• Ցանկացած քաղաքականության կենտրոնում պետք է լինի մարդը

    «Նորարարությունների մեծ մասն օգնել է մարդկությանը, մինչդեռ մյուս նորույթները ունեցել են բացասական հետևանքներ»


    «Մենք բոլորս հանդիսանում ենք մեկ մարդկային ընտանիքի անդամ», այդ  պատճառով պարտավոր ենք հոգ տանել միմյանց մասին: Պետական քաղաքականության կենտրոնում պետք է լինի մարդը, այլ ոչ թե «իշխանության կամ շահույթի ձգտումը»: Այս մասին գրում է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը՝ պրոֆեսոր Կլաուս Շվաբին ուղղված հատուկ ուղերձում, ով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի գործադիր նախագահն է: Ֆորումի վերջին նիստը տեղի ունեցավ Շվեյցարիայում՝ հունվարի 22-24-ը:

     

    Ֆորումի 50-ամյակին նվիրված ուղերձում Ֆրանցիսկոս Պապը հիշեցնում է «կարճաժամկետ  տեխնոլոգիական կամ տնտեսական մոտեցումների շրջանակներից դուրս գալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև՝ այն մասին, որ հարկ է ամբողջությամբ հաշվի առնել բարոյական գործոնը՝ ընթացիկ խնդիրների լուծումները որոնելիս կամ էլ հետագա ծրագրերի մշակման ժամանակ»: Տեքստում նշվում է, որ Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումը տասնամյակներ շարունակ իր մասնակիցներին հնարավորություն է տվել «ուսումնասիրել ավելի լավ աշխարհ կառուցելու նորարարական և արդյունավետ ուղիները»: Համագործակցությունը և ամուր քաղաքական կամքը կարող են օգնել հաղթահարել մեկուսացումը, անհատականությունը և գաղափարական գաղութացումը, «որոնք, ցավոք, շատ հաճախ են երևում ժամանակակից բանավեճերում»:

     

    Սրբազան Քահանայապետը գրում է, որ անցած կես դարի ընթացքում տեղի են ունեցել շատ աշխարհաքաղաքական վերափոխումներ ու նշանակալից փոփոխություններ՝ տնտեսության, աշխատաշուկայի մեջ, թվային տեխնոլոգիաների ոլորտում և շրջակա միջավայրում: «Այդ նորարարությունների մեծ մասն օգնել է մարդկությանը, մինչդեռ մյուս նորույթները ունեցել են բացասական հետևանքներ», մասնավորապես՝ պրակտիկ մոտեցումը, որի դեպքում «ուրիշներին դիտարկում են որպես նպատակին հասնելու միջոցներ». «համերաշխության ու եղբայրասիրության բացակայությունը» հանգեցնում է «իրական անարդարության»: Իսկական ամբողջական մարդկային զարգացում «կարող է ի հայտ գալ միայն այն ժամանակ, երբ մարդկային ընտանիքի բոլոր անդամները ներգրավվեն ընդհանուր բարօրության որոնման աշխատանքներում և կարողանան իրենց ներդրումն անել այդ գործընթացում»:

     

    Laudato Si’ կոնդակից մեջբերում անելով՝ Սրբազան Քահանայապետը հիշեցնում է, որ համապարփակ բնապահպանությունը պետք է ամբողջովին հաշվի առնի «մեր ընդհանուր տան բարդությունն ու փոխկապվածությունը»: Այս կապակցությամբ Ֆրանցիսկոս Քահանայապետը ցանկանում է, որ ֆորումի մասնակիցները «հիշեն այն բարձր բարոյական պատասխանատվության մասին, որը մեզանից յուրաքանչյուրը կրում է մեր եղբայրների ու քույրերի, ինչպես նաև ապագա սերունդների լիակատար զարգացման համար»: Նորին Սրբությունը հույս ունի, որ Դավոսում ընդունված որոշումները կհանգեցնեն «համերաշխության, փոխըմբռման աճին՝ հատկապես, նկատի ունենալով բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն և ենթարկվում են հասարակական ու տնտեսական անարդարության և որոնց բուն գոյությունը վտանգված է»:

     

    Սրբազան Քահանայապետի ուղերձը պրոֆեսոր Կլաուս Շվաբին հանձնեց Կարդինալ Պիտեր Թարկսոնը՝ մարդու լիակատար զարգացման ծառայության վարչության պրեֆեկտը և ֆորումում Սուրբ Աթոռի ներկայացուցիչը:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց