«Այս տոնին շատ կարևոր է, որ ինքներս մեր մեջ նորացնենք Հիսուս Քրիստոսին փնտրելու ցանկությունը»
2020թ. հունվարի 6-ին Մոսկվայի հայ համայնքը նշեց Աստվածահայտնության և Մկրտության տոնը: Այս տոնը երկու կողմ ունի.
1.Արևելքի մոգերը՝ ովքեր ներկայացնում էին այդ ժամանակի աշխարհը, գալիս են երկրպագելու Հիսուս Քրիստոսին: Հեթանոս ժողովուրդները մոգերի միջոցով ընդունում են Հիսուս Քրիստոսին՝ որպես իրենց Փրկիչ ու Թագավոր: Բեթղեհեմի աստղը առաջնորդում է դեպի Փրկիչը: Հիսուս Քրիստոսը՝ որպես Փրկիչ, ներկայանում է արդեն ոչ միայն հրեա ժողովրդին, այլև ամբողջ աշխարհին: Ժողովուրդները մոգերի միջոցով ընդունեցին ու ճանաչեցին Հիսուս Քրիստոսին:
2.Տիրոջ Մկրտությունը: Երեսնամյա Հիսուս Քրիստոսն հայտնվում է ժողովրդին ու սկսում է իր հասարակական ծառայությունը: Հայտնվում է Սուրբ Երրորդությունը, երկնքից լսվում է Հայր Աստծո ձայնը. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մտթ. 3:17):
Սուրբ Հոգին՝ որպես Հայր Աստծո կնիք, աղավնու տեսքով իջնում է Հիսուս Քրիստոսի վրա: Հենց այս դրվագն է Սուրբ Երրորդության հայտնությունը, Աստվածահայտնությունը:
Այս տոնին շատ կարևոր է, որ ինքներս մեր մեջ նորացնենք Հիսուս Քրիստոսին փնտրելու ցանկությունը: Ինչպես մոգերն էին գնում աստղի հետևից, այնպես էլ մենք հետևենք հավատքի աստղին այս աշխարհում, որը մեզ չի հասկանում ու ասում է. «ինչու՞ փնտրել Աստծուն, ինչու՞ սպասել Աստծո Թագավորությանը»: Հավատքն ու սերը դա այն աստղն է, որը մեզ առաջնորդում է դեպի Հիսուս Քրիստոս: Մենք անպայման կգտնենք Նրան Եկեղեցում, Ավետարանում, այլ մարդու մեջ, հետո նաև՝ Երկնային Թագավորության մեջ:
Անհրաժեշտ է նորացնել ըստ Մկրտության շնորհի ապրելու ցանկությունը: Մենք ստացանք այդ շնորհը և պատվաստվեցինք Հիսուս Քրիստոսին, մենք դարձանք Աստծո զավակներ, դարձանք Աստվածային կյանքի մի մասը: Ապրել ըստ Հիսուս Քրիստոսի պատվիրանների, որպես Աստծո զավակներ՝ պայքարելով հոգու գեղեցկության ու սրբության համար, ամրապնդել Հիսուս Քրիստոսին հետևելու մեր որոշումը. դա այն է, ինչին մենք կոչված ենք Աստվածահայտնության տոնի խորհրդով:
Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան
Մոսկվայի հայ կաթողիկէների ժողովրդապետ
Առաջնորդական Փոխանորդ Ռուսաստանի Կաթողիկէ Հայոց