«Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ եւ բեռնավորվածներդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ», Մտթ.11, 28
Փետրվարի 16-ը հայտարարեցինք հիվանդների համար աղոթքի օրը՝ Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա և Սիզավետ հայ կաթողիկէ համայնքներում՝ ոգեշնչվելով Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ուղերձով, որ հրապարակվեց Հիվանդների 28-րդ համաշխարհային օրվա՝ փետրվարի 11-ի առիթով: Այդ օրը Ընդհանրական Եկեղեցում հաստատվել է 1993թ. Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի կողմից. նա ընտրեց փետրվարի 11-ը՝ Լուրդի Տիրամոր տոնը, որպեսզի Տիրամայրն Ինքը բարեխոսի հիիվանդների համար՝ Եկեղեցու աղոթքներով, նաև այդ օրը Լուրդում բազում հիվանդների ապաքինումներ են լինում:
Փետրվարի 16-ին չորս համայնքներում Սուրբ Պատարագները մատուցվեցին հիվանդների դիտավորությամբ, քարոզներիս ընթացքում խոսեցի հիվանդությունների, մարդկային տառապանքի, հիվանդների համար աղոթելու և հիվանդների տառապանքը կիսելու առաքելության մասին, որ ունի յուրաքանչյուր քրիստոնյա: Սուրբ Պատարագների ավարտին նաև աղոթեցինք բոլոր հիվանդների համար և, մանավանդ, այս օրերին աշխարհի տարբեր երկրներում տարածված և հարյուրավոր կյանքեր խլած վիրուսային համաճարակներից տուժածների առողջության և հոգևոր զորացման դիտավորությամբ:
Ինչու՞ աղոթել հիվանդի համար.
քարոզ
Այսօրվա Սուրբ Պատարագը, սիրելինե՛ր, մատուցում ենք հիվանդների համար եւ պիտի աղոթենք, որ Աստված լսի մեր աղաղակը՝ հանուն Իր Որդու Զոհաբերության, որը մենք հիշատակում ենք եւ որին միանում ենք յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ժամանակ: Օրեր առաջ՝ փետրվարի 11-ին, Կաթողիկէ Եկեղեցին տոնեց հիվանդների 28-րդ համաշխարհային օրը, որի առթիվ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրապարակեց մի հոգեշահ ուղերձ, որը սկսվում է Ավետարանի հետեւյալ տողերով. «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ եւ բեռնավորվածներդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ», Մտթ.11, 28: Քահանայապետը բացատրում է, որ Հիսուս այս խոսքերը ասում էր բոլոր այն պարզ մարդկանց, ում հետ Ինքը շփվում էր, ում քարոզում էր Ավետարանը, բուժում էր անբուժելի համարվող հիվանդությունները, ներում էր մեղքերը, իր գործերով եւ պարզ խոսքերով բացատրում էր աստվածային սիրո անչափելի մեծությունը, որն իր կատարյալ արտահայտությունը ստացավ եւ իր ամբողջ վսեմությամբ եւ փառքով երեւաց խաչի վրա՝ Իր կատարած ինքնազոհաբերությամբ. Հիսուսի մեջ եւ Նրա միջոցով Աստված Իր կյանքը զոհեց, Ինքն Իրեն նվիրեց, որպեսզի մարդուն ցույց տա, թե ինչքա՛ն է սիրում նրան, որպեսզի մարդու փոխարեն տա այն սերը, որն արժան է նվիրել Աստծուն եւ ընկերոջը եւ որպեսզի մարդու փոխարեն վճարի այն բոլոր վիրավորանքների դիմաց, որ մարդկությունը արել է Աստծո հանդեպ: Քրիստոս՝ Աստծո Որդին, այսպիսով դարձավ դեղը, դարմանը, որ բուժում եւ վերականգնում է Աստծո եւ մարդու միջեւ խաթարված, հիվանդ հարաբերությունները, որ բուժում է մարդու ապականված բնությունը եւ մարդուն վերադարձնում է այն հույսը, թե հնարավո՛ր է հաղթահարել մեղքի հետեւանքները՝ հիվանդությունները, մեղքով խաթարված մարդկային հարաբերությունները եւ, նույնիսկ, մահը:
Հիսուս, այսպիսով, մարդու ճշմարիտ բժիշկն է՝ թե հոգեւոր եւ թե մարմնական հիվանդությունների:
Հիսուս, որպես ճշմարիտ բժիշկ, իր բուժումն ու հոգեւոր մխիթարությունն է առաջարկում բոլորիս՝ յուրաքանչյուրիս կյանքի ուրույն պարագների մեջ, ընդունելով մեզ այնպիսին, ինչպիսին կանք, հասկանալով մեր թուլությունները, վիշտը, սխալները, մեղքերը, որոնք պատրաստ է ներել մեծ սիրով, եթե միայն մարդը մի փոքր քայլ անի դեպի Աստված: Հիսուս իր ինքնազոհ, ջերմ, գործունյա նվիրումն է արտահայտում տառապյալների հանդեպ, որովհետեւ Ինքն էլ տառապեց մարդու համար եւ աղքատների, հիվանդների հետ միասին, կիսեց նրանց դժվարությունները, խաչ ելավ նրանց համար եւ մխիթարություն գտավ Իր Հորից: Հիվանդներին Ֆրանցիսկոսն իր ուղերձում ասում է. «Հիսուսի մեջ դուք կգտնեք լույս, որը կլուսավորի ձեր կյանքի ամենամթին րոպեները եւ հույս՝ մեղմելու ձեր ընկվածությունը: Հիսուս դիմում է ձեզ՝ Եկե՛ք ինձ մոտ: Նրա մեջ դուք կգտնեք ուժ՝ առերեսվելու բոլոր մտահոգություններին եւ հարցերին, որոնք անհանգստացնում են ձեզ՝ մարմնի եւ հոգու մթին գիշերվա մեջ», (Հիվանդների 28-րդ համաշխարհային օրվա ուղերձը, 3):
Հիվանդությունը՝ մարմնական թե հոգեկան, կամ հոգեւոր մարդկային ապականված բնության մաս են, մեղքի հետեւանք, որոնք ժամանակավոր են, ճիշտ ինչպես ժամանակավոր է չարի հաղթանակը, որովհետեւ վերջնական հաղթանակը Քրիստոսինն է: Ինչպես մեկ անգամ եւ ընդմիշտ Հիսուս Խաչի վրա կատարած իր զոհաբերությամբ եւ հարությամբ հաղթեց չարին եւ մահը, իր սիրով հաղթեց ատելությունը, աստվածային զորությամբ պահեց իր մարդկային բնությունն անապական, այդպես էլ մարդուն է փրկելու չարի եւ մահվան տիրապետությունից, հիվանդին պահելու է անվտանգ՝ ապականության քայքայումից, հուսահատ հոգու մեջ դարձյալ տնկելու է նոր կյանքի հույսը, ապագային հանդեպ հավատը:
Աստծո Որդու Խա՛չն ու Հարությո՛ւնն է հիվանդի հույսը, այս իրականության մեջ Աստծո Որդու կենդանի ներկայությո՛ւնն է հիվանդի, վշտացյալի, տառապյալի հույսը, Աստծո Որդու շարունակվող, ինքնազոհաբերվող սե՛րն է հուսահատվածի, աշխարհի հանդեպ ատելությամբ լցված մարդու հույսը:
Գիտե՞ք, երբ աշխատում եմ, զրուցում եմ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, նրանց մեջ երբեմն այնքա՛ն հավատ ու վստահություն եմ տեսնում, նրանք վստահ են, որ Հիսուս իրենց կյանքում ներկա է, որ զորացնում է իրենց, որ Հիսուս սիրում է իրենց անչափ, որ Աստված երբեք չի կամենա իրենց տառապանք պատճառել: Ոմանք այնքան հավատք ունեն, որ նույնիսկ կարողանում են իրենց դժվարությունների մեջ աղոթել ուրիշների համար, որ իրենցից շատ ավելի թեթեւ վիճակում են: Ոմանք կարողանում են իրենց տառապանքը նվիրել Հիսուսին՝ որպես մի փոքրիկ նվեր՝ փոխարենը Տիրոջից օգնություն խնդրելով ուրիշ մեկի կամ իրենց ծնողների համար: Սա պարզապես անբացատրելի հոգեւոր գեղեցկություն է, որով նրանք միանում են իրենց ուսուցչին եւ եղբորը՝ Հիսուսին:
Հիսուս ուզում է, որպեսզի իր Եկեղեցին եւ Իրեն հավատացողները, Իր մխիթարությունը զգալով, կիսեն այդ մխիթարությունը ուրիշների հետ, դառնան Իր աստվածային մխիթարության փոխանցողները ուրիշներին, Իր սերը կիսեն ուրիշների հետ: Յուրաքանչյուրս, անկախ նրանից՝ առողջական խնդիրներ ունենք, թե ոչ, կարո՛ղ ենք Հիսուսի ներկայության գիտակցությունը, մխիթարությունը, որ ունենք մեր սրտերի մեջ, կիսել մեր տառապյալ քույրերի եւ եղբայրների հետ, ովքեր կարիք ունեն օգնության, մխիթարության, սիրո: Որպես Քրիստոսի աշակերտներ, մենք կոչված ենք կիսելու Քրիստոսի սերը, Նրա բուժելու, սփոփելու առաքելությունը: Եւ որպեսզի կարողանանք մեր այդ առաքելությունը առաջ տանել, մենք կարիքն ունենք մշտապես սնվելու այն ճշմարիտ հացով, որ տալիս է Հիսուս՝ պատարագվելով մեզ համար եւ նաեւ նրանց համար, ովքեր դեռեւս չեն ճանաչում Իր անխտրական սերը: Այսօրվա Ավետարանում Հիսուս ասում է.
«Ա՛յս է երկնքից իջած հացը, ոչ այնպես ինչպես այն հացը, որ ձեր հայրերը կերան եւ մեռան, այլ ով այս հացն ուտում է, կապրի հավիտյան», Հվհ. 6, 58:
Հիսուս Ի՛նքն է այդ հացը, որ յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ժամանակ գալիս է մեզ կերակրելու Ինքն Իրենով՝ Աստծո մարմնացած Խոսքով, որ ստեղծարար է եւ շարունակում է արարել, բուժել, ներել: Ինչպես Ավետարանում հիվանդներին ասում է. «Գնա՛, քո մեղքերը քեզ ներված են», «Քո հավատը քեզ փրկեց», «Վեր կա՛ց, առ քո մահիճը եւ գնա՛», այդպես էլ այսօր Հիսուս շարունակում է մեզ բուժել, երբ հավատում ենք, որ Ի՛նքն է մեր միակ բժիշկը, երբ անհուն կարոտով Նրա Սուրբ Մարմինն ու Արյունը ընդունում ենք մեր մեջ: Դարձյալ Հովհաննեսի Ավետարանում Հիսուս ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք Մարդու Որդու մարմինը եւ չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա», Հվհ. 6, 53:
Ուրեմն, սիրելինե՛ր, որպես Քրիստոսի նվիրյալներ, մենք պարտավոր ենք մեր սրտերում միշտ ներկա Քրիստոսին կիսել մեր եղբայրների եւ քույրերի հետ, ովքեր տառապում են հիվանդություններից, մեր սե՛րն ու քնքշությու՛նը առաջարկել նրանց, օգնել ամեն կերպ, եւ մանավանդ, աղոթելով նրանց համար, մեր կատարած զոհողություններով՝ հանուն նրանց, Սուրբ Պատարագին հիշելով նրանց անունները եւ, մանավանդ, օգնելով, որպեսզի հիվանդները եւս ստանան Սուրբ Հաղորդությունը: Խոսե՛ք նրանց հետ Սուրբ Հաղորդության բուժիչ զորության մասին, կիսե՛ք ձեր ուրախությունը նրանց հետ, պատմե՛ք, թե ինչ եք զգում Տիրոջ Մարմինն ու Արյունը ճաշակելիս, որպեսզի բոլորը փափագեն սնվել այդ ճշմարիտ կերակրով եւ բալասանով, որ է Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը՝ այն Հացը, «որ կյանք է տալիս աշխարհին», Հվհ, 6, 33:
Աղոթե՛նք, որ յուրաքանչյուր Սուրբ Պատարագ լինի հրավեր բոլոր հոգնածների եւ բեռնավորվածների համար՝ մոտենալու Տիրոջը, որ հանգստացնում է բոլորին Իր անսահման սիրով. Ամեն:
Աղոթք՝ հիվանդների համար
Տեր Հիսու՛ս, այսօր այս Սուրբ Պատարագը մատուցեցինք բոլոր հիվանդների դիտավորությամբ, նաեւ հիշեցինք մեր հարազատների անունները, ում մասին մտածում ենք եւ միշտ աղոթում:
Դու գիտես, թե ինչ է մարդկային տառապանքը, ինչ է հիվանդությունը, հուսահատությունը, ցավը, որովհետեւ Դու Ինքդ կրեցիր դրանք քո երկրային կյանքի օրերին եւ այդ ամենը քեզ հետ միասին խաչ բարձրացրեցիր, որպեսզի մեզ բացատրես, որ մենք մենակ չենք մեր տառապանքի մեջ, որ Դու կիսում ես մեր ցավերը ամբողջությամբ:
Դու համբերությամբ եւ ինքնազոհ սիրով կրել ես մարդկանց մեղքերի լուծը եւ երբեք չես հոգնում կրել նաեւ մեր բոլոր հիվանդությունների, ցավերի, վախերի, հուսահատությունների ծանր բեռը:
Քո խաչելությամբ մեզ այսօր էլ բացատրում ես, որ Դու ամեն վայրկան պատրաստ ես դարձյալ խաչ բարձրանալու, միայն թե թեթեւացնես մեր տառապանքի բեռը, միայն թե մենք հասկանանք, թե Դու մեզ ինչքա՛ն ես սիրում:
Դու պատրաստ ես այսօր էլ ամեն վայրկան մեռնել մեզ համար, բայց որպեսզի մենք ոչ թե սգանք, այլ ուրախանա՛նք՝ գիտակցելով, որ Դու Քո մահով մեզ համար բացել ես նոր կյանքի, մեծ հույսի դուռը, որի սեմից այն կողմ մեր բոլոր հիվանդությունների, ցավերի, թուլությունների ավարտն է եւ մեր երջանկության սկիզբը:
Քո Խաչի զորությանն ու առատ շնորհներիդ ապավինելով՝ միասնաբար աղաչում ենք, եթե Քո կամքն է, շուտափույթ բուժում շնորհի՛ր բոլոր նրանց, ում անունները հիշեցինք Սուրբ Պատարագին եւ ում համար աղոթում ենք այժմ, զորացրու՛ նրանց կամքը եւ հավատը, որ համբերությամբ կրեն իրենց դժվարությունները՝ դարձնելով դրանք ապաշխարության միջոց՝ իրենց կամ ուրիշների մեղքերի համար:
Շնորհ տու՛ր բոլորիս, որպեսզի մեր դժվարությունները նվիրենք Քեզ՝ որպես մի գեղեցիկ նվեր, որպես կիսում Քո Խաչի տառապանքների, որպես մի ճանապարհ, որով կարող ենք քայլել Քո հետքերով:
Քո Սուրբ Պատարագի զորությամբ աղոթում ենք նաեւ բոլոր նրանց համար, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում տառապում են կորոնավիրուսի, էբոլա վիրուսի եւ այլ համաճարակներից, աղոթում ենք նրանց ընտանիքների համար, խնդրում ենք զորացրու՛ նրանց եւ շուտափույթ բուժում շնորհիր:
Խնդրում ենք, հեռու պահի՛ր ամեն տեսակ հիվանդություններից եւ ցավերից մեզ, Քո ողջ Ընդհանրական Սուրբ Եկեղեցին եւ ամբողջ մարդկությունը, իսկ հիվանդության ժամին ցու՛յց տուր այն հաղթահարելու Քեզ հաճելի ճանապարհը, որը նաեւ մեր սրբության ճանապարհն է:
Սուրբ Կու՛յս, Մա՜յր Եկեղեցու, քո մայրական խնամքի ներքո պահի՛ր բոլոր այն հիվանդներին, ում համար աղոթում ենք. Ամեն:
Տ. Հովսեփ
16 փետրվարի, 2020