• Ղազանչիի երիտասարդների Սուրբ Ծննդյան բեմադրությունը և ճրագներով թափորը

    «Թող այս Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը լինի ծնողների և զավակների անդադար միասնական աղոթքի ծնունդ՝ մեր համայնքի բոլո՛ր ընտանիքների համար»


    Ղազանչիում այս տարի հունվարի 5-ի երեկոյան՝ 20:00-ին առաջին անգամ մատուցեցինք Աստվածահայտնության  ճրագալույցի Սուրբ Պատարագ, մասնակցում էին մեծ թվով հավատացյալներ, որոնցից շատերի տները այդ օրը նախապես օրհնել էի և մեկ առ մեկ հրավիրել երեկոյան միասնական աղոթքին: Սուրբ Պատարագի ավարտին պատանիների մասնակցությամբ առաջին անգամ ներկայացրեցինք մի բեմադրություն՝ Սուրբ Ծննդյան ավետարանական պատմության մասին: Փորձերն իրականացնելիս ինձ օգնում էին երգչախմբի ղեկավար տկն. Ալվարդ Մելքոնյանը և ծնողները, որի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը: Պետք է ասել, որ պատանիներն իրենց դերակատարումներն իրականացրեցին մեծ ջանադրությամբ և սիրով: Նրանց բեմադրությունը նաև մի կարևոր առաքելություն ուներ՝ իրենց հոգևոր զարգացման ջանքերի վրա հրավիրել ծնողների ուշադրությունը: Հրեշտակներից մեկն իր հուզիչ խոսքում ասաց հետևյալը.

     

     

     

    «Մենք սիրում ենք ձեզ՝ սիրելի ծնողնե՛ր, և մենք երազու՛մ ենք, որ ձեզ միշտ տեսնենք ուրախ, անհոգ, տեսնենք ժպտալով և միշտ խաղաղ: Մենք այստեղ ամեն շաբաթ աղոթում ենք մեր այս և մյուս երազանքների համար և մենք նաև երազում ենք, որ դուք մեզ հետ միասին աղոթեք այստեղ՝ այս մատռան մեջ, որ միասին մասնակցենք Սուրբ Պատարագին, որ Հիսուսի աղոթքն է և զոհաբերությունն է, որ մատուցում է մեզ բոլորիս համար, որպեսզի մենք մեր կյանքն ապրենք երջանիկ, ապագայի հանդեպ հույսով և վստահությամբ լցված, խաղաղ սրտերով, ազատ մեղքրից և չարի խաբեություններից: Եկե՛ք միասին աղոթենք: Թող այս Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը լինի ծնողների և զավակների անդադար միասնական աղոթքի ծնունդ՝ մեր համայնքի բոլո՛ր ընտանիքների համար»:

     

    Մի հրեշտակ էլ խոսեց Սուրբ Ծննդյան տեսարանի կարևորության մասին: Այս տարի հետևեցինք Սրբազան Քահանայապետի կոչին՝ հավատացյալների ուշադրությունն առավել հրավիրելու Հիսուս Մանկան մսուրի տեսարանի խորհրդի կարևորության վրա, թարգմանեցինք և գրքույկների տեսքով գյուղերում բաժանեցինք Քահանայապետի ուղերձը, որ կոչվում է «Հրաշալի պատկերը»:

     

    Հրեշտակն ասաց.

     

    «Թո՛ղ Հիսուս Մանուկը ծնվի բոլորիս ընտանիքներում: Տե՛ղ բացե՛նք մեր ընտանիքներում Հիսուս Մանկան համար: Որքա՜ն հրաշալի կլինի, երբ բոլորիս տներում ունենանք Սուրբ Ծննդյան այս տեսարանը, որ քիչ առաջ տեսանք: Մեր տներում տոնածառերի կողքին կարող ենք մի գեղեցիկ անկյուն պատրաստել՝ այս տեսարանի համար՝ քարայրը, որ անասնագոմ էր, Հիսուս Մանուկը՝ մսուրի մեջ դրված, խանձարուրով փաթաթված, Սուրբ Հովսեփը, Սուրբ Կույս Մարիամը, կենդանիները, հովիվները, մոգերը: Այս ամենը այնքա՜ն խորհրդավոր է, մեծությունը՝ աղքատության մեջ, աստվածայինը՝ մարդկայինի մեջ, սերը՝ աշխարհի անտարբերության և ատելության մեջ, լույսը՝ աշխարհի խավար գիշերվա մեջ: Հավատացե՛ք, երբ այս տեսարանն ունենանք մեր տների մեջ, մեր ընտանիքներն է՛լ ավելի ջերմ ու խաղաղ կլինեն, մենք կլինենք ավելի սիրով միմյանց և ուրիշների հանդեպ, ավելի ներողամիտ և խաղաղասեր, որովհետև Հիսուսը միշտ մեզ հետ կլինի»:

     

     

    Բեմադրությունից հետո՝ 10:00-ին, պատանիների և երիտասարդների հետ միասին վառված ճրագներով, երգերով և աղոթներով մի խորհրդավոր թափոր արեցինք գյուղում, մտնում էինք բնակիչների տները և աղոթում, որ Աստված օրհնի նրանց ընտանիքները, երգում էինք նրանց համար և բարեմաղթանքներ հղում: Թափորն ավարտեցինք արդեն կեսգիշերին մոտ և, չնայած ցրտին, ջերմ սրտերով վերադարձանք՝ պատրաստվելու համար հաջորդ օրվա Աստվածահայտնության տոնական Պատարագին, որ դարձյալ բազմամարդ էր:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

    Ղազանչիի հոգևոր հովիվ

Օրացույց

Օրացույց