• Խորհրդածություն և աղոթք՝ Մեծ Պահոց օրերի համար

    Քայլե՛նք Տիրոջ նախանշած ճանապարհով


    Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ,

     

    Որքա՜ն խաբուսիկ է այս կյանքը, որ մենք ենք ապրում: Մեր ողջ կյանքը փորձում ենք ապրել հանուն մեր անձի երջանկության եւ հաջողության, եւ շատ հաճախ, մտածում ենք ոչ թե այն ամենի մասին, ինչ Աստված է մեզ պարգեւել, այլ՝ ինչ մե՛զ է հաճելի: Փորձում ենք ապրել քրիստոնեավայել կյանքով, բայց ուզում ենք ունենալ ամեն բան եւ ամեն ինչ: Շատ անգամ Աստված իր ձեռքն է մեկնում, իր շնորհներն է տալիս, որպեսզի կարողանանք ապրել քրիստոնյային վայել կյանքով, սակայն, այդ շնորհներն օգտագործելու փոխարեն՝ նմանվում ենք մեր նախածնողներին. «Կի­նը տե­սաւ, որ ծա­ռի պտու­ղը լաւ է ու­տե­լու հա­մար, ակ­նա­հա­ճոյ է ու գրա­ւիչ՝ ըմ­բռ­նե­լու հա­մար: Նա առաւ նրա պտ­ղից, կե­րաւ ու տուեց իր մօտ կան­գ­նած ամուս­նուն, եւ նրանք կե­րան» (Ծննդոց 3:6-7):

     

    Անցել են դարեր, սակայն մենք շարունակում ենք ապրել մեր այս նախամոր օրինակով. մեզ համար եւս հաճելի, ակնահաճո եւ գրավիչ է մեր այս կյանքը, որ վայելում ենք: Մենք այս նույն իրավիճակի մեջ ենք, եւ Տեր Աստված հաճախ հարցնում է. «Ո՞ւր ես», եւ, պետք է քաջություն ունենանք՝ ասելու մեր Տիրոջը. «Ես լսեցի քո ձայնը եւ ամաչեցի, որովհետեւ չպահեցի այն խոսքերը, որ դու ինձ ասացիր. չուտել ծառի այն պտղից, որպեսզի չմեռնենք»:

     

    Այդ ժամանակվանից Աստծո Խոսքը եղավ որպես դատաստան մարդկության համար, որովհետեւ Աստծո փափագը մարդուն երջանիկ տեսնելն է:

     

    Անհնազանդություն եղավ մարդու կողմից եւ շարունակվում է մինչ օրս, սակայն Տեր Աստված չմոռացավ իր ստեղծյալներին՝ Ադամին եւ Եվային, եւ «…կա­շուից զգեստ­ներ պատ­րաս­տեց ու հագ­ց­րեց նրանց» (Ծննդոց 3:21): Անգամ այս անհնազանդության պարագայում Աստված չմոռացավ մարդուն: Եվ Տեր Աս­տված ասաց. «Ահա Ադա­մը դար­ձաւ մեզ նման մէ­կը, նա գի­տէ բա­րին եւ չա­րը: Արդ, գու­ցէ նա ձեռ­քը մեկ­նի, քա­ղի կե­նաց ծա­ռից, ու­տի եւ ան­մահ դառ­նայ»: Եւ Տէր Աս­տուած ար­տաք­սեց նրան բեր­կ­րու­թեան դրախ­տից, որ­պէս­զի նա մշա­կի այն հո­ղը, որից ստեղ­ծուել էր (Ծննդոց 3:22-23):

     

    Որքա՜ն տարօրինակ եւ հուզիչ է այս ամբողջ ընթացքը. մի կողմից մարդը փորձում է նմանվել իր Արարչին, մյուս կողմից անհնազանդություն է ցուցաբերում Նրա նկատմամբ եւ խոստովանում, որ չի հնազանդվել Աստծո կամքին: Այս ընթացքը մեր ամբողջ կյանքի նկարագիրն է. չընդունել, խոստովանել եւ առաջնորդվել նախկին մեղքով:

     

    Եվ Աստված ձեռք մեկնեց մեզ՝ ասելով հետեւյալը. «Թշ­նա­մու­թիւն պի­տի դնեմ քո եւ այդ կնոջ մի­ջեւ, քո սերն­դի ու նրա սերն­դի մի­ջեւ: Նա պի­տի ջախ­ջա­խի քո գլու­խը, իսկ դու պի­տի խայ­թես նրա գար­շա­պա­րը» (Ծննդոց 3:15):

     

    Աստծո խոստումը մնաց եւ կատարվեց Բեթղեհեմում՝ քարայրի մեջ ծնված մանուկ Հիսուսով, որի ծնունդը ազդարարեցին հրեշտակները. «Մի՛ վա­խե­ցէք, որով­հե­տեւ ահա ձեզ մեծ ու­րա­խու­թիւն եմ աւե­տում, որն ամ­բողջ ժո­ղո­վր­դի­նը կլի­նի. քանզի այ­ս­օր Դաւ­թի քա­ղա­քում ձեզ հա­մար ծնուեց մի Փր­կիչ, որ օծեալ Տէրն է» (Ղուկ. 2:10-11):  «Փա՜ռք Աստ­ծուն բար­ձունք­նե­րում, եւ եր­կ­րի վրայ խա­ղա­ղու­թի՜ւն, եւ հա­ճու­թի՜ւն մարդ­կանց մէջ» (Ղուկ. 2:14): Մանուկ Հիսուսն ի սկզբանե յուրաքանչյուրիս մեջ խաղաղություն եւ հաշտություն է փնտրում, եւ մենք ենք, որ ընդունում կամ հրաժարվում ենք այդ խաղաղությունից, սիրուց եւ հաշտությունից: Մեր մեջ արդյո՞ք պակասել է սերը, մեր մեջ արդյո՞ք պակասել է խաղաղությունը… մեր մեջ ավելացել է այն նույն զգացումը. «Նմանվե՜նք Աստծուն՝ առանց Աստծուն մեր մեջ ունենալու»: Եվ սա՛ է մեզանից յուրաքանչյուրի մեջ եղած դատարկությունը: Ո՞վ եմ ես եւ ինչքա՞ն կարող եմ ապրել առանց Աստծո, ապրել առանց Նրա, ով ինձ ստեղծեց, ով իր սիրուց ինձ բաժին տվեց, Իր Հոգուց ինձ հոգի տվեց, ով ամեն անգամ փորձում է իմ ձեռքը բռնել եւ ասել. «Մի՛ վախեցիր, արի՛ ինձ մոտ, որովհետեւ ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը»:

     

    Գիտենք, որ թերահավատությունը մեր կյանքի անբաժանելի մասն է եւ, երբ մենք խորասուզվում ենք կյանքի ալիքների մեջ՝ միշտ կանչում ենք աշակերտների նման. «Տէ՛ր, փր­կի՛ր մեզ, որով­հե­տեւ կոր­չում ենք»: Նրանց ասաց. «Ին­չո՞ւ էք վախ­կոտ, թե­րա­հա­ւատ­նե՛ր»: Այնժա­մ վեր կե­նա­լով՝ սաս­տեց հող­մե­րին ու ծո­վին, եւ մեծ խա­ղա­ղու­թիւն եղաւ» (Մտթ. 8:25-26): Այսօր էլ մեր կյանքի մեջ այսպիսի փոթորիկներ կան եւ միշտ էլ լինելու են, մենք խառնված ենք ծովի այս ալիքներին՝ ես, դու եւ նա, եւ նույն այս մտածումն ունենք. «Տէ՛ր, փր­կի՛ր մեզ, որով­հե­տեւ կոր­չում ենք», ու դարձյալ նույն պատասխանն ենք ստանալու. «Մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ այսօր, վաղը եւ հավիտյան»:

     

    Քայլե՛նք Տիրոջ նախանշած ճանապարհով: Այդ ճանապարհին են հույսը, հավատը եւ սերը: Հավատա՛ այսօրվան, հուսա՛ վաղվա օրվան, սիրի՛ր մարդ արարածին, ում Աստված ստեղծեց եւ մի՛ վախեցիր, որովհետեւ Աստված միշտ քեզ հետ է: Հուսալով եւ սիրելով կարող ես մտնել այն հանգրվանի մեջ, որն ի սկզբանե ստեղծված էր յուրաքանչյուրիս համար, այն է՝ Երկնքի արքայությունը:

     

    Եվ ուրեմն, սիրելինե՛ր, հիշե՛նք մեր Տիրոջ պատվիրանները.

    Պատվի՛ր քո հորն ու մորը,

    Մի՛ սպանիր,

    Մի՛ գողացիր,

    Քո հարեւանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր,

    Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա, ո՛չ նրա աղախնու վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր (Ելք 20:12-17):

     

    Առ այսօր, նույն հրամայականը դրված է յուրաքանչյուրիս առջեւ: Ուրեմն, սիրելի՛ ժողովուրդ, եկե՛ք պահենք այդ բոլորը եւ առաջնորդվենք Առակած Գրքի հետեւյալ խոսքերով.

     

    «Որդյա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր Նրա հանդիմանությունը, քանզի Տերը ում սիրում է՝ նրան խրատում է եւ պատժում նրան՝ ում ընդունում է որպես որդի: Երանի՜ այն մարդուն, որ իմաստություն կգտնի» (Առ. 3: 12-13). Ամեն:

     

    Աղոթք

     

    Տե՜ր իմ Հիսուս Քրիստոս,

    Դու ասացիր՝ մի՛ վախեցիր, արի՛ ինձ մոտ։ Եվ ինչպես Պետրոսը չվախեցավ և քայլեց ծովի վրա, մի՜ թող, որ երկմտեմ, ինչպես Պետրոսը։ Թույլ մի՜ տուր, որ ընկղմվեմ և ձեռքս նորից մեկնեմ Քեզ, այլ զորացրու և ավելացրու հավատքն իմ։ Դո՛ւ ես իմ հույսը և փրկությունը, Դո՛ւ ես իմ ապավենը։ Այս փորձության պահին առաջնորդի՜ր ինձ, որպեսզի չվախենամ, չերկմտեմ և վստահությամբ քայլեմ դեպի Քեզ։ Քեզանից է իմ կյանքը, և Դու ես իմ ապավենը, ինձ ոչինչ չի պատահի, քանզի Դու իմ մեջ ես և ես՝ Քո մեջ։ Վստահում և ապրում եմ Քո ամենամեծ նախախնամությամբ։ Օգնի՜ր և պահպանիր մեզ ամեն փորձությունից և ամեն վախից։ Ամեն։

     

    Տեր Գրիգոր Ավգ. Քհն. Մկրտչյան

    Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ

    Աթոռանիստ Եկեղեցւոյ Ժողովրդապետ

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments