«Հիսուս Մանուկը՝ պարզ մսուրի մեջ դրված, մեզ ներշնչում է մի վստահություն, որ մենք կարո՛ղ ենք մեր ապագան կառուցել՝ մեր երազանքների համաձայն և Աստծո կամքի համաձայն»
«Հիսուս Քրիստոսի ծննդյան պատկերումը ինքնին հանդիսանում է Աստծո Որդու Մարդեղության խորհրդի պարզ և բերկրալից հռչակումը: Իսկապես, Սուրբ Ծննդյան մսուրը, կարծես, Սուրբ Գրքի էջերից դուրս եկած կենդանի Ավետարան լինի».
այս տողերը Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այս տարի հրապարակված «Հրաշալի նշանը» վերտառությամբ ուղերձից են՝ Սուրբ Ծննդյան մսուրի պատկերի մասին: Քահանայապետը կոչ է անում վերարժևորել մսուրի նշանակությունը, խորհուրդը, և մսուրի պատկերներ պատրաստել մեր տներում, աշխատավայրերում, հրապարակներում, ամենուրեք, ուր կա հնարավորություն:
Քահանայապետի այս ուղերձը մեզ ոգևորում է առավել մեծ ուշադրություն դարձնել Սուրբ Ծննդյան ավետարանական պատումին և ոչ միայն տեղադրել պատկերներ, այլև կենդանացնել, վերապրել այդ սրբազան պատումը՝ մեր տներում, կենտրոններում, ամեն տեղ, որտեղ ունենք գեթ չնչին մի հնարավորություն:
Այս մտածումով այս տարի որոշեցինք Սուրբ Ծննդյան պատումի բեմադրություններ կազմակերպել կամ աջակցել դրանց առավել հարուստ կազմակերպմանը նաև Հայկական Կարիտասի մի քանի կենտրոններում:
Առաջին բեմադրությունը տեղի ունեցավ 2019թ. դեկտեմբերի 17-ին, Գյումրիի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում՝ սաների բեմադրությամբ և աշխատակիցների օգնությամբ, հատկապես, կենտրոնի համակարգող Աննա Մարտիրոսյանի, երգեցողության ուսուցչուհի Հասմիկ Չերքեզյանի, որ սովորեցրեց երգերը և օգնեց կազմակերպչական աշխատանքում, կարի ուսուցչուհի Սվետա Մկրտչյանի, որ սիրով կարեց բեմական հագուստները, նկարչության ուսուցիչ Վարդան Տիրատուրյանի, որ ստեղծեց գեղեցիկ դեկորացիաները՝ քարայրի տեսարանը, մսուրը, կենդանիները, կամավորական երիտասարդները և ուրիշներ: Այս մեծ աշխատանքի համար նրանց հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը:
Բայց ամենամեծ երախտագիտությունը պետք է հայտնել կենտրոնի պատանիներին, պարմանուհիներին և երիտասարդներին, ովքեր մեծ ջանքեր գործադրեցին՝ լավագույն կերպով ներկայացնելու ավետարանական պատումի հիման վրա մեր պատրաստած սցենարը: Ինչպես պատմողն իր խոսքում ասաց. «Սիրելի՛ ծնողներ և ներկաներ, սա մեր առաջին բեմադրությունն է, որ ջանացինք ներկայացնել մեր համեստ ուժերով, բայց շատ լայն և ջերմ սրտերով: Մենք դերասաններ չենք, բայց ուզեցինք ձեզ ցույց տալ, թե ինչքա՜ն ենք սիրում Հիսուսին և Սուրբ Ավետարանը»:
Նրանք իրո՛ք ցույց տվեցին իրենց սերը, իրենց մեծ բերկրանքը՝ առ այն, որ կարողանում են ներկայացնել Սրբուհի Մարիամին, Սուրբ Հովսեփին, հովիվներին, մոգերին, ինը հրեշտակների՝ Գաբրիել հրեշտակապետի գլխավորությամբ. ա՛յս էր իրենց առաքելությունը և ոչ թե՝ արհեստավարժ դերասական մի խաղ ցույց տալը: «Աստվածամոր, Սուրբ Հովսեփի կամ հովիվների դերերը խաղալը մեզ համար մեծ ուրախություն է, որովհետև նրանք սրբեր են, ում յուրաքանչյուրս կոչված ենք նմանվելու: Նրանք մեզ նման մարդիկ էին, որ ապրում էին աղքատ, դժվար պայմաններում, իրենց երեսի քրտինքով վաստակում էին իրենց օրվա հացը, բայց այնքա՛ն հավատք ունեին, որ լսեցին Աստծո ձայնը և համաձայնվեցին կատարել Աստծո կամքը, իրենց սրտերը լայն բացեցին Աստծո սիրո առջև: Նրանց դերերը տանելով՝ մենք մի քայլ առաջ ենք անում դեպի սրբություն». ասացին պատանիները:
Վերջում, որպես ավետարանական պատումին ավելացված գեղարվեստական մաս, հրեշտակները խոսքեր ուղղեցին հանդիսատեսին: Ահա՛ մի հատված.
«Մենք՝ պատանիներս ու երիտասարդներս, մեր սրտերում անսահման մեծ եռանդ ունենք, մեծ ու անսահման՝ այնքան, որքան մեր երազանքներն են: Հիսուս Մանուկը՝ պարզ մսուրի մեջ դրված, մեզ ներշնչում է մի վստահություն, որ մենք կարո՛ղ ենք մեր ապագան կառուցել՝ մեր երազանքների համաձայն և Աստծո կամքի համաձայն»:
Իսկ մյուս հրեշտակն ուզեց այդ խանդավառությամբ ոգևորել նաև ծնողներին և մյուս մեծահասակներին՝ ասելով.
«Դուք էլ երբե՛ք-երբե՛ք մի հուսահատվեք, սիրելի՛ ծնողներ և բոլոր մեծահասակներ: Մեզ նայելով՝ հիշե՛ք, որ մենք միշտ ձեր կողքին ենք մեր անսպառ եռանդով, մեր ժպիտով, մեր օգնությամբ, մեր մեծ վստահությամբ և հավատքով և ձեզ խնդրում ենք, որ դու՛ք էլ հավատաք և վստահեք, որ դուք էլ ձեր սրտերում ունենաք երազանքներ՝ մեզ նման, որ դուք էլ հիշեք ձեր երիտասարդությունը»:
Նրանց ոգևորելը մեր յուրաքանչյուրիս պարտականությունն է, մեր ներկայությունը իրենց կյանքում, այսպիսի ստեղծագործական ինքնադրսևորումների պահերին մի կարևոր աջակցություն և զորակցություն է նրանց համար. այս մասին իմ շնորհակալական խոսքում ասացի մեր սիրելի ծնողներին և հյուրերին, որ սիրով ընդառաջել էին մեր հրավերին՝ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանին, Հ. Ներսես Վրդ. Գալստյանին, Հ. Եղիա Վրդ. Դերձակյանին, Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանին, Անարատ Հղության հայ միաբան քույրեր Ք. Ռեբեկային ու Ք. Պոլինին, Շիրակի մարզպետարանի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Լիլիթ Գորգինյանին և Հայկական Կարիտասի այլ ծրագրերի աշխատակիցներին: Հիշեցրեցի Սրբուհի Մայր Թերեզայի հայտնի խոսքերը, թե «պետք է ձգտել անել ոչ թե մեծ գործեր, այլ՝ փոքր գործեր՝ մեծ սիրով»: Ա՛յս էր երիտասարդների հետ մեր միասնական ջանքերի ամբողջ իմաստը՝ որպես պատասխան՝ յուրաքանչյուրիս հանդեպ Աստծո առատազեղ սիրույն, որի խտացումն է նորածին Հիսուս Մանուկը կամ մարդեղացած Աստծո Որդին:
Տ. Հովսեփ Գալստյան
Հայկական Կարիտասի Հոգևոր խորհրդատու