«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ հայկական ինքնությանն այսքան մոտիկ և հարազատ մնալու, այդ ինքնությունը ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու համար». Նիկոլ Փաշինյան
Իտալիա պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկէ եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան։
Վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տեր Ռաֆայել Արքեպս. Մինասյանը և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Գերհ. Հայր Նարեկ Ծ. Վարդապետ Նամոյանը։ Նիկոլ Փաշինյանը շրջել է Հռոմի Հայ Կաթողիկե եկեղեցում, ծանոթացել հայկական հոգևոր, կրթական մշակութային կառույցի և Քահանայապետական վարժարանի գործունեությանը, հանդիպել նաև Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի սաներին, Անարատ Հղության հայ քույրերի միաբանության քույրերին և Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին։
Վարչապետին ողջույնի և բարեգալստյան խոսք ուղղեց նախ Գերհ. Հայր Նարեկ Ծ. Վարդապետ Նամոյանը, ով իր խոսքում պատմեց Իտալիայում հայ կաթողիկէ համայնքի հաստատման, Լևոնյան Վարժարանի պատմությունը, նշանավոր հայ կաթողիկէ հոգևորականների մասին: Նա խոսեց հայ ժողովրդի պատմական դժվարությունների մասին՝ հիշեով հայ մեծ հայրապետներ Սահակ Պարթևին, Ներսես Շնորհալուն, ովքեր կանգնած էին հայ իշխանավորների կողքին՝ իրենց սիրո և համերաշխության, միասնության սրտառուչ կոչերով, խրատներով: «Նրանց օրինակով մենք՝ եկեղեցականներս, Ձեզ ենք երկարում մեր համագործակցության ձեռքը». ասաց Գերհ. Նամոյանը:
Ապա խոսք առավ Արհ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, որ նախ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդի անունից ողջունեց Վարչապետին՝ ասելով.
«Հայ Կաթողիկէ Եկեղեցին, շարունակելով իր գործունեությունը ծավալել ինչպես սփյուռքում, այնպես էլ մայր հայրենիքում, հետևում է հայրենական իշխանության գործունեությանը՝ ուրախակից լինելով յուրաքանչյուր փոքր ու մեծ ձեռքբերումներին: Մենք մեր վստահ աջակցությունն ենք հայտնում Ձեր այն բոլոր քայլերին, որոնք միտված են հզորացնելու հայոց պետականությունը և բարեկեցիկ կյանք ապահովելու հայ ժողովրդին՝ իր հայրենի օրրանում: Մեծ հետաքրքրությամբ հետևում ենք սփյուռքի հայկական գաղթօջախներ կատարած Ձեր այցելություններին և ոգևորվում ենք Ձեր այցելություններով՝ դեպի հայկական ազգային նկարագիրը պահպանող կենտրոններ, ինչպիսիք են Վենետիկի Սուրբ Ղազար կղզին՝ Մխիթարյան միաբանությունը և Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցին, որոնք, բացի կրթական և մշակությանին կենտրոններ լինելուց, հայ հոգևոր ինքնության պահպանման և հոգևորականների պատրաստման կաճառներ են:
1970-ականներին Պողոս Զ Քահանայապետն իր արտասանած ճառում բնութագրում է Հայ Եկեղեցին՝ իբրև մի յուրահատուկ տեսքով և բույրով ծաղիկ՝ Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների շարքում և մատնանշում էր Հռոմի քահանայապետների առանձնահատուկ սերն ու գուրգուրանքը՝ հայերի հանդեպ՝ հիշելով Գրիգոր ԺԶ Պապի ծրագիրը, որ ի կատար ածեց Լևոն ԺԳ Քահանայապետը՝ հիմնելով Հռոմի Քահանայապետական վարժարանը, որտեղ այսօր գտնվում ենք: Այն հնարավորություն է շնորհում հայերիս՝ կենսագործել և ապահովել հոգևոր սպասավորների շարունակականությունը, որ ի պատիվ Լևոն ԺԳ Քահանայապետի, կոչվեց «Լևոնյան հայ վարժարան»: Այն կանգնուն է և ծավալում է իր դարավոր գործունեությունը մինչև այսօր: Արդյունքը հետևողական և նվիրյալ առաքելության ապահովումն է, որ ծավալում է Հայ Կաթողիկէ Եկեղեցին՝ հայ ազգին տալով հոգևոր և ազգային նկարագրի պահպանությունը՝ մինչև անգամ պատրաստ լինելով նահատակության վասն հայրենյաց: Ահավասիկ այստեղ է ամփոփված երանելի նահատակ Տ. Կոմիտաս քահանան, սրբազան խորաններից մեկը նվիրված է նաև Երանելի Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանին, որ նահատակ է 1915-ի Ցեղասպանության: Այս տարվա նոյեմբերի 11-ին դարձյալ Տեր Զորում ծորեց արյունը նահատակության Տ. Հովսեփ Քհն. Պետոյանի, որ միացավ ապրիլյան բյուրավոր նահատակներին: Հպարտությամբ նշում ենք, որ Հայ Եկեղեցին ունակ եղավ Կաթողիկէ Ընդհանրական Եկեղեցուն պարգևելու երկու ռահվիրա՝ երջանկահիշատակ Վսեմաշուք Կարդինալներ Անտոն Հասունին և Գրիգոր Պետրոս Աղաջանյանին, որ ամփոփված են Սուրբ Նիկողայոսի այս եկեղեցում: Գրիգոր Պետրոս Աղաջանյանը երկար տարիներ իր նվիրյալ ծառայությունը մատուցեց Կաթողիկէ Եկեղեցու Հավատքի տարածման գրասենյակի ղեկավարի պաշտոնում: Այսօր Սուրբ Աթոռը սկսել է նրա երանացման և սրբադասման գործընթացը, որ հուսանք շուտով կլինի: Հանձինս նրա, մենք կունենանք ևս մեկ սուրբ՝ մեր հայ սրբերի բույլի մեջ՝ որպես բարեխոս մեր Հայ Եկեղեցու միասնականության և երկրի խաղաղության համար»:
Իր խոսքի ավարտին Ռաֆայել Սրբազանը Իտալիայում բնակվող հայության անունից բարի գալուստ մաղթեց Վարչապետին և վստահեցրեց, որ ամեն օր աղոթում են հայ ազգի բարօրության համար:
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատասխան շնորհակալություն հայտնեց խոսքերի համար և ասաց հետևյալը.
«Գերապայծառ Տեր,
հոգևոր հայրեր,
շնորհադարձ քույրեր,
ՀՀ կառավարության հարգելի ներկայացուցիչներ,
սիրելի ներկաներ,
ես մտածում էի Իտալիայի Հանրապետություն մեր ընթացիկ այցի մասին, և տպավորությունն այն է, թե այս այցն Իտալիա, հայ-իտալական հարաբերությունները, հետագա հնարավորություները ավելի լավ իմանալու, գիտենալու, ճանաչելու մասին է։ Բայց իրականում գործնականում գրեթե բոլոր այցերն ունեն շատ կարևոր մի հատված և առանձնահատկություն՝ մինչ այս պահին, հիմա առավել ևս ընդգծվում է։ Խոսքն այն մասին է, որ տարբեր երկրներ այցելելով, տարբեր հանդիպուներ ունենալով՝ մենք ոչ միայն ճանաչում ենք և իմանում ենք այդ երկրների մասին, այլև ավելի լավ ճանաչում ենք ինքներս մեզ, մեր պատմությունը, մեր ինքնությունը, և այս պաշտոնական այցերը նաև մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր պատմությունն ավելի լավ ճանաչելու մասին են։
Ընդհանրապես երբ խոսում ենք մեր ապագայի կերտման, մեր ինքնության պահպանման և զարգացման մասին, դրա համար և այդ ճանապարհին կա շատ կարևոր մի բանաձև. մենք իսկապես որպես ժողովուրդ պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի խորը իմանանք մեր պատմությունը, ավելի մանրամասն գիտենանք մեր ժառանգության մասին, և մեր ապագան կառուցելու ամենակարևոր գործողություններից մեկը մեր անցյալը ճանաչելու, մեր անցյալի հետ հաշտ լինելու գործընթացն է։ Իտալիա կատարած այս այցը, ինչպես նաև այլ երկրներ կատարած այցերը իսկապես շատ հսկայական հայկական ենթատեքստ ունեն. մենք սկսեցինք Վենետիկից՝ այցելելով Մխիթարյան միաբանություն, որը մեր ինքնության պահպանման և զարգացման գործում անուրանալի և անգնահատելի վաստակ է ունեցել։ Այսօր մենք Լևոնյան վարժարան այցելելու առիթ ունենք, Միլանի Հայ Առաքելական եկեղեցում հանդիպում ունեցանք։ Այս այցերը, անկեղծ ասած, մեծացնում են մեր ներուժի գնահատականը, անսահման հարգանքը ինքներս մեր պատմության, մեր ժառանգության նկատմամբ և մեր ապագայի հանդեպ հավատը։ Երբ մենք այցելում ենք հեռավոր Սինգապուր, և այնտեղ այցելության ամենակարևոր օջախներից մեկը հայկական եկեղեցին է, երբ այցելում ենք Ռուսաստան, Եվրոպայի երկրներ, Ֆրանսիա, ԱՄՆ, իրականում այդ բոլոր այցերի արդյունքներից մեկը մեր ինքնությունն ավելի լավ ճանաչելու պատեհությունն է, հնարավորությունն է, և սա իսկապես շատ բարձր գնահատանքի է արժանի։
Ես ուզում եմ ասել, որ իսկապես մենք շատ բարձր ենք գնահատում Հայ Առաքելական եկեղեցու, Հայ Կաթոլիկ եկեղեցու, Հայ ավետարանական եկեղեցու դերը մեր ինքնության պահպանման և զարգացման գործում։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ հայկական ինքնությանն այսքան մոտիկ և հարազատ մնալու, այդ ինքնությունը ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու համար։ Այնպես ստացվեց, որ Միլանում հանգամանքների բերումով մեր ողջ հանդիպումն անցավ Ղուկասի ավետարանի Տասը մնասի առակի համատեքստում։ Ես կարծում եմ, որ այդ առակը հենց այսօր էլ շատ հրատապ է մեզ համար, որովհետև հարցն այն չէ, թե մենք ինչ հաշիվ ենք պահանջելու ինքներս մեզնից, հարցն այն է, թե մենք ինչ հաշիվ ենք տալու մեր սերունդներին, որովհետև այն ժառանգությունը, որ մենք ունենք ՀՀ-ում, աշխարհում, պետք է ոչ միայն ուղղակի պահպանվի, այլև պետք է զարգանա։ Այդ ժառանգությունը պետք է ուժեղացնի մեր ինքնությունը, մեր ժողովրդին, մեր պետությունը, մեր դիրքերը, ավելի վստահ դարձնի մեր ձայնը, ավելի մեծ պատասխանատվության դրդի հենց մեզ՝ ընդ որում, ոչ միայն ինքներս մեր ճակատագրի, այլև աշխարհի ճակատագրի, քրիոստոնեության, մարդկության առաջ մեր ունեցած պատասխանատվությունը։ Իսկ արդյոք մենք ընդհանրապես ունե՞նք այդպիսի պատասխանատվություն և կարող ենք ունենալ այդպիսի պատասխանատվություն և խոսել դրա մասին։ Այս հարցի պատասխանը մենք կարող ենք ստանալ միայն ինքներս մեզ ավելի լավ ճանաչելուց հետո։ Իսկ մենք ինչքան լավ ենք ճանաչում մեզ, հասկանում ենք, որ այսպիսի ժառանգություն ունեցող ժողովուրդը չի կարող ուղղակի անցորդ լինել մարդկության պատմության ճանապարհին, չի կարող ուղղակի դիտորդ լինել մարդկության պատմության թատերաբեմում։ Այսպիսի ժողովուրդը պետք է դերակատար լինի, և այդ դերակատար լինելու առաքելությունն ի կատար ածելու առաջին և նախնական ամենակարևոր գործողությունն ինքներս մեզ ճանաչելն է, որովհետև հնարավոր չէ որևէ նպատակի հասնել առանց սեփական ուժերը գնահատելու, առանց սեփական անցյալը ճանաչելու, առանց սեփական ժառանգությունը գնահատելու։ Իսկ մեր ժառանգությունը, որն առաջին հերթին հոգևոր է, որովհետև այն, ինչ այստեղ նյութական է, որևէ արժեք չէր ունենա և չի կարող ունենալ, եթե հենված չլինի հոգևոր ամուր և անսասան հիմքի վրա։
Մեր ժառանգությունն առաջին հերթին հոգևոր է, որովհետև կապ չունի՝ Հայ Առաքելական եկեղեցու, թե Հայ Կաթոլիկ եկեղեցու մասին ենք խոսում։ Կարծում եմ, որ շատերը չէ, որ սրա մասին գիտեն և ինձ համար նույնպես պետք է խոստովանեմ՝ անակնկալի որոշակի տարրեր կային, որ հենված են նույն արժեքների վրա։ Սուրբ Ղազար կղզում հաճույքով արձանագրեցի, որ տաճարի հիմնական խորանները նվիրված են Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին, Գրիգոր Լուսավորիչին, և սա այն հոգևոր ամբողջությունն է, որ մեզ բոլորիս միացնում է։ Ես ուզում եմ հավատալ, որ մեր պատմության և ժողովրդի այս նոր ժամանակաշրջանը հենց դրա մասին է, որ մենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի ամբողջական գնահատենք, չզլանանք դիտել մեր թերությունները, չվախենանք շեշտել մեր առավելությունները, չվարանենք բարձրաձայնել մեր նպատակները և չվախենանք հաստատ քայլերով գնալ մեր նպատակների հետևից։
Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար և բարձր եմ գնահատում այն ամենը, ինչ միացրել է, միացնում է, միասնական է դարձնում մեզ բոլորիս»։
Վերջում Ռաֆայել Սրբազանը Լևոնյան հայ վարժարանի անունից ՀՀ Վարչապետին նվիրեց հայոց պատմության ֆրանսերեն եռահատոր մի գիրք և Տիրամոր մի գեղեցիկ պատկեր:
Այցելում ենք Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան։
Եկել ենք Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան։
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 22. November 2019
Տ. Հովսեփ Գալստյան