• «Ես ուզում եմ, որ այսօր յուրաքանչյուրը մտածի. ինչու՞ աշխարհում այսքան ատելություն կա». Ֆրանցիսկոս Պապ

    «Բամբասանքն ու զրպարտությունը սպանում են»


    Նոյեմբերի 12-ին Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Մարթայի Մատուռում մատուցեց առավոտյան Սուրբ Պատարագ և իր քարոզում մեկնաբանեց առաջին ընթերցումը՝ Սողոմոնի իմաստության գրքից՝ աշխարհում չարի կործանարար ներկայության մասին:

     

    Սրբազան Քահանայապետը շեշտեց, որ չարը ատելություն է սերմանում, որը տանում է դեպի մահ: Մարդկային սրտի մեջ ներթափանցում են խանդը, նախանձը, մրցակցությունը, սկսվում է «պայքար և ցանկություն՝ ոչնչացնելու միմյանց», չնայած որ բոլոր մարդիկ կարող էին ապրել համերաշխ՝ որպես եղբայրներ»:

     

    Ֆրանցիսկոս Պապն ընդգծեց. անգամ եթե քրիստոնյան վստահ է, որ ոչ ոքի չի ոչնչացնում, ապա սովորական զրույցի ժամանակ հնարավոր է հեշտությամբ ոչնչացնել խոսքով. լեզուն դաժան, մահացու զենք է: «Բամբասանքն ու զրպարտությունը սպանում են»,- ընդգծեց Քահանայապետը: Անգամ ջերմեռանդ քրիստոնյան կարող է մարդասպան դառնալ, քանզի ի սկզբանե «մեր մեջ պատերազմ է ընթանում»: «Կայենն ու Աբելը եղբայրներ էին,-հիշեցրեց Ֆրանցիսկոս Պապը,-սակայն նրանցից մեկի խանդն ու նախանձը սպանեց մյուսին»: Սա՛ է մեր իրականությունը, և բավական է լուրեր նայել. մարդիկ մահանում են պատերազմներից, խոշտանգումներից ու բռնություններից:

     

    «Այս ամենի ետևում կանգնած է մեկը, ով հրահրում է նման բաներ կատարել: Դա կոչվում է «գայթակղություն»: Երբ մենք խոստովանության ենք գնում, ապա հոգևորականին ասում ենք. «Հա՛յր, այս կամ այն գայթակղությունն եմ ունեցել…»: Ինչ-որ մեկը շշնջացել է սրտիդ՝ ստիպելով շեղվել ճիշտ ճանապարհից. նա, ով սրտերում ատելություն ու ավերածություն է սերմանում: Այսօր մենք պետք է հստակ հայտարարենք, որ աշխարհում շատ են ատելություն սերմանողները, որը տանում է դեպի կործանում»:

     

    «Հաճախ,-շեշտեց Ֆրանցիսկոս Քահանայապետը,-մտածում եմ, որ զանգվածային լրատվամիջոցների լուրերը ներկայացնում են ատելության պատմությունը՝ հանուն կործանման. ահաբեկչություններ, պատերազմներ»: Շատ երեխաներ մահանում են սովից ու հիվանդություններից: Նրանք ջրի, կրթության, հիգիենայի մասին գիտելիքների կարիք ունեն: Այս ամենի համար անհրաժեշտ գումարները ծախսվում են զենքի արտադրության վրա, որ նախատեսված է ոչնչացնելու համար: Սա տեղի է ունենում ոչ միայն մեզ շրջապատող աշխարհում, այլ նաև մեր սրտերում՝ նախանձի ու ատելության սատանայական սերմի պատճառով: Չարը նախանձում է մեր մարդկային էությանը, նա չի կարողանում հաշտվել այն բանի հետ, որ Աստծո Որդին դարձավ մեզանից մեկը, և դրա համար էլ շուրջ բոլորը ամեն ինչ ոչնչացնում է:

     

    Կործանելն ու ատելություն սերմանելը «որևէ կանոնակարգի մեջ չեն մտնում, դա վերաբերում է նաև քաղաքական կյանքին», սակայն «ոմանք, այնուամենայնիվ, զբաղվում են դրանով»: Քաղաքական գործիչները վիրավորանքներով ու զպարտություններով «դիմացինին նսեմացնելու և ոչնչացնելու» գայթակղություն ունեն, սակայն դա առողջ քաղաքական առճակատում չէ՝ երկրի բարօրության համար:

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց.

     

    «Ես կցանկանայի, որ այսօր մեզանից յուրաքանչյուրը մտածի. Ինչու՞ ներկայիս աշխարհում այդքան ատելություն կա. ընտանիքներում, որոնք, երբեմն, չեն կարողանում հաշտվել, հարևանների միջև, աշխատավայրում, քաղաքականության մեջ: Դա ատելություն սերմանողի գործերն են, որովհետև սատանայի նախանձի միջոցո՛վ մահը մտավ աշխարհ: Ոմանք ենթադրում են, որ սատանան գոյություն չունի, այլ կա ինչ-որ վաղանցիկ չար: Սակայն Աստծո խոսքը հստակ է. հենց չարը դուրս ելավ Հիսուսի դեմ,- կարդացե՛ք Ավետարանը: Հավատում ենք, թե՝ ոչ, բայց դա այդպես է»:

     

    Քարոզի ավարտին Ֆրանցիսկոս Պապը հավատացյալներին աղոթելու կոչ արեց, որպեսզի «մեր սրտերում զորանա հավատը՝ դեպի Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին». Աստված ընդունեց մեր մարդկային բնությունը, «որպեսզի պայքարի մեր մարմնով և հաղթի մեր մարմնի մեջ …»

    Թո՛ղ հավատը «մեզ ուժ տա, որպեսզի չներքաշվենք այդ մեծագույն նախանձողի, ստախոսի, ատելություն սերմանողի խաղի մեջ»:

     

    Vatican News, թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց