• Տիրոջ Մկրտության խորհուրդը, քարոզ

    Թույլ տալ Աստծուն կատարել ամեն արդարություն


    «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս» (Մտ. 3, 14): Այսպիսի խոսքերով է Հովհաննես Մկրտիչն արտահայտում իր զարմանքը՝ տեսնելով Հիսուսին կանգնած նրանց շարքերում, ովքեր պատրաստվում էին մկրտվել Հորդանանում: Եվ ոչ միայն զարմանք. Հիսուսի այս արարքը խառնաշփոթ է առաջացնում այն հարցի շուրջ, որում Հովհաննես Մկրտիչը առավել քան վստահ էր, որ հենց իր առաքելությունն ու ողջ կյանքի նպատակը եղել է երկար սպասված Փրկչի համար ճանապարհ նախապատրաստելը:

     

    «Ի՞նչու Հիսուս հիմա ինձանից խնդրում է այն, ինչը ես տալ չեմ կարող»,-մտածում է Հովհաննես Մկրտիչը: Հիսուսի պահվածքը օգնում է Մկրտչին ու մեզ բոլորիս հասկանալ, որ փրկության համար սեփական ուժերով ինչ-որ բան անելու համար չեն պահանջվում բացառիկ գիտելիքներ կամ հմտություններ: Այս իրավիճակում Հիսուս Քրիստոս ոչինչ չի բացատրում Հովհաննեսին և միայն նրան ասում է. «Թու՛յլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծո ամեն արդարություն» (Մտ. 3,15):

     

    Փրկությունը կախված է ոչ թե Հովհաննես Մկրտչի գործողությունների կատարելությունից, այլ նրա համբերատար պատրաստակամությունից, որպեսզի թույլ տա Աստծուն գործել: Ավելի քան հիսուն տարի առաջ սա առավել հստակ արտահայտել է Հ. Յոզեֆ Ռատցինգերը. «Քրիստոնեկան հավատքի համար ճշմարիտ է հետևյալը. խորագույն իմաստով մարդը գալիս է դեպի ինքն իրեն՝ ոչ թե նրանով, ինչ ինքը անում է, այլ նրանով, թե ինչ է ինքն ընդունում… Եվ որևէ այլ կերպ հնարավոր չէ դառնալ ամբողջական, լիակատար մարդ, բայց միայն դառնալով սիրված, թույլ տալով սիրված լինել» (Ներածություն քրիստոնեության, էջ 208):

     

    Այս առումով Ֆրանցիսկոս Պապը գործնական խորհուրդ է տալիս. «Թույլ տվե՛ք ձեր Մկրտության շնորհին պտուղներ տալ սրբության ճանապարհին»: Մեզանից յուրաքանչյուրի կյանքը պարգև է, նաև՝ կոչում, որը սկսվել է մեր մկրտության պահից: Մենք կոչված ենք ամեն օր պահպանել ու զարգացնել այդ կոչումը՝ խնդրելով Աստծուն օգնել մեզ. «Աստվա՛ծ իմ, ես աղքատ մեղավոր եմ, սակայն Դու կարող ես հրաշք գործել ու ինձ լավը դարձնել», քանզի «այս սրբությունը, որին Աստված քեզ կանչում է, աճելու է փոքր ժեստերի միջոցով» (Gaudete et exsultate, 15-16):

     

    Եթե խորը մտածենք, ապա մեր կյանքում պատահած բոլոր լավ մարդիկ նրանք են, ովքեր ժպտերես են, բարեհոգի, ունակ են լսել ու ծառայել մյուսներին կոնկրետ ժեստերի օգնությամբ՝ ամենից առաջ սովորական կյանքում, ընտանիքում և աշխատանքային կոլեկտիվում:

     

    «Եվ ապա Հովհաննեսը Նրան թույլ տվեց» (Մտ. 3.15): Հենց այսպես մեզանից յուրաքանչյուրը կարող է Աստծուն թողնել իր կյանք՝ վստահությամբ ընդունելով կոչը, որը հնչել է Մկրտության Խորհրդի օրը. ամեն օր դառնալ մի քիչ ավելի լավը՝ մնալով հասարակ մարդ,-սուրբ, ով ապրում է մարդկանց հարևանությամբ:

     

    Հ. Կարլո դե Մարկի

    Vatican News

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց