Կրթական գործընթացի կենտրոնում միշտ մարդն է՝ իր ամբողջականությամբ
Կրթությունը կրկնվող գործողություն չէ, այն աճի ու հասունացման արվեստ է, այդ իսկ պատճառով այն երբեք չի կարող տեղում կանգ առնել. կրթությունը շարժում է, որը նպաստում է անձի լիարժեք զարգացմանն՝ իր անհատական և սոցիալական հարթություններում: Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց սա Վատիկանի Միաբանության կաթողիկէ կրթության լիագումար ժողովի մասնակիցներին: Հանդիպումը կայացավ փետրվարի 20-ին, Վատիկանում:
Պարզաբանելու համար, թե ինչու է կրթությունը հանդիսանում շարժում, Ֆրանցիսկոս Պապն առանձնացրեց այն բնորոշող մի քանի հիմնական հատկանիշներ: Նախ, այն բնապահպանական շարժում է՝ այն իմաստով, որ կրթական գործընթացի կենտրոնում միշտ մարդն է՝ իր ամբողջականությամբ. ուսուցման շնորհիվ մարդը ճանաչում է ինքն իրեն, համընդհանուր տունը, որտեղ նա ապրում է և մարդկության մեջ բացահայտում է եղբայրական հարաբերություններ՝ իրենց մշակութային բազմազանությամբ հանդերձ: Կրթական շարժումը նպաստում է «բնապահպանական հավասարակշռության տարբեր մակարդակների վերականգմանը՝ ներքին հավասարակշռություն ինքդ քեզ հետ, համերաշխ հավասարակշռություն մյուսների հետ, բնական հավասարակշռություն բոլոր կենդանի էակների հետ, հոգևոր հավասարակշռություն Աստծո հետ»:
Կրթությունը ներառական շարժում է՝ մեթոդի տեսանկյունից. Ներառական՝ բոլոր նրանց համար, ովքեր մերժված են: Այս շարժումն իր մեջ ընդգրկում է կրթական ակցիաներ՝ հօգուտ փախստականների, մարդավաճառության զոհերի, գաղթականների, բոլոր մարդկանց՝ անկախ նրանց սեռական, կրոնական ու ազգային պատկանելիությունից: «Ներառականությունը ժամանակակից, արդի գյուտ չէ, այլ քրիստոնեական փրկարար ուղերձի բաղկացուցիչ մասն է»:
Կրթությունը նաև հաշտեցնող, խաղաղեցնող շարժում է: Այն իր հետ բերում է խաղաղություն և դառնում ուժ՝ ընդդեմ «էգոլատրիայի», որը ծնում է վեճեր, անջրպետներ սերունդների, մշակույթների ու ժողովուրդների, տղամարդկանց ու կանանց, տնտեսության ու էթիկայի, մարդկության ու շրջակա միջավայրի միջև: Առճակատման այս բոլոր տեսակներն իրենց մեջ թաքցնում են վախը` բազմազանության և տարբերությունների նկատմամբ:
Կրթությունը նաև թիմային շարժում է: Այն երբեք չի իրականացվում մեկ անձի կամ հաստատության կողմից: Դպրոցն այն կենտրոնն է, որի գործունեությանն ու զարգացմանը մասնակցում են ընտանիքներ, մանկավարժներ, բազմաթիվ մշակութային, հասարակական ու կրոնական միություններ, քաղաքացիական հասարակությունը և ողջ մարդկային համայնքը»:
Իր ելույթի ավարտին Սրբազան Քահանայապետը ժողովի մասնակիցներին մաղթեց հաջողություն` առաջադրված խնդիրների հաղթահարման գործընթացում, հատկապես, կաթողիկէ կրթության հատուկ համաշխարհային մոնիտորինգային կենտրոն ստեղծելու գործում, ինչպես նաև որակների բարձրացում ու եկեղեցական կրթական ծրագրերի բարեփոխում: Նա կոչ արեց ուշադրություն դարձնել հովվական աշխատանքներին համալսարաններում` որպես ավետարանացման նոր միջոց:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը