• «Ֆրանցիսկոս Պապը խնդրեց, որ հայերը հավատարիմ մնան իրենց ավանդույթներին և հավատքին»

    Արհ. Տ Միքայել Եպիսկոպոս Մուրադյանը Միացյալ Նահանգների և Կանադայի արևելածես եկեղեցիների եպիսկոպոսների հետ միասին հանդիպում ունեցավ Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապի հետ։


    2020թ․ փետրվարի 20-ի առավոտյան Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, ի թիվս այլ պաշտոնական հանդիպումների, ունկնդրություն շնորհեց  Միացյալ Նահանգների և Կանադայի Արևելածես Եկեղեցիների եպիսկոպոսներին, որոնց թվում էր նաև Արհ. Միքայել եպիսկոպոս Մուրադյանը՝ Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի հայ կաթողիկէների առաջնորդը։

     

    Վերոնշյալ հանդիպումը տեղի ունեցավ Միացյալ Նահանգների եպիսկոպոսների Սուրբ Պետրոսի հաջորդին տված հնգամյա կանոնական այցելության շրջանակներում։ Նրանք բացի Ֆրանցիսկոս Պապի հետ ունեցած ունկնդրությունից, հանդիպումներ ունեցան նաև Վատիկանի այլ վարչությունների պատասխանատուների հետ։

    Անդրադառնալով Ֆրանցիսկոս Պապի հետ ունեցած հանդիպմանը՝ Արհ. Տ. Միքայել Եպս. Մուրադյանը Վատիկան Նյուզ – Ռադիո Վատիկանի հայկական բաժնի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց, որ ինքը հարց է տվել Սրբազան Քահանայապետին, թե ի՞նչ պատգամ կցանկանա, որ եպիսկոպոսները փոխանցեն իրենց հավատացյալներին, և Սրբազան Քահանայապետը, որ Բուենոս Այրեսում շփում էր ունեցել Արևելածես Եկեղեցիների հետ ու լավ է ճանաչում նրանց իրականությունն ու յուրահատկությունները, պատասխանել է․

    «Ձեր հավատացյալներին ասացեք, որ հավատարիմ մնան իրենց ավանդույթներին ու հաստատ իրենց հավատքի մեջ՝ հիմնված Քրիստոսի վրա և արմատացած Նրա մեջ»։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Ռոբեր  Ադդարյան

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց