«Ֆրանցիսկոսին ևս մեկ անգամ հաջողվեց հիասթափեցնել բոլոր նրանց, ովքեր սպասում էին սև-սպիտակ երանգներով պատասխանի»
Օրեր առաջ Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետը հրապարակեց մի ուղերձ՝ «Querida Amazonia»՝ «Սիրելի Ամազոնի ավազանը» վերտառությամբ, որտեղ խոսում է Ամազոնիայի խնդիրների շուրջ 2019-ին հրավիրված սինոդի և Ամազոնիայի հեռանկարների մասին:
«Ֆրանցիսկոս Քահանայապետը կոչ է անում ընդլայնել մտահորիզոնը՝ չառաջարկելով հապճեպ պատասխաններ». այսպես մեկնաբանեց Ավստրիայի Արքեպիսկոպոս, ականավոր աստվածաբան կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնը հետսինոդական առաքելական Querida Amazonia ուղերձը՝ Vatican News-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Ուղերձի որոշ տարրերում, – ասաց Կարդինալը, – ես տեսնում եմ Ֆրանցիսկոս Պապի հրավերքը հնարավորինս արդյունավետ օգտագործել բոլոր ուղիները, որոնք նախկինում մինչև վերջ չեն օգտագործվել՝ քահանաների սակավության խնդիրը լուծելու համար, և, միևնույն ժամանակ, այս իրավիճակից դուրս գալու համար, անհապաղ չդիմել ամուսնացած հոգևոր լավ նկարագիր ունեցող տղամարդկանց ձեռնադրությանը և լատին ծեսում ունենալ նաև ամուսնացած հոգևորականություն»: «Իր ուղերձով Սրաբազան Քահանայապետը չի ցանկանում կրկնել կամ փոխարինել Սինոդի փաստաթուղթը: Իսկապես, նա ոչ մի տեղ այն չի մեջբերում, սակայն խորհուրդ է տալիս ամբողջությամբ այն կարդալ: Նորին Սրբությունը ցանկանում է Սինոդում ասվածին ավելացնել իր խորհրդածությունները՝ ընդհանրացնելով կարևոր հարցերից մի քանիսը, որոնք նրան արդեն իսկ անհանգստացրել են Ամազոնիայի հետ կապված, որոնց մասին նա ավելի վաղ հիշատակել է այլ փաստաթղթերում: Ֆրանցիսկոս Քահանայապետը ցանկանում է անել հնարավոր ամեն ինչ՝ սինոդական ճանապարհի ներդաշնակ, բեղմնավոր և ստեղծագործ ընկալումն ապահովելու համար»:
ԶԼՄ-ների քննարկումների մեծ մասը վերաբերում էր ամուսնացած սարկավագների քահանայական ձեռնադրությանը: Ինչպիսի՞ հեռանկար է առաջարկվում հետսինոդական ուղերձի տեքստում:
«Ֆրանցիսկոսին ևս մեկ անգամ հաջողվեց հիասթափեցնել բոլոր նրանց, ովքեր սպասում էին սև-սպիտակ երանգներով պատասախանի: Նա մեկ անգամ ևս փորձում է բարձրացնել, ընդարձակել ու խորացնել հեռանկարը՝ երկու դիրքորոշումների միջև առաջացած տարաձայնություններն հաղթահարելու համար: Ֆրանցիսկոսն ընդգծում է «սիրելի Ամազոնիայի» աննախադեպ բարդությունը: Նա ձեռքի տակ չունի պարզ լուծումներ, սակայն ավետարանական ուրախությունը նրան հույս է ներշնչում, որը թույլ չի տալիս վհատվել»:
Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ ողջ քրիստոնեական կյանքի աղբյուրն ու գագաթնակետը հանդիսանում է Սուրբ Պատարագը: Դա ի՞նչ կարող է նշանակել համայնքի համար, որտեղ ոչ ոք Պատարագ չի մատուցում:
«Ֆրանցիսկոսը հապճեպ պատասխան չի տալիս այս հարցին: Նա նաև ոչ մի խոսք չի ասում Սինոդի այն առաջարկի մասին, որը վերաբերում է Ամազոնիայի առավել հեռավոր շրջանների համար մշտական սարկավագների ձեռնադրությանը,- պարզաբանում է կարդինալ Շյոնբորնը: – Սրբազան Քահանայապետը խնդրում է եպիսկոպոսներին լինել առատաձեռն՝ Ամազոնիա միսիոներներ ուղարկելիս»: Տեքստի 132-րդ կետն անդրադառնում է շատ կարևոր թեմայի՝ Ամազոնիայի տարածաշրջանի որոշ երկրներ ավելի շատ քահանաներ են ուղարկում Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա, քան իրենց սեփական թեմերի համայնքներ: Սինոդում ապշեցուցիչ թվեր արձանագրվեցին. միայն Կոլումբիայից Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա է գնացել 1200 քահանա: Եթե նրանց միայն մեկ երրորդ կամ մեկ չորրորդ մասը մնար Ամազոնիայում, ապա քահանաների սակավության բոլոր խնդիրները կլուծվեին: Եվս մեկ ապշեցնող փաստ. 500 տարվա ավետարանացումից հետո տարածաշրջանում բացակայում է բնիկ բնակչությունից սերող հոգևորականությունը: Ամազոնիայում նաև չկան բավարար քանակությամբ մշտական սարկավագներ: 133-րդ կետում Ֆրանցիսկոս Պապը հիշատակում է ճեմարանների ոչ բավարար քանակի մասին:
Կարդինալ Շյոնբորնը հավելեց, որ ինքը «զարմացել ու ապշել է», թե Սինոդի ժամանակ որքա՛ն քիչ է խոսվել ավետարանացման մասին: Այս «բացթողումը» Ֆրանցիսկոս Պապը լրացրեց առաքելական ուղերձի չորրորդ գլխով, որում կերիգման՝ Ավետարանի հռչակումը, հիմնական հասկացողություն է:
Սրբազան Քահանայապետը չի տալիս պատրաստի պատասխաններ, բացի այդ առաջարկում է սահմանափակ պատասխաններ չտալ. «Նա պնդում է, որ իսկական ու արդյունավետ պատասխաններ կարող են գալ համայնքների նոր կյանքից», -ընդգծեց կարդինալ Ք. Շյոնբորնը Vatican News տված հարցազրույցի ժամանակ:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը