«Լրատվամիջոցները ծառայում են Ավետարանացմանը»
2019թ. նոյեմբերի 24-ին Կահիրե ժամանեց Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս Պատրիարքը՝ մասնակցելու «Լրատվամիջոցները ծառայում են Ավետարանացմանը» խորագիրը կրող Արևելքի Կաթողիկէ Պատրիարքների 27-րդ Համագումարին:
Կահիրեի Միջազգային օդանավակայանում Հոգևոր Տիրոջը դիմավորեցին՝ Եգիպտոսի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տեր Օգոստինոս Գրիգոր Եպս. Գուսան, Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Կարեն Գրիգորյանը, Եգիպտոսում Լիբանանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ալլի Ալ Հալաբին և Եգիպտոսում Վատիկանի Գործերի ժամանակավոր հավատարմատար Հ. Ջոն Թումասը:
Համագումարը մեկնարկելու է երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին Ղպտի կաթողիկէներին պատկանող Սուրբ Ստեփանոս համալիրում:
Համագումարի պաշտոնական բացումը կազդարարի Ալեքսանդրիայի Ղպտի Կաթողիկէների Պատրիարք Գերերջանիկ Տեր Իբրահիմ Իսահակը: Բացման արարողությանը խոսք կտրվի նաև Վատիկանի Գործերի ժամանակավոր հավատարմատար Հայր Ջոն Թումասին, ով զեկույց կներկայացնի նախկին համաժողովների արդյունքում իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Համագումարի աշխատանքային օրակարգում նախատեսված են նաև այցելություններ Եգիպտոսի Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին և Սուրբ Մարկոսի Աթոռի Պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Առաջնորդ Նորին Սրբություն Թավադրոս Բ-ին:
Համագումարի ավարտին՝ նոյեմբերի 29-ին, երեկոյան ժամը 18:00-ին, Պատրիարքների ձեռամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Նասր քաղաքի Սուրբ Աստվածամոր տաճարում:
Տեղեկությունը տրամադրեց և թարգմանեց՝
Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան
Փանիկի Սուրբ Աստվածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցու Ժողովրդապետ և
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի
Հայ Կաթողիկէ Երիտասարդաց խմբի նախագահ