Սուրբ Պետրոսի հաջորդը, հավատարիմ միություն հաստատելու իր տիրավանդ կոչմանը, համախմբում է կրթության մեջ ներգրավված բոլոր անձանց և հաստատություններին
Համաշխարհային կրթական դաշինքը մշակվում է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի նախաձեռնությամբ: Ինչպես հայտնեց ТАСС թղթակիցը, Սուրբ Աթոռի կաթողիկէ կրթության վարչության քարտուղար, արքեպիսկոպոս Վինչենցո Զանին, այս կարևոր փաստաթղթի ստորագրությունը նախատեսված է 2020թ. մայիսի 14-ին՝ համաշխարհային նշանակության համագումարի ժամանակ, հովվապետի գլխավորությամբ, որին մասնակցելու համար հրավիրված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կրոնական և մշակութային գործիչներ, ինչպես նաև՝ կրթական ոլորտի ականավոր մասնագետներ:
«Երիտասարդության ուսուցանումը եղբայրության ոգով տարաձայնությունների և բախումների հաղթահարումը, արդարադատության և համաշխարհային գոյակցության ապահովումը պահանջում են մտածելակերպի մասշտաբային փոփոխություններ կրթության միջոցով»,- ասվում է համաշխարհային կրթական դաշինքի» կայքում: Այս աշխատանքներին ներգրավված են դպրոցներ, համալսարանններ, ինչպես նաև միջազգային կազմակերպության, ակադեմիական հանրության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և տնտեսագետներ: Մայիսի 14-ին կայանալիք իրադարձության նախապատրաստական փուլում Սուրբ Աթոռն անցկացնում է մի շարք սեմինարներ, որոնցից մեկը կայացել է փետրվարի 7-8-ը Վատիկանում, որը կազմակերպվել էր Սուրբ Աթոռի Կրթության վարչության և Պապական ակադեմիայի հասարակական գիտության համատեղ ջանքերով: Սեմինարի մասնակիցներին ընդունելիս Քահանայապետը ասել է հետևյալը.
«Այսօր մենք կոչված ենք ինչ-որ մի կերպ նորացնել և վերամիավորել ջանքերը բոլոր այն մարդկանց և հաստատությունների, ովքեր ներգրավված են կրթական գործում, որպեսզի ստեղծենք նոր տեսակի կրթական դաշինք, որովհետև միայն այդ ճանապարհով է հնարավոր բարեփոխել կրթությունը»:
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանի