• Ֆրանցիսկոս Քահանայապետը հանդիպեց Թայլանդի Գերագույն Պատրիարքի հետ

    «Մենք կարող ենք սատարել «հանդիպման, եղբայրության ու կարեկցության մշակույթին»»


    Խորհրդածություն, գթասրտություն և ինքնաճանաչողություն. կաթողիկէների ու բուդդիստների համար այս ընդհանուր հիմունքներով կարելի է կառուցել հանդիպման, եղբայրության ու կարեկցանքի մշակույթ:

     

    «Ես երախտապարտ եմ ձեր ժողովրդին, որ Թայլանդում քրիստոնեության հայտնվելուց ի վեր՝ շուրջ 4-5 դար առաջ, կաթողիկէները՝ լինելով փոքրամասնություն, ունեցել են կրոնական ազատություն և տարիներ շարունակ ներդաշնակ ապրել են բուդդիստ եղբայրների ու քույրերի հետ». երախտագիտության այս խոսքերով Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը դիմեց Թայլանդի բուդդիստների Գերագույն Պատրիարք Սոմդետ Պխրա Արիավոնգսագատանանեին: Հանդիպումը կայացավ նոյեմբերի 21-ին՝ Բանգկոկի Ռատչաբոֆիտ տաճարում Սրբազան Քահանայապետի առաքելական այցի շրջանակներում, «արժեքներն ու ուսմունքերը խորհրդանշող տաճարում, որը բնորոշում է այս սիրելի ժողովրդին»,-ասաց Ֆրանցիսկոս Պապն՝ ընդգծելով, որ բուդդիզմի ակունքներից նրա հետևորդները վերցրեցին «ծերերին հարգելու ու կյանքը գնահատելու սովորույթը, զուսպ կենսակերպը, որի համար հիմք են հադիսանում խորհրդածությունը, մեկուսացումը, տքնաջան աշխատանքն ու կարգապահությունը»: Այս առանձնահատկությունները,-ավելացրեց Ֆրանցիսկոս Պապը,-սնուցում են ձեր հիանալի ինքնությունը, որի շնորհիվ ձեզ անվանում են «ժպտացող ժողովուրդ»»:

     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը հիշեցրեց հիսուն տարի առաջ տեղի ունեցած մի հանդիպման մասին, որի ժամանակ բուդդիստ վանականների մի խումբ 17-րդ Գերագույն Պատրիարքի գլխավորությամբ այցելեցին Պողոս Զ Պապին Վատիկանում: Այս հանդիպումը շրջադարձային դարձավ երկու կրոնական ավանդույթների երկխոսության համար, որը թույլ տվեց Հովհաննես Պողոս Բ Պապին այցելել հենց այս նույն տաճարն ու հանդիպել Գերագույն Պատրիարքին:

     

    Միմյանց ընդառաջ գնալու այս քայլերը վկայում են այն մասին, որ հանդիպման մշակույթը հնարավոր է և, երբ մենք սովորում ենք հարգել միմյանց առանձնահատկությունները՝ «մենք աշխարհին առաջակում ենք հու՛յս, որը կարող է խրախուսել ու աջակցել նրանց, ովքեր ամենից շատ են տառապում ամենաթողության պատճառով»,-ընդգծեց Ֆրանցիսկոս Պապն ու ցանկացավ, որ քրիստոնեությանն ու բուդդայականությանը բնորոշ խորհրդածության, գթասրտության և ինքնաճանաչության միջոցով մենք կարողանանք ջերմ հարաբերություններ զարգացնել և «մեր կրոնների միջև մշակել նոր բարեգործական ծրագրեր, որոնք կարող են ստեղծել ու բազմացնել կոնկրետ գործեր՝ եղբայրության այս ճանապարհին, հատկապես, ամենաաղքատների հետ, ինչպես նաև մեր ընդհանուր տան հետ կապված, որին այդքան վատ են վերաբերվում»:

     

    Այսպիսով մենք կարող ենք սատարել «հանդիպման, եղբայրության ու կարեկցության մշակույթին»,- ասաց Ֆրանցիսկոս Պապը:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց