Հայածես Սուրբ Պատարագը մատուցեց Միացյալ Նահանգների և Կանադայի Կաթողիկէ հայոց առաջնորդ Արհ. Տ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանը:
Միացյալ Նահանգների եպիսկոպոսների՝ Սուրբ Պետրոսի հաջորդին՝ Սրբազան Պապին տրված հնգամյա կանոնական այցելության շրջանակներում, երեքշաբթի՝ փետրվարի 18-ի առավոտյան Սուրբ Պետրոսի տաճարի գետնադամբանում՝ Սուրբ Պետրոսի շիրիմի մոտ հայածես սուրբ և անմահ Պատարագ մատուցեց Միացյալ Նահանգների և Կանադայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանը:
Հայտնենք, որ պատարագին իրենց մասնակցությունն ունեցան Միացյալ Նահանգների եպիսկոպոսական համահավաք դասի Արևելյան եկեղեցիների պատկան եպիսկոպոսները, որոնց ընկերակցեց Բոստոնի Սուրբ Խաչ հայ կաթողիկէ եկեղեցու ժողովրդապետ՝ Հ. Միքայել Վրդ. Բասալեն։ Սուրբ Պատարագին իրենց մասնակցությունն ունեցան նաև Լևոնյան քահանայապետական հա վարժարանի սաները:
Սուրբ Զոհի ընթացքում ներկայացրած քարոզում Արհ. Միքայել Եպս. Մուրադյանն ասաց.
«Եկել ենք առաքյալների իշխանի՝ Սուրբ Պետրոսի շիրիմի սեմին՝ վերանորոգելու մեր հավատքի դավանանքը, որպես մեզ հանձնված թեմերի ու հոտի առաքյալների և հովիվների հաջորդներ:
Անշուշտ, ունենք մեր դժվարությունները՝ լինեն հոգևոր կամ նյութական: Սուրբ Պետրոսը լավագույն օրինակն է, ում կարող ենք հետևել: Ինքն էլ բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին հակառակ՝ արյան և կյանքի գնով, չվարանեց վկայելու Խաչյալ, բայց մանավանդ Հարուցյալ Քրիստոսի մասին:
Ուրեմն, վերանորոգե՛նք մեր ուխտերը՝ վստահելով Հարուցյալ Քրիստոսին, որովհետև Ի՛նքն է նավապետը և Եկեղեցու գլուխը: Մենք Տիրոջ այգում պարզապես ծառաներ ենք:
Մեզ հանձնված հավատացյալներին առաջնորդենք՝ ինչպես ասում է Սուրբ Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը, մեր հայացքը կենտրոնացնելով Հիսուս Քրիստոսի՝ մարդկության միակ և ճշմարիտ փրկչի վրա»,-ասաց Մուրադյան եպիսկոպոսը: Այնուհետև՝ Սուրբ Զոհի ավարտին, Միացյալ Նահանգների Արևելյան եկեղեցիների եպիսկոպոսներին հրավիրեց անգլերեն լեզվով միասնաբար աղոթել Սուրբ Ներսես Շնորհալու «հավատով խոստովանիմ» աղոթքը:
Հայտնենք, որ փետրվարի 20-ին Միացյալ Նահանգների Արևելյան եկեղեցիների եպիսկոպոսները, հնգամյա կանոնական այցելության շրջանակներում հանդիպում կունենան Սուրբ Պետրոս առաքյալի հաջորդի՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հետ։ Հանդիպմանն ի պաշտոնե, կմասնակցի նաև Արհ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանը։
Vatican News, Վազգեն Աբարդյան
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան