• Կաթողիկէ համայնքներն օգնում են պայքարել կորոնավիրուսի դեմ

    «Մենք կաթողիկէներ ենք, իսկ դա նշանակում է, որ մեր սրտերն ու սիրո ուղերձը համաշխարհային են»


    Ընդհանրական Եկեղեցու աջակցությամբ չինական բարեգործական կազմակերպությունները, թեմերը, ծխական համայնքները, եկեղեցական շարժումները, քահանաները, միանձնուհիները և աշխարհականներն ընդառաջում են բնակչությանը՝ նրանց կարիքները բավարարելու մտադրությամբ:

     

    Կորոնավիրուսի բռնկման, տարածման հենց սկզբից մոբիլիզացվեցին տեղի բոլոր եկեղեցական համայնքները. կաթողիկէ հիվանդանոցների մեծ մասը, ձեռնարկություններն ու գործարանները պատրաստակամություն հայտնեցին օգնելու քաղաքացիական իշխանություններին՝ վարակվածներին ընդունելու և անհրաժեշտ բժշկական պարագաների արտադրության հարցում:

     

    Fides տեղեկատվական գործակալությունը մեջբերում է միանձնուհու հուզիչ խոսքերը, ով հանդիսանում է կաթողիկէ հիվանդանոցներից մեկի տնօրենը, «Սուրբ Հույս» միաբանության քույրերից, որ ծառայում են Չինաստանի արևելքում՝ Հեյբեյ նահանգում.

     

    «Սանիտարական պարագաններն ու դեղորայքը աստիճանաբար սպառվում են: Մեր բժիշկներին, բուժքույրերին, միանձնուհիներին և աշխարհականներին, սպառնում է կորոնավիրուսով վարակվելու վտանգը: Որպես հիվանդանոցի տնօրեն՝ ես շատ եմ անհանգստանում, սակայն ես միանձնուհի եմ և ամբողջությամբ ապավինում են Հիսուս Քրիստոսին և Սուրբ Կույս Մարիամի մայրական խնամակալությանը: Մենք գիտենք, որ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետն ու ողջ կաթողիկէ համայնքն ամբողջ աշխարհում աղոթում են մեզ համար և մեզ հետ են. դա մեծ ուժ է տալիս»:

     

    Չինաստանի կաթողիկէ հիվանդանոցների մեծ մասն այս արտակարգ իրավիճակում առաջնագծում է՝ ընդունում են հիվանդներ և խնամում նրանց: Եկեղեցական համայնքը մոբիլիզացվել է նաև հոգևոր առումով. աղոթքի կոչին պատասխանեցին հազարավոր ծխական համայնքներ՝ ոչ միայն Չինաստանում, այլ նաև երկրի սահմաններից դուրս: Բացի այդ, Չինաստանում գործող խոշորագույն կաթողիկէ բարեգործական Jinde Charitie կազմակերպությունը թախանձալից խնդրանքով դիմեց հանրությանը՝ տուժածներին օգնելու նպատակով միջոցների հավաքագրում կազմակերպելու համար՝ արձագանքելով Ֆրանցիսկոս Պապի հունվարի 26-ին հնչեցրած կոչին: Արդյունքում, աշխարհի բազմաթիվ վանական հիվանդանոցներ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում Caritas Internationalis-ը, ինչպես նաև որոշ երկրներ ցուցաբերեցին կոնկրետ աջակցություն: Fides գործակալության տեղեկատվության համաձայն փետրվարի 5-ին Jinde Charities կազմակերպությունը կաթողիկէ աշխարհից ստացել է 6 միլիոն յուան (շուրջ 800.000 եվրո). նվիրատվությունների այս գումարն ամբողջությամբ ծախսվել է առաջին անհրաժեշտության բժշկական և սանիտարական պարագաներ ձեռք բերելու համար: Փետրվարի 3-5-ը այս կազմակերպությունը մատակարարել է շուրջ 10 հազար պաշտպանիչ կոստյումներ, 100 հատուկ շնչառական ապարատներ և 30 տոննա ախտահանիչ նյութեր՝ դրանով իսկ դրսևորելով գործուն աջակցություն Չինաստանի ողջ կաթողիկէ համայնքին և Ընդհանրական Եկեղեցուն:

     

    Երկրում իրավիճակը մեկնաբանեց Հ. Վան Վէյը, ով Տյանցզին թեմի Շաո Լին Կոու ծխական համայնքի ժողովրդապետն է. «Մենք կաթողիկէներ ենք, իսկ դա նշանակում է, որ մեր սրտերն ու սիրո ուղերձը համաշխարհային են: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ցուցաբերել մերձավորություն և գթություն տառապող մարդկությանը՝ անկախ նրանց կրոնական, էթնիկ ու ազգային պատկանելիությունից»: Քահանայի խոսքերի համաձայն «անհնար է նկարագրել մոբիլիզացիայի ամբողջ մասշտաբները. այսօր այդ ակցիան անդրադառնում է Չինաստանի բոլոր կաթողիկէ համայնքներին: Նրանք աջակցում են հիվանդներին իրենց աղոթքներով, Սուրբ Վարդարանի աղոթքով, ինչպես նաև նյութական օգնությամբ և կոնկրետ գործերով»:

     

    Հոգևոր կյանքը Չինաստանում ևս հարմարվեց արտակարգ իրավիճակին. նկատի ունենալով, որ անհնար է կազմակերպել թեմական հանդիպումներ կամ էլ հավատացյալների հավաքույթներ, անցում կատարվեց վիրտուալ միջավայր՝ հավատացյալների և հասարակական կյանքի ոգին պահպանելու համար: Նոր տեխնոլոգիաների և բջջային հավելվածների օգնությամբ չինացի քրիստոնյաները ամեն օր փոխանակվում են օրվա ծիսական ընթերցմամբ, եպիսկոպոսի խոսքերով, քահանաների կարգադրություններով, այսպիսով միայնակ մնացած տարեցները, հիվանդներն ու կարիքավորները կարող են զգալ Եկեղեցու ուշադրությունը և սփոփվել, մխիթարվել: Չինաստանի կաթողիկէ համայնքերում ներկայիս սոցիալական կայքերը լցված են մարդկային ջերմությամբ և հոգևոր կյանքով, նրանք դարձել են ավետարանացման հարթակներ, քանի որ մարդիկ կաթողիկէներին տեսնում են գործի մեջ, ովքեր պատրաստ են բոլոր մարդկանց հետ կիսել Ավետարանի հույսը, ասվում է Fides գործակալության հաղորդագրությունում:

     

    «Մենք աղոթում ենք, որպեսզի մեր Սուրբ Կույս Մարիամը մեզ օգնի և դադարեցնի համաշխարհային համաճարակը: Մենք ջերմեռանդորեն ապավինում ենք Նրա մայրական պաշտպանությանը, որպեսզի ավարատվի այդ մահացու վիրուսի տարածումը, մարդիկ վերագտնեն հույսն ու քաջությունը, մենք Նրա հրաշագործ բարեխոսությանն ենք վստահում հիվանդների ապաքինումը»:

     

    «Այս ողբերգական օրերին թող Սուրբ Կույս Մարիամը, ով կանգնել էր Իր Որդու Խաչի տակ, լինի ուժի աղբյուր և հույսի փարոս՝ բուժաշխատողների համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը վարակվածներին փրկելու համար»:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց