• Սրբազան Քահանայապետի «Հայր մեր» աղոթքն՝ ընդդեմ համաճարակի

    Այս պահին ցանկանում ենք ողորմություն հայցել համայն մարդկության համար, ում սպառնում է կորոնավիրուսի համաճարակի վտանգը


    2020թ. մարտի 22-ին արտասանած «Հրեշտակ Տեառն» աղոթքի ժամանակ Նորին Սրբությունը հրավիրեց աշխարհի բոլոր քրիստոնեական հասարակություններին՝ անկախ նրանց դավանական պատկանելիությունից, այս դժվարին օրերին մարդկությանը սարսափի մեջ գցող եւ սպառնացող համաճարակի պատճառով, մարտի 25-ի կեսօրին համախմբվել ու միասնաբար աղերս բարձրացնել առ Աստված՝ հայցելով Նրա հայրական հովանին, որպեսզի Ամենակարող, բարի եւ ողորմած Տերը լսի աղոթքն իր զավակների, ովքեր հույսով դիմում են Նրան։

     

    Մարտի 25-ի կեսօրին Նորին Սրբությունը սույն խոսքերով դիմեց հավատացյալներին՝ մինչ առաքելական պալատից ուղիղ եթերով «Հայր Մեր» աղոթքի արտասանելը․

     

    «Սիրելի եղբայրնե՛ր եւ քույրե՛ր։ Այսօր աշխարհի բոլոր քրիստոնյաներս հավաքվել ենք, որպեսզի աղոթենք Հայր մերը՝ Հիսուսի մեզ սովորեցրած աղոթքը։

     

    Դիմում ենք Հայր Աստծուն՝ որպես վստահությամբ լի զավակներ: Տերունական աղոթքը մենք կատարում ենք ամեն օր՝ օրը մի քանի անգամ, սակայն այս պահին ցանկանում ենք ողորմություն հայցել համայն մարդկության համար, ում սպառնում է կորոնավիրուսի համաճարակի վտանգը։

     

    Եկե՛ք միասին աղոթենք՝ անկախ տարիքային, լեզվական, ազգային ու քրիստոնեական դավանանքի պատկանելիությունից։

     

     

    Աղոթե՛նք հիվանդների ու նրանց ընտանիքների համար, առողջապահական համակարգի գործիչների ու նրանց օգնականների համար, իշխանությունների, ոստիկանների, կամավորների եւ հոգեւոր հովիվների համար։

     

    Այսօր մեզանից շատերը նշում են Սուրբ Կույս Մարիամի Ավետման  տոնը։ Մենք վստահությամբ ապավինում ենք Աստծուն եւ մեկ հոգով ու սրտով աղոթում ենք․

     

    Հայր մեր որ յերկինս ես,

    սուրբ եղիցի անուն քո.

    Եկեսցէ արքայութիւն քո.

    եղիցին կամք քո.

    որպէս յերկինս` եւ յերկրի.

    Զհաց մեր հանապազորդ

    տուր մեզ այսօր.

    Եւ թող մեզ զպարտիս մեր,

    որպէս եւ մեք թողումք

    մերոց պարտապանաց.

    Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,

    այլ փրկեա զմեզ ի չարէն:

    Զի քո է արքայութիւն

    եւ զօրութիւն եւ փառք

    յաւիտեանս.

    Ամէն

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արեւելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց