«Նոր սերնդի համար տարեցները փորձառության և իմաստության գանձարան են»
«Այն հասարակությունը, որը չի արժևորում տատիկներին և պապիկներին, ապագա չունի: Նոր սերնդի համար տարեցները փորձառության և իմաստության գանձարան են: Այն հասարակությունը, որը հաշվի չի առնում սերունդների միջև համաձայնությունը, ի վերջո կկորցնի այն, ինչն իսկապես կարևոր է՝ սերը»:
Այս խոսքերը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ասաց 2018թ. օգոստոսի 28-ին, Դուբլինում, ընտանիքների հետ ընդհանուր մի հանդիպման ժամանակ: Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքում տարեցների հանդեպ հոգատարությունը միշտ կարևոր տեղ է զբաղեցնում, քանի որ կյանքի իրավունքի պաշտպանության մի մաս է՝ կյանքի իրավունքը՝ մարդ անհատի հղացման առաջին վայրկյանից մինչև մահը: Այս տեսլականով է աշխատում նաև Հայկական Կարիտասը՝ տարեցներին ուղղված իր սոցիալական ծրագրերում՝ ջանալով Աստծո սիրո ներգործությունը առավել զգալի դարձնել հատկապես միայնակ, հիվանդություններից տառապող կամ սոցիալական վատ պայմաններում ապրող տարեցների կյանքում:
Որպես տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում մեր սիրելի տատիկների և պապիկների հետ հոգևոր աշխատանքի մի կարևոր և գեղեցիկ հանգրվան, դեկտեմբերի 20-ին նրանց հետ միասին առաջին անգամ բեմադրեցինք Սուրբ Ծննդյան ավետարական պատմությունը: Համոզվեցի, որ մեկ ամսից ավելի տևած մեր միասնական ջանադրությունը, ինչպես նաև երկարատև հոգևոր զրույցները, միասնական աղոթքները ի զուր չէին: Առաջացած տարիքի հետևանքները, ֆիզիկական թուլությունը, տարիների բեռը, ընտանեկան, հոգեբանական, սոցիալական խնդիրները չկարողացան խոչընդոտել անկեղծ խոսքերի, ժպիտների, հրեշտակների պարային պարզ շարժումների, ի վերջո, հավատքից բխած գործողությունների ազատ արտահայտման համար, որոնք այնքա՜ն գեղեցիկ և այնքա՜ն տպավորիչ էին, որ նույնիսկ իրենց՝ տարեցների համար անակնկալ էր: Անակնկալ էր, քանի որ ի սկզբանե, իրե՛նք էլ լուրջ չէին ընդունում բեմադրություն անելու իմ առաջարկը. Կույս Մարիամի, Մանուկ Հիսուսի ծնունդի մասին հրեշտակի ավետիսը, Սուրբ Հովսեփի, հրեշտակների կերպարները իրենց առաջացած տարիքում ներկայացնելու միտքը շատերի համար անհասկանալի էր և ծիծաղ էր առաջացնում, երբեմն հիասթափեցնում էին նաև տարեկից որոշ ընկերների անտարբեր կամ քննադատական հայացքները, խոսքերը, որոնք սակայն, ի վերջո, տեսնելով ընկերների հաջողությունները, վերածվեցին անկեղծ դրվատանքի խոսքերի և ծափահարությունների: Ինձ համար մե՜ծ հաճույք էր ուղեկցել յուրաքանչյուր դերակատարի՝ ստեղծագործական առաջին քայլերը կատարելիս, հիշեցնել խոսքերը, պարային շարժումներ անել իրենց հետ միասին և, ի վերջո, հանդիսատեսի առջև շնորհակալություն հայտնել բոլորին:
Անշուշտ, երախտագիտությունս հայտնեցի նաև կենտրոնի անձնակազմին, հատկապես, սոցիալական աշխատող Գուրգեն Բաղդասարյանին, որ տարիներ շարունակ կիսել է կենտրոն հաճախող տատիկ պապիկների դժվարություններն ու ուրախությունները, տկն. Ֆլորային և Արմեն Մարտիրոսյանին, որ ղեկավարում են տարեցների խնամքի ծրագրերը, կամավորականներին՝ Մարգարիտին, Հայկուշին, հատկապես, Վալերիային, որ Եղիսաբեթի դերակատար տկն. Սիլվայի հետ միասին պատրաստեց բեմական հագուստները, Հայկական Կարիտասի տնօրեն Գագիկ Տարասյանին և ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանին, որ իրենց ներկայությամբ քաջալերեցին և սիրով լի ուշադրություն ցուցաբերեցին իրենց սիրելի շահառուների նկատմամբ՝ իրենց համար բացահայտելով նրանց տաղանդները, երիտասարդական ավյունը, որ չեն կարող սքողել տարիների թողած կնճիռները և որ հուշում է մի միտք՝ այն, որ շահառուների համար հարկավոր է միշտ ավելին անել: Շնորհակալ եմ նաև տկն. Գոհար Շախուլյանին, որ նվագեց և երգեց բեմադրության ընթացքում և որ երկար ժամանակ կամավորական սկզբունքով հոգևոր զրույցներ է վարել կենտրոնի տարեցների հետ: Այս օրը առիթ էր նաև միասնության, վատ սովորությունները մոռանալու, միմյանց հանդեպ ավելի ջերմ և հանդուրժող լինելու՝ Սուրբ Ծննդյան տեսարանի խորհրդի հետ համահունչ:
Բեմադրությունն ավարտվեց պատմողի հուզված խոսքերով.
«Աշխարհում կան հազարավո՜ր մարդիկ՝ տարեցներ, հիվանդներ կամ միայնակ, լքված, մոռացված բոլորից, ովքեր կորցրել են ամեն ինչ և բոլորին: Բայց Հիսուս չի՛ մոռանում ոչ մեկին՝ անկախ այն բանից, թե ովքեր են նրանք, ինչպիսի անցյալ են ունեցել, մեղավոր են, թե արդար, Հիսուսը սիրում է բոլորի՛ս…
Աստծո օգնությամբ մենք կարող ենք մեր կյանքը ապրել սրբությամբ և վերջում Աստծուն հանդիպել մեծ կարոտով և վստահությամբ, որ Աստված մեզ կարժանացնի լավագույն վիճակին»:
Վերջում ներկաներին ցույց տվեցի նաև հրեշտակներից մեկի՝ տկն. Էմմայի պատրաստած գոբելենը՝ Սուրբ Ծննդյան պատկերով, որ հեղինակը մեկ ամիս շարունակ ամեն օր խոստանում էր բերել և ցույց տալ բոլորին և ամեն անգամ մոռանում էր բերել: Այսօր բերել էր և իր համար իսկական տոն էր. միակ զավակին կորցրած միայնակ այդ կնոջն, ի վերջո, ես տեսա անկաշկանդ և լայն ժպտալով:
Տ. Հովսեփ Գալստյան
Հայկական Կարիտասի Հոգևոր խորհրդատու