• «Ուշադիր եղե՛ք, սատանայի հետ երկխոսություն մի՛ սկսեք». Ֆրանցիսկոս

    «Այսօր ևս սատանան ներխուժում է մարդկանց կյանք՝ նրանց փորձության մատնելու համար, նրանց հրապուրիչ առաջարկներ ներկայացնելով»


    2020թ. մարտի 1-ին Սրբազան Քահանայապետն իր գրասենյակի պատուհանից արտասանեց «Հրեշտակ Տեառն» Աստվածամոր Աղոթքը՝ Սուրբ Պետրոսի հրապարակում համախմբված հազարավոր ուխտավորների ներկայությամբ:

     

    Աղոթքից առաջ Նորին Սրբությունը՝ ոգեշնչվելով օրվա ավետարանական ընթերցումից, ներկայացրեց ավանդական խորհրդածությունը:

     

    «Սիրելի՛ եղբայրներ և քույրեր բարի լո՛ւյս», ասաց Սրբազան Քահանայապետը,- Քառասնորդացի այս կիրակիի առթիվ Ավետարանը (Մտթ. 4, 1-11) պատմում է, որ Հիսուս՝ Հորդանան գետում մկրտվելուց հետո, «Սուրբ Հոգուց տարվեց անապատ՝ սատանայից փորձվելու համար»։ Նա պատրաստվում է սկսել Երկնքի Արքայության քարոզության իր առաքելությունը և դա անում է՝ 40 օր ծոմ պահելով:

     

    Ծոմապահության ավարտին փորձիչը՝ սատանան, ներխուժում և երեք անգամ փորձում է Հիսուսին։

     

    Առաջին փորձության ժամանակ սատանան՝ հիմնվելով Հիսուսի քաղցած լինելու հանգամանքի վրա, Նրան առաջարկում է, որ քարերը հացի վերածի, քանի որ Աստծո Որդին է։ Սակայն Հիսուս նրան հստակ պատասխան է տալիս. «Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»:

     

    Երկրորդ փորձության ժամանակ սատանան ավելի խորամանկ է գործում՝ մեջբերելով խոսքեր Սուրբ Գրքից։ Նա Հիսուսին տանում է սուրբ քաղաք և կանգնեցնում տաճարի աշտարակի վրա ու ասում. «Եթե Աստծո Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետև գրված է՝ իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, և ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի երբեք քո ոտքը քարին չխփես»: Այստեղ ևս Հիսուս շփոթության չի մատնվում, որովհետև նա, ով հավատում է գիտի, որ Աստծուն պետք չէ փորձել, այլ հարկավոր է վստահել Նրա բարությանը։ Դրա համար Հիսուս սատանային տալիս է հետևյալ պատասխանը. «Գրված է՝ քո Տեր Աստծուն պիտի չփորձես»:

     

    Երրորդ փորձությունը բացահայտում է սատանայի իսկական դիտավորությունը, որովհետև Երկնքի Թագավորության գալուստը նշանակում է նրա պարտությունը, և դրա համար նա ամեն ջանք թափում է Հիսուսին իր առաքելությունից շեղելու համար:

     

    «Սատանան նորից Նրան առավ տարավ մի շատ բարձր լեռան վրա և ցույց տվեց Նրան աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը ու Հիսուսին ասաց. «Այս բոլորը քեզ կտամ, եթե գետին ընկնելով ինձ պաշտես»: Այն ժամանակ Հիսուս պատասխանում է. «Ետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է՝ պիտի երկրպագես քո Տեր Աստծուն և միայն Նրա՛ն պիտի պաշտես»:

     

    «Հիսուս մեզ սովորեցնում է, որ երբեք պետք չէ սատանայի հետ երկխոսություն հաստատել։ Հիսուս, արդարև, վտարում է սատանային կամ ինչպես այսօր, նրան պատասխանում է Սուրբ Գրքի խոսքերով։ Ուշադիր եղե՛ք, սատանայի հետ երկխոսություն մի՛ հաստատեք», ասաց Ֆրանցիսկոս Պապը՝ ընդգծելով, որ «այսօր ևս սատանան ներխուժում է մարդկանց կյանք՝ նրանց փորձության մատնելու համար, նրանց հրապուրիչ առաջարկներ ներկայացնելով: Նա իր ձայնը խառնում է բազմաթիվ այն ձայներին, որոնք փորձում են ընտելացնել մարդկային խիղճը։

     

    «Հիսուսի փորձառությունը մեզ սովորեցնում է, որ փորձությունը մի փորձ է ընդունելու Աստծո ճանապարհների այլընտրանքային ուղիները, որոնք մեզ բավարարության զգացում են պարգևում, բայց պատրանքային են, որովհետև արագորեն պետք է անդրադառնանք, թե որքանով որ Աստծուց հեռանանք, այնքանով մենք մեզ կզգանք անապահով ու տկար՝ գոյության մեծ հարցերի դիմաց»,-հավելեց Նորին Սրբությունն ու խորհրդածությունը եզրափակեց՝ հայցելով Սուրբ Կոյս Մարիամի օգնությունը։

     

    «Սուրբ Կույս Մարիա՛մ՝ Հիսուսի Մա՛յր, որ ճզմեցիր օձի գլուխը, մեզ օգնի՛ր այս քառասնորդաց շրջանի ընթացքում արթուն մնալ ու հսկել փորձություններին և ոչ մի ձևով չհամակերպվել աշխարհի կուռքերին, այլ՝ չարի դեմ պայքարում հետևել Հիսուսին, որպեսզի Նրա հետ միասին ու Նրա նման մենք էլ հաղթական լինենք։

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց