• Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միության գործունեությունը ներկայացվել է Ֆրանսիայում. զրույց Անդրանիկ Մարգարյանի հետ

    Երիտասարդական ավյունը կարող է հաղթահարել բոլոր խոչընդոտները


    Բավրայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Երիտասարդական միության համակարգող Անդրանիկ Մարգարյանը, որպես հասարակական և հոգևոր ակտիվություն ունեցող երիտասարդ, Հայկական Կարիտասի հրավերով, այս տարվա հունվարի 12-23-ը, Հայկական Կարիտասի աշխատակիցների հետ միասին մասնակցեց Ֆրանսիական վեց քաղաքներում անցկացված համայնքային զարգացման ոլորտում «Փորձի փոխանակման» հատուկ ծրագրին:

     

    Անդրանիկը Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միության անդամների հետ զրույցի ընթացքում պատմեց ծրագրի և իր տպավորությունների մասին, նաև թե ինչպես է պատրաստվում իր ձեռքբերած փորձառությունը դնել ի նպաստ երիտասարդական միության և համայնքի առավել զարգացման:

     

    Հայկական Կարիտասի խումբը ծրագրով այցելել է Փարիզ, Շարտր, Բլուա, Տիր և Օրլեան քաղաքները, որտեղ ծանոթացել են ֆրանսիական Կարիտասի՝ Secours Catholique-ի մի քանի ծրագրերի, մասնավորապես երիտասարդների և կամավորականների ներգրավվածության մասով՝ փոխադարձաբար կիսվելով սեփական փորձառությամբ:

     

    Անդրանիկ Մարգարյանը, մասնավորապես, ներկայացրել է Բավրայում Հայ կաթողիկէ երիտասարդական միության կամավորական գործունեությունը, բարեգործական ակցիաները, ինքնակազմակերպական մեթոդները և համայնքային զարգացմանը նպաստելու հնարավորությունները: Երիտասարդական միությունը հիմնվել է գյուղի հոգևոր հովիվ Տ. Հովսեփ Գալստյանի նախաձեռնությամբ և երիտասարդների միասնական ջանքերով: Անդրանիկը ներկայացրել է նաև Բավրայում Հայկական Կարիտասի իրականացրած ծրագրերը, հատկապես, «Ծխական հասարակական խորհուրդները», որի շրջանակներում իր նախաձեռնությամբ մշակվել և իրականացվում է պատանիների համար համակարգչային գիտելիքների դասընթաց: Դասընթավարը Անդրանիկն է՝ կամավոր հիմունքներով: Ներկայացրել է նաև անգլերենի դասավանդման կազմակերպումը: Անդրանիկը ներկայացրել է, որ երիտասարդական միության գործունեության և համայնքային զարգացման ծրագրերի հետագա ընդլայնումը հնարավոր է համարում՝ Ավետարանի և Եկեղեցու սոցիալական ուսմունքի սկզբունքների հիման վրա, երիտասարդների հավատքի և խանդավառության շնորհիվ:

    Օրլեանում քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին քննարկվել են Ֆրանսիայի և Հայաստանի մշակութային որոշ առանձնահատկություններ, նմանություններն ու տարբերությունները, երկուստեք ներկայացվել են իրենց համայնքներում իրականացրած ծրագրերը: Հանդիպումների ընթացքում որոշվել է գտնել երկու երկրների երիտասարդական կազմակերպությունների միջև կապի ամրապնդման միջոցներ, վեր հանել հնարավոր խոչնդոտներն ու փորձել գտնել դրանց լուծումները:

     

    Տուր քաղաքում Հայկական Կարիտասի խումբը հանդիպումներ է ունեցել ֆրանսիացի կամավորականների հետ, որոնք հիմնականում եղել են տարեցներ: Հարցին, թե ինչու են երիտասարդ կամավորները քիչ, ֆրանսիացի գործընկերները պարզաբանել են, որ երիտասարդների զբաղվածությունը խիտ է, այդ պատճառով էլ նրանց թիվը համեմատաբար սակավ է: Անդրանիկի համար հետաքրքիր բացահայտում էր այն, որ Տուր քաղաքում կա «Կամավորականների ասոցիացիա», որտեղ կազմակերպությունները դիմում են կամավորներ գտնելու հարցով:

    Այցելություններ են եղել նաև միայնակ կանանց հոգածության հաստատություններ, որտեղ Հայկական Կարիտասի խումբը ներկայացրել է Հայաստանի մասին: Հանդիպել են տեղի երիտասարդների հետ, որոնք մեծ մասամբ եղել են ներգաղթյալներ: Հանդիպումն անցել է շատ լավ, երիտասարդ կամավորները ցուցաբերել են մեծ ակտիվություն, սակայն Անդրանիկի տպավորությամբ, նրանց դեռ չունեն հստակ գործունեության ծրագիր, և իրենց հանդիպումների հիմնական նպատակը դեռևս ժամանցն է: Ներգաղթյալներին և ֆրասիացի երիտասարդներին մեծապես հետաքրքրել է հայ երիտասարդների նախաձեռնությունները ու միասնական կամավորական աշխատանքը: Անդրանիկը և խմբի մյուս անդամները կիսվել են իրենց փորձառությամբ:

     

    Գլխավոր սեմինարը անցկացվել է Բլուա քաղաքում: Խմբային աշխատանքի միջոցով երկուստեք ներկայացրել են իրենց համայնքներում իրականացրած ծրագրերը, իսկ հետազոտող խումբը արտահայտել է վերջնական կարծիքը՝ արդյունքում բարձր գնահատական տալով Հայաստանի Բավրա համայնքում իրականացված ծրագրերին՝ դրանք համարելով առավել հետաքրքիր և արդյունավետ:

     

    Փարիզը եղել է խմբի ճամփորդության վերջին հանգրվանը: Այստեղ էլ հենց տեսել է այն, ինչն ամենաշատն է տպավորել Անդրանիկին.

     

    «Տեսանք մի բան ինչը մեզ և ուրախացրեց և հաճելիորեն զարմացրեց: Լատինածես կաթողիկէ եկեղեցիներից մեկում կար այսպես կոչված «Հայկական  անկյուն», որը ստեղծվել էր ֆրանսիայում բնակվող հայերի կողմից և պատմում էր հայերի և Հայաստանի մասին: Համոզվեցինք, որ աշխարհի ցանկացած անկյունում էլ կգտնես մի փոքրիկ Հայաստան:

     

    Փարիզի դեպարտամենտում կատարվել է ծրագրի ընդհանուր քննարկում, որի ժամանակ հայ և ֆրանսիացի կամավորականները փոխանակվել են իրենց գաղափարներով ու փորձով, «խաղ մեթոդ»-ի միջոցով առանձնացրել իրենց համար փորձի փոխանակման այս ծրագրի կարևորությունը, դժվարությունները և «ծարավը»՝ հույս հայտնելով, որ նմանատիպ ծրագրերը  շարունակական բնույթ կկրեն:

     

    Զրույցի վերջում Անդրանիկը  հավելեց, որ այս ուղևորությունը իր համար հրաշալի հնարավորություն էր՝ նոր գաղափարներով զինվելու, իր մասնագիտական բնագավառում՝ սոցիալական աշխատանքում, երեխաների հետ և երիտասարդական միության մեջ աշխատանքում քայլ առաջ կատարելու, նոր ծանոթությունների, և իր համար նոր մշակույթի բացահայտման համար՝ հուսալով, որ կրկին  կունենա նմանատիպ միջոցառումների մասնակից դառնալու առիթ՝ արդեն Հայաստանում՝ «Ամառային ճամբար»-ի շրջանակներում, որը մի գեղեցիկ գաղափար է, որ մտադիր է զարգացնել Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միության, Հայկական Կարիտասի և ֆրանսիացի գործընկերների հետ միասին:

     

    Նիկոլ Մարգարյան

    Թղթակից Հայ Կաթողիկէ Առաջանորդության պաշտոնական կայքի և Բավրայի երիտասարդական միության «Կանթեղ» թերթի

     

Օրացույց

Օրացույց