• Սիրո «խենթությունը». Քահանայապետի այցը՝ «Գթության քաղաք»

    «Շարունակե՛ք օգնել միմյանց, դա օգտակար է սրտին»


    Հռոմի Կարիտասի թեմական մասնաճյուղի 40-ամյակի կապակցությամբ՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն այցելեց կազմակերպության կենտրոնը՝ «Գթության քաղաք»-ը, որտեղ կա ատամնաբուժական կլինիկա, Համերշախության սուպերմարկետը, բարեգործական ճաշարան և Սրբուհի Հակինթայի ապաստարանը: Ֆրանցիսկոս Քահանայապետին դիմավորեցին Գթության քաղաքի տնօրեն Հ. Բենոնի Ամբարուսը և բարեգործական կենտրոնի 220 կամավորականներն ու շահառուները: Նրանց ողջունելով՝ Քահանայապետն ասաց. «Շարունակե՛ք օգնել միմյանց, դա օգտակար է սրտին»: Սրբազան Քահանայապետն ընդգծեց «խոցելիություն» բառը. շփվելով խոցելի մարդկանց հետ, մենք նկատում ենք մեր սեփական խոցելիությունը, և դա մեզ միավորում է:

     

    «Օգնություն խնդրել՝ նշանակում է ընդունել, որ դու խոցելի ես, իսկ օգնել կարելի է՝ միայն գիտակցելով նաև սեփական խոցելիությունը: Տեղի է ունենում տարբեր վերքերի, տարբեր թուլությունների հանդիպում. մենք բոլորս էլ խոցելի ենք և ունենք թուլություններ: Աստված նույնպես ցանկացավ լինել խոցելի՝ մեզ համար: Նա մեզանից մեկն է, և Նա տառապեց. Նա չուներ տուն, որտեղ պետք է ծնվեր, Նա ենթարկվեց հալածանքների, փախչեց այլ երկիր՝ դառնալով գաղթական, տառապեց աղքատությունից: Աստված դարձավ խոցելի: Ահա թե ինչու մենք կարող ենք խոսել Հիսուսի հետ, չէ ՜ որ Նա մեզանից մեկն է»:

     

    Սրբազան Քահանայապետը շեշտեց, որ աղքատներին չի կարելի օգնել «հեռավորության վրա». անհրաժեշտ է դիպչել նրանց վերքերին, և դա Հիսուս Քրիստոսի՛ վերքերն են: Երբ դիպչում ենք նրանց վերքերին, նկատում ենք մեր սեփական վերքերը. այս շնորհը մենք ձեռք ենք բերում աղքատների շնորհիվ: Նկատելով մեր վերքերը՝ մենք հասկանում ենք, որ փրկության կարիք ունենք:

     

    «Կարիտասի» տնօրենը խնդրեց Ֆրանցիսկոս Քահանայապետին խորհուրդ տալ ապագայի համար և պատասխանը եղավ հետևյալը. «Ավետարանը հռչակել ոչ թե փաստարկներով, այլ վկայություններով»: Սրբազան Քահանայապետը օրինակ բերեց բարի սամարացուն: Հիսուսը պատմում է միայն, որ նա «խղճաց»: Հավանաբար հյուրանոցի տերը, ում մոտ սամարացին բերել էր վիրավորին, մտածեց. «Ինչպիսի՜  խելագար»: «Խենթություն» – սա է հիմնաբառը պարզաբանեց Ֆրանցիսկոս Պապը. «սիրո խենթություն, օգնության խենթություն, մեր խոցելիությամբ հաղորդակցության խենթություն»:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց