• Մեր կյանքը դարձնենք մի մշտական «այո՛»՝ ասված Աստծո կամքին

    «Աստծո առջև բաց լինելը դրսևորվում է ուրիշների մասին հոգ տանելու պատրաստակամությամբ՝ այդ ամենն անելով առանց որևէ աղմուկի ու պարծենկոտության, չցանկանալով զբաղեցնել պատվավոր տեղեր, առանց հրապարակավ գոռալու»


    2019թ. դեկտեմբերի 8-ին՝ Աստվածամոր Անարատ Հղության տոնին, Ֆրանցիսկոս Քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում աղոթեց «Հրեշտակ Տեառն» աղոթքը: Իր խորհրդածության մեջ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Սուրբ Կույս Մարիամն Աստծո կատարյալ արարչությունն է, Արարչի գլուխգործոցը: Զերծ մնալով սկզբնական մեղքից և լցված լինելով աստվածային շնորհով՝ Նա մնում է խոնարհ ու հեզ, համեստ ու աղքատ: Մարիամի գեղեցկության մեջ արտացոլվում է Աստծո գեղեցկությունը, Աստծո սերը, գթությունը, զոհողությունը:

     

    Հիսնակաց շրջանի (Սուրբ Ծննդյանը նախորդող շրջանը) համատեքստը, սպասումի ժամանակը ենթադրում է, որ Աստված անպայման կիրագործի Իր խոստումները: Անարատ Հղության տոնին մենք խորհում ենք այդ կատարյալ խորհրդի սկզբի մասին, որն եղել է մինչև Աստվածամոր ծնունդը, Սրբազան Քահանայապետը պարզաբանեց. «Կույս Մարիամի Անարատ Հղությունը մեզ տանում է դեպի հենց այն ակնթարթը, երբ Մարիամի կյանքը բաբախեց իր մոր արգանդում»: Հենց այդ պահից Աստծո սրբագործող սերը պաշտպանել է Մարիամին չարի կործանարար ազդեցությունից, որը բեռ է ողջ մարդկության համար:

     

    «Այսօրվա Ավետարանում հնչում է հրեշտակի ողջույնը Մարիամին. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհակալ, Տերը քեզ հետ է» (Ղկ. 1:28): Աստված ցանկացավ, որպեսզի Մարիամը մասնակից դառնա Իր անճառելի ծրագրին՝ որպես լի շնորհով, այսինքն Աստծո սիրով: Որպեսզի լինենք լի՝ լցված, պետք է տեղ ազատել, ինքնամաքրվել, ինչպես դա արեց Մարիամը. Աստվածամայրը գիտեր լսել Աստծո Խոսքը լսել  և ամեն ինչում վստահել Աստծո Կամքին՝ Աստծուն ընդունելով իր կյանքի մեջ՝ այն աստիճան, որ Աստծո Խոսքն իր մեջ մարմնացավ: Հրեշտակի այն հարցին, թե արդյո՞ք Մարիամը պատրաստ է դառնալ Հիսուսի մայրը, Մարիամը պատասխանում է. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղկ 1:38):

     

    «Մարիամը երկար չի մտածում, Աստծուն չի խոչընդոտում, այլ պատրաստակամությամբ Իրեն վստահում է Սուրբ Հոգուն՝ Նրան տալով ազատ գործելու իրավունք: Նա անմիջապես Ինքնիրեն ու Իր անձնական  պատմությունը հանձնում է Աստծուն, որպեսզի Աստծո Խոսքն ու Կամքը կարողանան ձևավորել իրեն և հասցնել ավարտին: Այսպիսով, Աստծո ծրագրի համաձայն, Մարիամը դառնում է «ամենագեղեցիկը», «ամենասուրբը», սակայն առանց ինքնահավանության, մեծամտության որևէ նշույլի»:

     

    Աստծուն լիովին վստահելով՝ Մարիամը Իրեն անվանում է «Աստծո աղախին», ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «Թող լինի՛» խոսքերը, որ Մարիամն ասաց Աստծուն, ի սկզբանե ենթադրում էր ծառայություն, ուշադրություն՝ ուրիշների կարիքներին:

     

    Դրա վկայությունն է հանդիսանում Մարիամի այցելությունը Եղիսաբեթին. Ավետումից անմիջապես հետո Մարիամը ճանապարհ է ընկնում:

     

    «Աստծո առջև բաց լինելը դրսևորվում է ուրիշների մասին հոգ տանելու պատրաստակամությամբ՝ այդ ամենն անելով առանց որևէ աղմուկի ու պարծենկոտության, չցանկանալով զբաղեցնել պատվավոր տեղեր, առանց հրապարակավ գոռալու: Սերն ողորմության գործերը պետք չէ ներկայացնել որպես հաղթանակի ավար, ողորմության գործերն արվում են լուռ, գաղտնի և դրանցով չի կարելի պարծենալ»:

     

    Մենք կոչված ենք օրինակ վերցնելու Աստվածամորից, սովորելու գործել զուսպ և գաղտնի, ընդգծեց Ֆրանցիսկոս Քահանայապետը: «Թող մեր Մոր տոնը օգնի մեզ մեր ամբողջ կյանքը վերածել միասնական «այո»-ի՝ ասված՝ Աստծուն, «այո», որը նշանակում է երկրպագել Տիրոջը և ամեն օր կատարել սիրո ու ծառայության գործեր»,-կոչ արեց Սրբազան Քահանայապետն ու սկսեց աղոթել Տիրամոր աղոթքը:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց