Բոլորի համար էլ սնունդ կա, բայց ոչ բոլորն են ուտում.«առատության պարադոքսը»
Ինչպես տեղեկացնում է Zenit լրատվական գործակալությունը, նոյեմբերի 20-ին Սրբազան Քահանայապետը խոսել է սննդի անհավասարաչափ բաշխման, սովի և աղքատության մասին՝ ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության նախաձեռնած սննդի վերաբերյալ միջազգային մի խորհրդաժողովի ժամանակ: Նա խոսել է արդյունավետ միջազգային համագործակցության և նոր ծրագրերի ներդրման անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի իրապես օգնել լուսանցքում հայտնված սովյալներին ու գործազուրկներին: «Մեր օրերում շատ է խոսվում իրավունքների մասին, իսկ պարտականությունների մասին մոռացվում է…երբ խոսում ենք նոր իրավունքների մասին, սովյալները մնում են փողոցի անկյունում ու խնդրում են, որ իրենց ընդունեն որպես քաղաքացիներ…նրանք խնդրում են արժանապատվություն, ոչ թե ողորմություն: Շուկայական առաջնահերթությունները, տնտեսական շահույթը մեր օրերում ավելի կարևոր են դարձել, քան սովյալը՝ որպես մարդ անհատ». ասել է քահանայապետը: Նորին Սրբությունը հիշեցրել է Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի՝ 1992թ. միջազգային հանրությանն ուղղված խոսքերը՝ «առատության պարադոքսի» մասին, այսինքն՝ բոլորի համար էլ սնունդ կա, բայց ոչ բոլորն են ուտում, ուտելիքի վատնումը հարուստ փոքրամասնության կողմից ակնհայտ ու դառն փաստ է: Որպեսզի բոլորը բավարար սնունդ ունենան, հարկավոր է համերաշխություն, սեր, արդարություն, խաղաղություն, ընդգծել է Քահանայապետը և կոչ արել պետություններին ջանք թափել այդ ամենը զարգացնելու ուղղությամբ:
Լուսանկարներն արված են Գյումրիում, 2013թ.՝ «Շիրակ կենտրոն» հկ աշխատակից Նարեկ Թումասյանի կողմից: Շնորհակալություն լուսանկարների համար: