• Աշոցքի համայնքներում տոնեցինք «Աստծո Խոսքի կիրակին»

    «Քեզ չափազանց մոտիկ է այդ խոսքը. քո բերանում և քո սրտում է, և քեզանից է կախված դա կատարելը». Բ Օր. 30, 11-14


    Հունվարի 25-26-ը Աշոցքի հայ կաթողիկէ չորս համայնքներ տոնեցին «Աստծո Խոսքի կիրակին», որ հաստատվել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի նախաձեռնությամբ՝ «Aperuit illis»՝ «Նա բացում է» վերտառությամբ նամակով, 2019թ. սեպտեմբերի 30-ին: Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա և Սիզավետ համայնքներում Սուրբ Պատարագները մատուցվեցին Աստծո Խոսքի տարածման դիտավորությամբ, խոսեցինք Աստծո Խոսքի մասին և Աստվածաշունչ ընթերցելու կարևորության մասին՝ հավատացյալներին կոչ անելով ամեն օր ընթերցել Սուրբ Գիրք և աղոթել Սուրբ Գրքի տողերի շուրջ խորհրդածելով: Սուրբ Պատարագներից հետո նաև միասնական հատուկ աղոթք բարձրացրեցինք առ Աստված՝ Աստծո Խոսքի տարածման համար, որն աղոթեցինք նաև Սուրբ Հաղորդության երկրպագության ժամանակ, Մեծ Սեպասարում: Երիտասարդների և պատանիների հետ հանդիպումների ժամանակ նրանց ուշադրությունը հրավիրեցինք Աստվածաշնչի վրա և կազմակերպեցքին Ավետարանի հատվածի քննարկում:

     

     Աստծո կենդանի և ստեղծարար Խոսքը

     քարոզ

     

    «Այս կիրակին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետի կողմից Կաթողիկէ Եկեղեցում հռչակվել է որպես «Աստծո Խոսքի կիրակի»: Նպատակը մեկն է՝ Աստծո ժողովրդի ուշադրությունը նորովի հրավիրել Աստծո Խոսքի, հատկապես, Աստվածաշնչի վրա: Այսօր Տիրոջ Ընդհնարական Եկեղեցին վերստին առիթ ունի նորովի գնահատելու այս մեծ հոգևոր և բարոյական հարստության աղբուրը, որ մարդու համար կյանքի և փրկության միակ գրավականն է:

     

    Հովհաննեսն իր ավետարանը սկսում է հետևյալ տողերով. «Սկզբից էր Բանը և Բանն Աստծո մոտ էր և Բանն Աստված էր…ամեն ինչ նրանով եղավ և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է: Կյանքը նրանով էր և այդ կյանքը մարդկանց համար լույս էր», Հվհ. 1, 1-4: «Բան» գրաբարյան հայերենով նշանակում է՝ «խոսք», այսինքն՝ Աստծո Խոսքը, որ Աստված Ինքն է, եղավ և է սկիզբը կյանքի, «ամեն ինչ նրանով եղավ». Ծննդոց գրքի սկզբում էլ կարդում ենք, որ Աստված աշխարհը ստեղծեց իր խոսքով. «Աստված ասաց. «Թող լույս լինի և լույս եղավ», Ծննդ. 1, 3: Սուրբ Գիրքը մեզ հայտնում է, որ Աստծո խոսքը արարող է, կյանքի սկիզբ է և լույս է: Աստծո խոսքն Աստծո իմաստությունն է և Աստծո խոսքը անձ է՝ Աստծո Որդին է՝ Սուրբ Երրորդության երկրորդ անձը, որի միջոցով ստեղծվեց աշխարհը և որի միջոցով Աստված Ինքն Իրեն հայտնեց և շարունակում է հայտնել մարդկությանը: Աստված, որ ամբողջովին լույս է և սեր, աշխարհը ստեղծեց սիրուց մղված և սիրո համար, որպեսզի Ինքն Իրեն և Իր մեջ եղած ամբողջ գեղեցկությունն ու հարստությունը հայտնի աշխարհին և, հատկապես, մարդուն, որին ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ: Եվ Աստված Իր անսպառ հարստությունները մարդուն փոխանցեց իր Խոսքով, որ Իր Որդին է:

     

    Առակների գրքում Աստծո Իմաստությունը խոսում է մեզ հետ. «Լավ է ինձ ստանալ, քան ոսկի և անգին քարեր…Ես գնում եմ արդարության ճանապարհներով… որ սիրելիներիս հարստություն բաշխեմ և նրանց գանձարանները բարությամբ լցնեմ: Որպեսզի պատմեմ ձեզ, թե ինչ է լինելու ամեն օր, և հիշեցնեմ, թե ինչ է եղել ի սկզբանե: Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին՝ իր գործերի համար, հավիտենությունից էլ առաջ հաստատեց ինձ», Առ. 8, 19-23: Աստծո Խոսքը կամ Աստծո Որդին աշխարհի սկզբից ի վեր իր անսպառ հարստություններն է բաշխում յուրաքանչյուր մարդ արարածի, ով ձգտում է հարստանալ իրենով, ով ձգտում է Աստծուն և աստվածային իմաստությանը, որ ձգտում է ճանաչել Աստծուն և սիրել Նրան, կատարել Աստծո կամքը: Աստծո Որդին է, որ սկզբից մեղքի մեջ ընկած մարդուն ցույց էր տալիս մեղքից փրկվելու ճանապարհը՝ Աստծո Օրենքի և մարգարեությունների միջոցով, որպես Աստծո Խոսք, որ Ինքն Իրեն հայտնում է ընտրյալ մարգարների միջոցով Աստծո ժողովրդին: Աստծո Խոսքը և Աստծո հայտնության պատմությունը գրի առնվեց Աստվածաշնչի առաջին գրքերում, որ Հին Կտակարանի գրքերն են: Աստված իր իմաստությամբ մշտապես ուղեկցում էր իր մոլորյալ ժողովրդին, իմաստություն, որը նախապես հայտնվեց ոչ թե որպես անձ, այլ՝ մարգարեների բերանով և նրանց գրվածքներով, որոնք հալածվեցին, անտեսվեցին, սպանվեցին: Բայց Աստված մնաց հավատարիմ իր սիրուն՝ դեպի անկյալ մարդ արարածը և ամբողջ արարչագործությունը: Նույնիսկ եթե մայրն իր զավակին մոռանա, Աստված մարդուն չի մոռանում երբեք, ինչպես ասում է Սուրբ Գիրքը: Երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված իր Իր Միածին Որդուն, որ Իր իմաստությունն է, Իր Խոսքը՝ Բանն Աստծո, ուղարկեց աշխարհ, որպեսզի ծնվեր որպես մարդ, մտներ մարդկային պատմության մեջ, մարդկային կենցաղի մեջ, լիներ ամեն ինչով մարդու նման՝ միայն առանց մեղքի, պարտության մատնելով սատանային՝ արդեն որպես մարդ արտասանելով Աստծո գրի առնված խոսքը. «Գրված է՝ քո Տեր Աստծուն չպիտի փորձես…գրված է՝ ոչ միայն հացով է ապրում մարդ, այլ՝ ամեն խոսքով Աստծո, որ դուրս է գալիս Աստծո բերանից», Մտթ. 4: Աստծո Խոսքը դարձավ մարդ և սկսեց Ինքն Իրեն, որ Աստծու իմաստությունն է, հայտնել մարդկային լեզվով՝ հիշեցնելով և իր մարդկային կյանքով արտահայտելով այն ճշմարտությունները, որ նախապես Աստած հայտնել էր մարգարեների բերանով. Ի՛նքն Աստծո Խոսքը եկավ մարդկանց մեջ՝ մարդկանց լեզվով մարդուն բացատրելու, փաստելու, որ հնարավո՛ր է ապրել Աստծո Խոսքի համաձայն և կատարել Աստծո կամքը, որովհետև դա միա՛կ ճանապարհն է մարդկային կյանքի շարունակության և մահվանից փրկվելու, մեղքը հաղթահարելու: Երբ աշակերտները այսօրվա ավետարանական հատվածում Սամարիայում Հիսուսին առաջարկում են հաց ուտել, նա հրաժարվում է և պատասխանում. «Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտեք…Իմ կերակուրն այն է, որ կատարեմ կամքը նրա, ով ինձ ուղարկել է և կատարեմ նրա գործը», Հվհ. 4, 31-34: Սա՛ է նշանակում ապրել Աստծո Խոսքով, սնվել Աստծո Խոսքով, որովհետև Աստծո կամքը կատարե՛լն է այն հոգևոր հացը, որը մարդու համար ապահովում է փրկություն մեղքից և մահվանից:

    Հիսուս Քրիստոսը Աստծո Խոսքի հայտնությունն է մարդկանց՝ որպես Անձ, Սուրբ Երրորդության Երկրորդ Անձը: Մարդիկ չհավատացին և չպահեցին Աստծո Խոսքը, որ ասվեց և գրի առնվեց մարգարեների միջոցով, ապա եկավ ժամանակը և Աստված Իր Խոսքը հայտնեց որպես Անձ, որպես մարդ, որ խոսում է մարդկայնորեն, որ եղբայր է բոլոր մարդկանց, որ ընկերանում և ուղեկցում է բոլորին, բուժում է հիվանդներին, քարոզում է փրկության հնարավորությունը՝ Բարի Լուրը, որ կոչում ենք Ավետարան և ի վերջո իր կյանքն է տալիս՝ որպես սերմ, ցորենի հատիկ, որից աճեց և հաստատվեց Սուրբ Եկեղեցին: Աստծո Խոսքը մարմին առավ՝ Հիսուս Քրիստոսի Անձի մեջ և մեզ մատուցվեց ամենապարզ, հասկանալի կերպով, որպեսզի մենք հասկանանք, թե Աստված մեզ համար միշտ հասանելի է, մեզ համար Ինքն Իրեն պատրաստ է այդքա՜ն խոնարհեցնելու, պարզեցնելու, բացատրվելու, որպեսզի մենք Իրեն հավատալով, Իր Խոսքին հավատալով և այն պահելով՝ հասնենք փրկության և մասնակից լինենք Իր Աստվածային կյանքին՝ նոր իրականության մեջ, որ կոչվում է Աստծո թագավորություն:

     

    Ուրեմն, Աստծո Խոսքը Հիսուս Քրիստոսն է, որի մասին կարդում ենք Աստվածաշնչի բոլոր գրքերում: Նրա մասին նախ կարդում ենք Հին Կտակարանի գրքերում՝ առանց անունը իմանալու, որպես Աստծո իմաստություն, Աստծո խոսք, օրենք, Աստծո ընտրյալ, օծյալ, մեսսիա, փրկիչ, գառ, որ պիտի մորթվի բոլորի փոխարեն, իսկ Նոր Կտակարանում Աստծո Խոսքը հայտնվում է որպես Հիսուս Քրիստոսը, որ Աստծո մարդացյալ Որդին է՝ կատարյալ Աստված և կատարյալ մարդ՝ մեկ Անձի մեջ: Հիսուս Քրիստոսը եկավ մարդուն սովորեցնելու, թե ինչպես պետք է կատարել Աստծո կամքը և այդպիսով ընդունել հավիտենական կյանքը, սովորեցրեց նաև զոհաբերվել՝ հանուն Աստծո կամքի, նվիրել սեփական անձը, որպեսզի մեր միջոցով կատարվի Աստծո խոսքը և կամքը, Ինքն Իր մարդկային կյանքով դարձավ Աստծո Խոսքի կատարման տեսանելի օրինակը և առաջինը՝ բազում հոգևոր եղբայրների և քույրերի մեջ, որ կազմում են Իր Սուրբ Եկեղեցին: Հետևաբար, առանց Իր օրինակին հետևելու, առանց Իրենից մշտապես սովորելու, մենք, որ Իր եղբայրներն ու քույրերն ենք կոչված, չենք կարող հասկանալ Աստծո Խոսքը և գործադրել այն՝ մեր փրկության համար:

     

     

    Հիսուսին հասկանալու և նրանից սովորելու համար հարկավոր է մեզ համար նախ հարազատ դարձնել Աստվածաշունչը՝ մշտապես, ամեն օր ընթերցելով այն՝ աղոթքով և մեծ ուշադրությամբ: Սուրբ Հերոնիմոսն ասում էր. «Չիմանալ Սուրբ Գիրքը՝ նշանակում է չիմանալ Քրիստոսին» (Սբ. Հերոնիմոս, Եսայու գրքի մեկնություն, նախաբան): Այս մասին մեզ հիշեցնում է նաև Ֆրանցիսկոս Քահանայապետը իր «Նա բացեց»` Aperuit illis կոչվող կոնդակում, որով հաստատեց Աստծո Խոսքին նվիրված կիրակին և մեզ հրավիրում է Սուրբ Գրքի յուրաքանչյուր գիրքը ընթերցել ներքին բացվածությամբ, Աստծո Խոսքը որպես ճշմարիտ կերակուր ընդունելու հոգևոր տրամադրությամբ, որպեսզի Հիսուս մեզ համար բացի Իր խոսքի իմաստներն ու անսպառ հարստությունները: Քահանայապետը մեզ հիշեցնում է Հայտնության գրքի տողերը (Հյտն. 3, 20), թե «Հիսուս կանգնած է դռան առջև և թակում է դուռը՝ Սուրբ Գրքի բառերով: Եթե մեկը լսի Նրա ձայնը և բացի դուռը, Նա կմտնի և կընթրի նրա հետ…Եթե մենք լսենք նրա ձայնը և բացենք մեր մտքի և սրտի դռները, Նա կմտնի և կմնա մեզ հետ ընդմիշտ»:

     

    Եթե մենք թույլ տանք Հիսուսին ուղեկցել մեզ միշտ, Նա մեզ կսովորեցնի ճիշտ հասկանալ Աստծո Խոսքը, որ գրված է Աստվածաշնչում և որ նաև մեզ է փոխանցվել Եկեղեցու Սուրբ Հայրերի միջոցով՝ Սրբազան Ավանդությամբ: Հիսուս իր հարությունից հետո՝ հենց նույն օրը Էմմավուս տանող ճանապարհին երևաց երկու մարդկանց, ովքեր իրար հետ խոսում էին Հիսուսի խաչելության մասին, բայց չէին հասկացել, թե ինչ էր տեղի ունեցել: Եվ Հիսուս, անծանոթ մի մարդու տեսքով, ամբողջ ճանապարհին նրանց բացատրեց, թե ինչ էր Իր մասին գրված Աստվածաշնչի մեջ՝ Մովսեսի գրքերում և մարգարեություններում և թե Իր խաչելությամբ կատարվեցին մարգարեությունները: Այս ամենը լսելով՝ այդ մարդիկ Նրան խնդրեցին ընթրել իրենց հետ, և երբ Հիսուս սեղանի շուրջ հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց, նրանք հասկացան, որ Հիսուս Ի՛նքն էր իրենց ուղեկիցը և հյուրը: Այստեղ ուշագրավ է, որ նրանք հացը կիսելիս հասկացան, թե Հիսուսն էր.մենք տեսնում ենք կապը Աստծո Խոսքի և Սուրբ Հաղորդության միջև, որովհետև հացի օրհնության նույն տեսարանն ունենք նաև Վերջին Ընթրիքին, որով Հիսուս հաստատեց Սուրբ Հաղորդությունը և մեզ ավանդեց որպես իր Զոհաբերությունը մշտապես վերապրելու, Իր հետ միանալու և Աստծո մարմնացյալ Խոսքով կերակրվելու վսեմագույն և եզակի մի հնարավորություն և որից մենք միշտ կարող ենք օգտվել Սուրբ Պատարագի խորհրդակատարության ժամանակ: Սուրբ Պատարագին մենք Աստծո Կենդանի Խոսքն ընդունում ենք նախ լսելով Սուրբ Ավետարանը և ապա ճաշակելով Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմինն ու Արյունը, հաղորդվելով Նրա հետ: Այսպիսով մենք հասնում ենք մեր կոչմանը՝ ընդունել Աստծո Խոսքը մեր մեջ և միանալ Աստծուն: Բայց Աստծո Խոսքը և Սուրբ Պատարագը մեզ օգնում են նաև լինել միասնական և կայացնել Տիրոջ Սուրբ Եկեղեցին, որը կարևոր բաղադրիչն է Աստծո հետ միության: Քահանայապետն իր նամակում գրում է.

     

    «Կանոնավոր կերպով Սուրբ Գիրք ընթերցելը, Սուրբ Հաղորդություն ընդունելը մեզ համար հնարավոր են դարձնում ինքներս մեզ ընդունել որպես միմյանց անդամներ: Որպես քրիստոնյաներ, մենք մեկ ժողովուրդ ենք, որ անցնում ենք մեր ուխտի ճանապարհը պատմության ընթացքում, և Տերը ներկա է մեր մեջ և սնում է մեզ», Aperuit illis:

    Աստծո Խոսքը իմանալը և մշտապես ուսումնասիրելը նաև մեր փրկության միակ ճանապարհն է և շատ կարևոր է, որ մեր իմացածը, մեր հասկացածը կիսենք նաև ուրիշների հետ, Ավետարանացումը յուրաքանչյուր քրիստոնյայի պարտականությունն է, բարի լուրով հարկ է ուրախացնել և փրկության հնարավորություն տալ բոլորին:

     

    Ինչպես լսեցինք այսօրվա ավետարանում, սամարացիները, որ նախապես այդ կնոջից լսել էին Հիսուսի մասին, ապա իրենք էին շփվել Նրա հետ, կնոջն ասում են.

     

    «…մենք ինքներս լսեցինք և գիտենք, որ նա՛ է ճշմատապես փրկիչն աշխարհի», Հվհ. 4, 42:

     

    Սուրբ Պողոսը իր սիրելի աշակերտ Տիմոթեոսին հիշեցնում է Աստվածաշնչի փրկարար զորության մասին. «…մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել՝ փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է: Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար` ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործերի», Ա Տիմ. 3, 16:

     

     

    Իսկ թեսաղոնիկեցիներին ասում է.

     

    «Աստծո խոսքի քարոզությունը մեզնից լսելով՝ այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ինչպես ճշմարիտ է՝ որպես Աստծո խոսք, որը ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ», Ա Թես., 2, 13:

     

    Աստծո Խոսքը ունի կենդանի ներգործություն՝ նրա մեջ, ով լսում է սրտի և մտքի բացվածությամբ, նախապես զղջման ճանապարհ անցնելով, որպես մաքուր և պարարտ հող, որ պատրաստ է ընդունելու Խոսքի սերմ և ծլարձակելու: Աստծո Խոսքը մեռած տառ չէ, այլ կենդանի է և կյանք է տալիս մարդու հոգուն, սկսում է ներսից սրբացնել նրան, մղել դեպի Աստված, սեր է բորբոքում Աստծո և սրբության հանդեպ և մարքում մարդու ներսի պղծությունները, մեղքերը, զորացնում է կամքը և կառուցում «ներքին մարդուն», ճիշտ ինչպես կառուցեց աշխարհը և ստեղծեց մարդուն: Եվ Աստծո խոսքը չլսելու և չկատարելու համար մարդը ոչ մի արդարացում չի կարող ունենալ: Մովսեսն իր վերջին պատգամում իսրայելիցներին ասաց հետևյալը.

     

    «Այն պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ քեզ, ո՛չ դժվար են, ո՛չ էլ քեզ անմատչելի: Դրանք ոչ երկնքում են, որ ասես. «Մեզնից ո՞վ կելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք և կատարենք», ոչ էլ ծովի մյուս ափին, որ ասես. «Ո՞վ պիտի անցնի ծովի մյուս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդա և մենք կատարենք»:

     

    Քեզ չափազանց մոտիկ է այդ խոսքը. քո բերանում և քո սրտում է, և քեզանից է կախված դա կատարելը». Բ Օր. 30, 11-14:

     

    Ամեն:

     

     

     

    Աղոթք՝ Աստծո Խոսքի տարածման համար

     

     

    Սիրելի՛ Հիսուս, քո Սուրբ Հաղորդության եւ Սուրբ Ավետարանիդ առջեւ ծունկի ենք եկել՝ միասնաբար աղոթելու Աստծո Խոսքի առավել տարածման եւ Ավետարանիդ՝ մինչեւ աշխարհի ծայրերը քարոզության համար, քո սուրբ պատվիրանիդ համաձայն:

     

    Տու՛ր մեզ շնորհդ՝ առավել շատ սիրելու Աստվածային Խոսքդ, գերիմաստությունդ, յուրաքանչյուր բառդ, որ ներշնչել ես գրել Աստվածաշունչ մատյանի էջերում:

     

    Տու՛ր մեզ աստվածային շնորհդ՝ առավել խորությամբ հասկանալու իմաստը աստվածային խոսքերիդ, անհատնում հարստությունները յուրաքանչյուր աստվածաշունչ բառիդ եւ գրքիդ:

     

    Տու՛ր մեզ աստվածային շնորհդ՝ մեր սրտերում զարգացնելու կամք եւ կարգապահություն՝ ամեն օր ընթերցելու Աստվածաշունչը, մանավանդ, Քո Սուրբ Ավետարանները, ընթերցելու աղոթքով, բացված սրտերով, զղջացած հոգով եւ լուսավորվելու պատրաստ մտքերով՝ դառնալով պարարտ հող՝ քո խոսքի սերմն ընդունելու եւ պտղաբերելու ձգտումով:

     

     

    Տու՛ր մեզ աստվածային շնորհդ՝ Աստվածաշունչը դարձնելու մեր ամենասիրելի գիրքը, մեր ամենաշատ ընթերցվող գիրքը, մեր ընտանիքների ամենաթանկարժեք գանձը, որից կախված է մեր կյանքը, մեր երջանկությունը, մեր խաղաղությունը, մեր փրկությունը չարի հարձակումներից, մեր բուժումները՝ ամեն տեսակ հոգեկան եւ մարմնավոր հիվանդություններից, հուսահատություններից եւ հոռետեսությունից:

     

    Տու՛ր մեզ շնորհ՝ Քո Աստվածային Խոսքի մեջ գտնելու մեր կյանքի հույսը, ամենօրյա պայքարի համար ուժը, կենսախինդ գույները՝ կենցաղի միօրինակ գորշության մեջ, ճշմարիտ ուղեցույցը՝ դժվարին իրավիճակներում, իմաստուն խորհուրդը, երբ ոչ ոք չկա, որ օգնի, ուղեկից եւ միշտ հավատարիմ ընկերը, որ երբեք չի դավաճանում եւ միշտ պատրաստ է ավելին անելու, եթե սիրենք իրեն եւ հաճախակի դիմենք իր օգնությանը:

    Սիրելի՛ Հիսուս, տու՛ր մեզ շնորհ՝ մշտապես փափագելու մասնակցել Քո Սուրբ Պատարագին եւ Սուրբ Հաղորդությանդ երկրպագությանը՝ գիտակցելով, որ Ավետարանը, որ ընթերցվում է, Դու ես՝ կենարար Խոսքդ, Պատարագիչը Դու ես՝ Ինքնազոհաբերվող Արարիչ Խոսքդ, Պատարագվողը Դու ես՝ Աստծո մարմնացյալ Խոսքդ, Պատարագը Դու ես՝ Քո Սուրբ Մարմնով եւ Արյամբ, Աստվածային Անձովդ եւ մարդացյալ Խոսքովդ: Տու՛ր շնորհ՝ հասկանալու, որ մեզ որպես սրբարար կերակուր մատուցվողը Դու ես՝ մեր փրկության համար եւ մեզ Քո Խոսքով միավորողը, Քո Սուրբ Հաղորդությամբ մեզ մեկ հաց մեկ մարմին դարձնողը Դու ես՝ մեզ հետ հաղորդվող Իմաստությունդ:

     

    Սիրելի՛ Փրկիչ, վերջապես տու՛ր մեզ շնորհ՝ Քո Աստվածային Խոսքիդ հանդեպ մեր սերը եւ մեր տկար գիտելիքները, որ քաղում ենք Աստվածաշնչի աղբյուրից, կիսելու մեր եղբայրների եւ քույրերի հետ, ինչպես դու ես կիսում Քո Սուրբ Մարմինն ու Արյունը բոլորի հետ, ովքեր գալիս են դեպի Քեզ:

     

    Ո՛վ Մայր Աստվածային Խոսքի, քո մայրական քնքշությամբ եւ խոհեմությամբ սովորեցրու՛ մեզ ընդունել ու վստահել Քո Սուրբ Որդու խոսքին եւ խոստումներին, ինչպես Դու վստահեցիր. Ամեն:

     

     

    Տ. Հովսեփ Գալստյան

Օրացույց

Օրացույց