• Ժպտացե՛ք միմյանց. Հիսուս Մանուկն Աստծո ժպիտն է՝ մարդկանց համար

    «Հայացք գցելով Աստվածամանկանը՝ մենք զգում ենք, որ Աստված մեզ ժպտում է, որ Նա ժպտում է աշխարհի բոլոր աղքատներին»


    Դեկտեմբերի 21-ին՝ Սուրբ Աթոռի Կուրիայի անդամների հետ հանդիպումից հետո, Ֆրանցիսկոս Պապը Պողոս Զ-ի սրահում ողջունեց Սուրբ Աթոռի և Վատիկան քաղաքի վարչության աշխատակիցներին, ինչպես նաև՝ նրանց ընտանիքի անդամներին: Նրանց ուղղված Սուրբ Ծննդյան շնորհավորանքները Սրբազան Քահանայապետն արտահայտեց մեկ խոսքով՝ ժպիտ: Ինչպես պարզաբանեց Ֆրանցիսկոս Պապը՝ ժպիտի մասին խոսակցությանը նրան ոգեշնչել է վերջերս նրա կարատած ուղևորությունը դեպի Թայլանդ՝ «ժպիտի երկիր», որի բնակիչների բարեհամբյուր լինելն արտացոլվում է նրանց դեմքերին ու վարքագծում:

     

    Նորածնին նայելիս՝ մենք միշտ ժպտալու ցանկություն ենք ունենում և սպասում ենք մանկան պատասխան ժպիտին: Երբ մանուկը մեր հայացքին ու հպումներին պատասխանում է ժպիտով, այդ ժպիտը լի է առանձնահատուկ զորությամբ, քանի որ այդ ժպիտը «նոր է, մաքուր, ինչպես աղբյուրի ջուրը»: Հենց դա էլ յուրօրինակ ձևով տեղի էր ունենում Մարիամի, Հովսեփի և Հիսուսի միջև: Փոքրիկի ժպիտը նրանց սրտերը լցրեց Երկնքից իջնող նոր ուրախությամբ, և Բեթղեհեմի փոքրիկ մսուրը կարծես շողշողաց նոր լույսով:

     

    «Հիսուսն Աստծո ժպիտն է: Նա եկել է, որպեսզի մեզ ցույց տա Աստծո սերը, Նրա գթությունը, և առաջին միջոցը, որի օգնությամբ Հիսուսը դա անում է, իհարկե, ժպիտն է, Նա ժպտում է Իր ծնողներին, ինչպես բոլոր նորածին մանուկներն այս աշխարհում»:

     

    Նայելով Սուրբ Ծննդյան մսուրին՝ մենք բոլորս վերապրում ենք այդ փորձառությունը. «Հայացք գցելով Աստվածամանկանը՝ մենք զգում ենք, որ Աստված մեզ ժպտում է, որ Նա ժպտում է աշխարհի բոլոր աղքատներին, բոլոր նրանց, ովքեր ակնկալում են փրկություն, ովքեր հույս ունեն առավել եղբայրական մի աշխարհի, որտեղ այլևս չի լինի պատերազմ և բռնություն, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ապրել Աստծո որդու կամ դստեր արժանապատվությամբ»:

     

    «Այստեղ՝ Վատիկանում, – շարունակեց Սրբազան Քահանայապետը, – և Սուրբ Աթոռի այլ գրասենյակներում ևս՝ մենք միշտ կարիքն ունենք առույգանալու և վերանորոգվելու Հիսուսի ժպիտով: Որպեսզի Նրա անզեն բարությունը ազատի մեզ թունավոր նյութերից, որոնք հաճախ կուտակվում են մեր սրտերում և թույլ չեն տալիս ցուցաբերել այն լավը, որը առկա է մեր մեջ: Իհարկե, աշխատանքը աշխատանք է մնում, սակայն գոյություն ունեն այլ տեղեր ևս, որտեղ յուրաքանչյուրն իրեն դրսևորում է առավել մեծահոգի ու առատաձեռն: Սակայն ճիշտ է նաև այն, որ աշխատավայրում մենք անցկացնում ենք մեր կյանքի զգալի մասը, և վստահ ենք, որ աշխատանքի որակին նպաստում են մարդկային փոխհարաբերությունների ու կենսաձի մակարդակը: Դա հատկապես վերաբերում է մեզ՝ Եկեղեցուն և հանուն Քրիստոսի ծառայողներիս»:

     

    Երբեմն դժվար է ժպտալ, արձանագրեց Ֆրանցիսկոս Պապը, և հենց այդ պահերին մենք Աստծո ժպիտի կարիքն ունենք. «Հիսուս, միայն Նա կարող է օգնել: Միայն Նա՛ է Փրկիչը»: Իսկ ուրախ պահերին, երբ ամեն ինչ լավ է ընթանում, մեզ սպառնում է չափազանց ինքնավստահ զգալու վտանգը, որը մոռացնել է տալիս այն, թե որքան դժվար է հիմա այլ մարդկանց համար: Այդժամ մենք ևս Աստծո ժպիտի կարիքն ունենք, որն ազատում մեզ կեղծ հենասյուներից՝ վերադարձնելով առաքինությունն ու անշահախնդրությունը: Սրբազան Քահանայապետը Վատիկանի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին ցանկացավ Սուրբ Ծնունդն անցկացնել Սուրբ Պատարագին մասնակցելով՝ խորհելով Սուրբ Ծննդյան մսուրի մասին և հիանալով Աստծո ժպիտով, որը մեզ Հիսուսն է բերել:

     

    «Այս ցանկությունը ձեր հետ տուն տարեք, փոխանցեք ձեր մերձավորներին, հատկապես հիվանդներին ու տարեցներին: Թող նրանք զգան ձեր ժպիտի ջերմությունը»,- եզրափակեց Սրբազան Քահանայապետը:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց