Աշխարհի ոգին ստիպում է մտածել, որ, իբր, մեղք գոյություն չունի, և զրկում է չարն ու բարին տարբերելու ունակությունից
Քրիստոնեական կյանքը նշանակում է հնազանդվել Աստծուն, հետևել Սուրբ Հոգուն, այլ ոչ թե՝ այս աշխարհի ոգուն, որը տանում է քայքայման և բարին ու չարը տարբերելու անկարողության. Ֆրանցիսկոս Քահանայապետն այս մասին խոսեց հունվարի 7-ին՝ Սուրբ Մարթայի մատուռում մատուցած առավոտյան Սուրբ Պատարագի ժամանակ՝ մեկնաբանելով օրվա ծիսական ընթերցումը և, մասնավորապես, Հովհաննես ավետարանչի կոչն առաջին նամակից՝ հնազանդվել Աստծուն:
Մարդ կարող է ապրել «մեղքերով լի քաղաքում, անաստված հասարակության մեջ, սակայն, եթե մարդու սիրտը հնազանդ է Աստծուն», ընդգծեց Ֆրանցիսկոս Քահանայապետը, ապա այդ մարդը դառնում է փրկության կրող: Սրբազան Քահանայապետը մի դրվագ հիշեց Գործք Առաքելոց գրքից. առաքյալները ինչ-որ քաղաք են մտնում և այնտեղ հանդիպելով քրիստոնյաների, ովքեր մկրտվել էին Հովհաննես Մկրտչի կողմից, նրանց հարցնում են, թե արդյոք նրանք ընդունել են Սուրբ Հոգին: Նրանք պատասխանում են. «Մենք նույնիսկ չենք լսել Սուրբ Հոգու գոյության մասին»: Հաճախ ներկայիս քրիստոնյաները, լսելով Սուրբ Հոգու մասին, պատկերացնում են միայն աղավնի և չգիտեն, որ հենց Սուրբ Հոգի՛ն է «թույլ տալիս մնալ Աստծո հետ, որ Նա է ուժն ու գրավականը՝ Աստծու մեջ մնալու համար», ասաց Նորին Սրբությունը: Սուրբ Հոգուն հակադրվում է աշխարհի ոգին, որը հանգեցնում է նրան, որ մարդը դադարում է տարբերել չարն ու բարին: Ինչպե՞ս իմանալ, թե ում ենք մենք հետևում՝ Սուրբ Հոգուն, թե աշխարհի ոգուն: Սրբազան Քահանայապետը պարզաբանեց, որ աշխարհի ոգին ստիպում է մոռանալ, թե որն է մեղքն ու մտածել, որ ամեն ինչ թույլատրելի է: Ֆրանցիսկոս Քահանայապետը պատմեց այն մասին, որ մի քահանա օրեր առաջ նրան ցույց էր տվել մի տեսանյութ՝ այն մասին, թե ինչպես են ավանդական քրիստոնեական մի երկրում քրիստոնյաները նշում Նոր տարին.
«Նրանք Նոր տարին նշում էին սարսափելի աշխարհիկ ոգով՝ վատնելով գումարներ և շատ այլ բաներ: Աշխարհի ոգին. արդյո՞ք դա մեղք է: Ո՛չ սիրելիներս, դա մեղք չէ, դա քայքայում է, ոչնչացում է, որը մեղքից ավելի վատ է: Սուրբ Հոգին տանում է դեպի Աստված և, երբ դու մեղք ես գործում և ընկնում, Սուրբ Հոգին օգնում է դարձյալ վեր բարձրանալ, իսկ այս աշխարհի ոգին մարցուն տանում է դեպի կործանում՝ այն աստիճան, որ դու դադարում ես տարբերակել չարն ու բարին. ամեն ինչ, կարծես, հավասարվում է»:
Ֆրանցիսկոս Պապը հիշեցրեց Հովհաննես առաքյալի կոչը՝ քննելու ինքներս մեզ՝ խորհելով այն մասին, թե արդյոք մեր ցանկությունները կամ դատողությունները Սուրբ Հոգուց են, թե՝ աշխարհի ոգուց: Շատ քրիստոնյաներ, պարզաբանեց Ֆրանցիսկոս Պապը, չգիտե՝ն ինչ է կատարվում իրենց սրտերում, և հենց նրանց է ուղղված Հովհաննես առաքյալի կոչը «ամեն մի հոգու չհավատալ», սակայն հետևել այն հոգուն, որը տանում է դեպի Աստված՝ հիշելով, որ այս աշխարհի ոգին բաժանում է Աստծուց «մեղմորեն ու շատ դանդաղ»:
Քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց աղոթել Սուրբ Հոգուն, որպեզի Նա մեզ օգնի մնալ Աստծո մեջ և զանազանել Աստծո Հոգին աշխարհի ոգուց, որպեսզի «մեր սիրտը լինի ոչ թե ճանապարհ, այլ՝ հանդիպման վայր Աստծո ու մեր միջև»:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը