործիչ Փաթրիկ Դևեճյանը

    Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի


    Այսօր՝ մարտի 29-ին, Covid-19 կորոնավիրուսով վարակման հետեւանքով վախճանվել է ֆրանսիահայ ականավոր քաղաքական գործիչ, փաստաբան, Հայ Կաթողիկէ Եկեղեցու նվիրյալ զավակ Փաթրիկ Դևեճյանը, 76 տարեկանում:

     

    Փաթրիկ Դևեճյանը ծնվել է 1944թ. օգոստոսի 26-ին ֆրանսիայում, Փարիզում, Ցեղասպանության հետևանքով Ֆրանսիայում հաստատված հայ կաթողիկէ ընտանիքում: Դևեճյանը ստացել է իրավաբանական կրթություն և արդեն երիտասարդ տարիքում հայտնի էր որպես հաջողակ փաստաբան, ապա նաև՝ որպես երիտասարդ քաղաքական գործիչ, գեներալ Շառլ դե Գոլի հիմնած Հանրապետական կուսակցության ակտիվ անդամ: 1983թ. Դևեճյանն ընտրվեց Փարիզի Անթոնի համայնքի ղեկավար և այդ պաշտոնում աշխատեց մինչև 2002թ.: 1986թ. դարձավ նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի անդամ և պաշտոնավարեց մինչև 2002թ.: 2004թ. նշանակվեց Ֆրանսիայի Արդյունաբերության նախարար: 2006թ. Դևեճյանը առաջարկեց Հայոց Ցեղասպանությունը մերժելու համար քրեական պատիժ սահմանող օրինագիծ: 2007թ. ընտրվեց Փարիզի  Hauts-de-Seine նահանգի նահանգապետ: Դևեճյանը նաև դարձավ Ժողովրդական շարժման միություն կուսակցության Գլխավոր քարտուղար: 2008-ին Դևեճյանը դարձյալ մտավ կառավարություն և գլխավորեց տնտեսական հակաճգնաժամային կառավարական գործողությունները:

     

    Ինչպես վկայում են Ֆրանսիայում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականները, Փաթրիմ Դևեճյանը նվիրված էր իր հայկական արմատներին և հոգևոր ինքնությանը, սերտ կապերի մեջ էր հայ կաթողիկէ համայնքի անդամների հետ, հաճախ մասնակցում էր հոգևոր արարողություններին, աղոթական կյանքին և հանդես էր գալիս բարեգործություններով:

     

    Դևեճյանն անցյալ չորեքշաբթի Թուիթերում գրել էր հետևյալը.

     

    «Ես վարակվել էր կորոնավիրուսով, և կարող եմ ուղղակիորեն վկայել, որ բժիշկներն ու քույրերը բացառիկ աշխատանք են տանում: Ես նրանց ասում եմ մեծ «շնորհակալություն»՝ իրենց բոլոր հիվանդներին մշտապես օգնելու համար»:

     

    Տ. Հովսեփ

Օրացույց

Օրացույց