«Դու՛ ես վեմը և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին»
Փետրվարի 22-ին նշվեց Սուրբ Պետրոսի գահի տոնը, որը հատկանշում է Քրիստոսի՝ Սուրբ Պետրոսին պարգևած Վարդապետի և Հովվի առաքելությունը և Իրենից հետո Նրա հաջորդներին փոխանցված այդ իշխանությունը։ «Դու՛ ես վեմը և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին», ասաց Տեր Հիսուսը Սուրբ Պետրոսին, ով այնուհետև դավանելով Տեր Հիսուսին՝ ասաց. «Դու ես Քրիստոսը՝ Կենդանի Աստծո Որդին»։
Վերոնշյալ տոնի առթիվ Արևելյան Եկեղեցիների Ժողովի կառավարիչ կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով Իտալիայի Պարի քաղաքում մասնակցում է «Միջերկրականը՝ խաղաղության սահմանագիծ» բնաբանով՝ Միջերկրականի հետ կապ ունեցող քսան երկրների եպիսկոպոսների ու պատրիարքների համաժողովին, (որին մասնակցում է նաև Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը), Պարիի Աթոռանիստ եկեղեցում գլխավորեց Սուրբ Պատարագի արարողությունը, որին իրենց մասնակցությունը բերեցին վերոնշյալ համաժողովին մասնակցող եպիսկոպոսներն ու պատրիարքները։
Սրբազան արարողության ընթացքում արտասանած քարոզում Ծիրանավորը «Հանդիպման, ունկնդրության և աղոթքի» համաժողովի օրերը որակեց օրհնված՝ ակնարկելով նաև տոնի զուգադիպության մասին՝ այն համարելով Սուրբ Պետրոսի հաջորդին ընդունելու պատրաստություն, ով Պարի քաղաք է ժամանելու փետրվարի 23-ին։
Այնուհետև Կարդինալ Սանդրին նշեց, որ «Հովիվները, ովքեր Սուրբ Պետրոսի հաջորդի հետ միասին իրար են հանդիպում, իրենց հետ բերում են հավատացյալների ցավերը, հոգսերը, ուրախություններն ու հույսերը, և հարցերի հետ միասին նրանք դարձյալ կհամակվեն հավատքով, հույսով ու սիրո լույսով, լույս, որը շողշողում է նույնիսկ ամենամութ գիշերվա մեջ»։
«Քրիստոս Սուրբ Հաղորդության մեջ ինքն իրեն պարգևում է որպես կերակուր և Հովիվ. Հիսուս կարող է լինել միայն մոմի նման, որ վառելով հալչում է, սակայն լուսավորում է աշխարհի խավարը». ասաց Կարդինալ Սանդրին իր քարոզում, որի ավարտին բոլոր ներկաներին հրավիրեց աղոթելու նաև Պարիի մեջ կայացած հավաքի համար։
Ռոբեր Ադդարյան
Vatican News
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը