«Եկե՛ք հոգ տանենք մեր Արարիչ Աստծո ստեղծած աշխարհի մասին»
Մարտի 3-ի կեսօրին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը հատուկ տեսաուղերձ հրապարակեց, որում ամբողջ աշխարհի կաթողիկէ համայնքներին կոչ է անում 2020թ. մայիսին անցկացնել «Laudato Si’» վերտառությամբ իր շրջաբերական նամակին նվիրված շաբաթ: Այս միջոցառումը կաթողիկէ ծխերում, միաբանություններում, թեմերում, դպրոցներում և այլ հաստատություններում առիթ կհանդիսանա Նորին Սրբության շրջաբերականի շուրջ լրացուցիչ խորհրդածությունների և համապարփակ բնապահպանական ծրագրերի կոնկրետ իրագործման համար՝ համահունչ պապական փաստաթղթի դրույթներին:
Սրբազան Քահանայապետը տեսաուղերձում իսպաներեն լեզվով ասում է հետևյալը.
«Ինչպիսի՞ աշխարհ ենք մենք ցանկանում թողնել մեր հաջորդ սերունդներին: Այս հարցով անհանգստացած՝ ես հրավիրում եմ ձեզ 2020թ. մայիսի 16-24-ին մասնակցել «Laudato Si’» նվիրված շաբաթին: Սա «Laudato Si’» հինգերորդ տարեդարձի առթիվ համաշխարհային արշավ է, որը նվիրված է համընդհանուր տան հոգատարությանը, խնամքին: Ես կրկին համառորեն պնդում են պատասխանել բնապահպանական ճգնաժամին, քանզի Երկիր մոլորակի և աղքատների աղաղակը այլևս չեն կարող սպասել: Եկե՛ք հոգ տանենք մեր Արարիչ Աստծո ստեղծած աշխարհի մասին: Միասին «Laudato Si’»-ին նվիրված շաբաթ անցկացնենք: Թող Աստված ձեզ օրհնի, և չմոռանաք աղոթել ինձ համար: Շնորհակալություն»:
Այս առիթով Սուրբ Աթոռի Մարդու ամբողջական զարգացման Վարչությունը, տասնյակ եկեղեցական և բարեգործական կազմակերպութոյւնների հետ միասին, հորդորում է կաթողիկէ համայնքներին նախապատրաստվել «Laudato Si’»-ին նվիրված շաբաթին: Նրանք նաև հատուկ վեբ-կայք են ստեղծել (www.laudatosiweek.org), որտեղ տեղադրված են լրացուցիչ օժանդակող նյութեր՝ վեց լեզուներով:
2015թ. մայիսի 24-ին հրապարակված «Laudato Si’» շրջաբերականի հինգերորդ տարեդարձն համընկնում է միջազգային խոշոր իրադարձությունների հետ, որոնց օգնությամբ մարդկությունը ձգտում է ելք գտնել բնապահպանական ճգնաժամից, որի մասշտաբներն ու տեմպերը շարունակում են աճել: Այս տարի երկրները պետք է ներկայացնեն Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու համար իրենց մշակած ծրագրերը՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում (2015 թ.): Այս տարի նաև կանցկացվի ՄԱԿ համաժողովը՝ կենսաբազմազանության թեմայով. այս հանդիպման ժամանակ մարդկությունը հնարավորություն կունենա մշակելու հատուկ ծրագրեր՝ խնամքի կարքի ունեցող վայրերի ու կեդնանիների տեսակների համար:
Մայիսի 24-ին Ֆրանցիսկոս Պապը կնշի շրջաբերականի հիգերորդ տարեդարձը՝ Իտալիայի Կամպանիա մարզում գտնվող «Կրակե երկիր» այցելությամբ, որտեղ հրդեհներն ու թունավոր թափոններն ավերել են այն, ինչը ժամանակին արարչագործության գեղեցիկ անկյուն էր համարվում:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը