• Քրիստոնյա ամուսիններն իրենց տունը պետք է դարձնեն «տնային եկեղեցի»

    «Ողջունեցե՛ք Պրիսկէին և Ակիւղասին՝ իմ գործակիցներին ի Քրիստոս Հիսուս, որոնք իմ անձի համար վտանգեցին իրենց գլուխը…», Հռմ. 16, 4


     

    Ֆրանցիսկոս Պապը նոյեմբերի 13-ի ընդհանուր ուկնդրությունը սկսեց անձրևոտ օրը՝ Պողոս Զ-ի սրահում, որտեղ հավաքվել էին տարբեր հիվանդություններով տառապող անձինք: Սրբազան Քահանայապետը դիմեց նրանց շնորհակալական ջերմ խոսքերով.

     

    «Ես ուրախանում եմ, որ չնայած մեծ դժվարություններին դուք այստեղ եք գալիս, որպեսզի ցույց տաք ձեր սերը Եկեղեցու նկատմամբ»: Այնուհետև ուկնդրությունը շարունակվեց Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ Ֆրանցիսկոս Պապը ողջունեց ուխտավորներին և հորդորով դիմեց նրանց՝ հիմք ընդունելով Գործք Առաքելոց Գիրքը: Այս անգամ Ֆրանցիսկոս Պապը խորհրդածեց Ակյուղաս և Պրիսկէ ամուսնական զույգի մասին, ովքեր վտանգեցին իրենց կյանքը, որպեսզի փրկեն Պողոս Առաքյալի կյանքը, ինչպես ինքն է գրում Հռոմեացիներին ուղղված Թղթում (16:4). «Ողջունեցե՛ք Պրիսկէին և Ակիւղասին՝ իմ գործակիցներին ի Քրիստոս Հիսուս, (որոնք իմ անձի համար վտանգեցին իրենց գլուխը, և որոնցից միայն ե՛ս չէ, որ շնորհակալ եմ, այլև՝ հեթանոսների բոլոր եկեղեցիները) և նրանց առտնին եկեղեցին»: Ակյուղասի և Պրիսկէի տունը դառնում է «տնային եկեղեցի»՝ ամուսնական զույգի մոդել, որը մեծ պատասխանատվությամբ ծառայում է ողջ քրիստոնեական համայնքին: Ֆրանցիսկոս Պապը հիշատակեց Բենեդիկտոս ԺԶ-ի խոսքերը, ով 2007թ. փետրվարին իր քրիստոնեական ուսուցումներից մեկում ընդգծել է, որ սկզբում քրիստոնեությունը քարոզել են աշխարհականները. նրանք իսկական humus՝ հումուս են՝ հավատքի աճի համար անհրաժեշտ հողը»:

     

    Ակյուղասի և Պրիսկէի տանը լսում են Աստծո խոսքն և Սուրբ Պատարագ են մատուցում: Այսօր ևս, ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը, մի շարք երկրներում, որտեղ քրիստոնյաները հալածանքների են ենթարկվում, նրանք հավաքվում են  հենց նման տնային եկեղեցիներում՝ աղոթքի և ծիսակատարությունների համար:

     

    Կորնթոսում Ակյուղասի և Պրիսկէի տունը իր դռները բացում է Պողոս Առաքյալի համար, ով կես տարի մնաց նրանց հետ: Ամուսնական զույգը ստիպված էր Հռոմից տեղափոխվել Կորնթոս այն բանից հետո, երբ կայսր Կլավդիոսը հրամայեց հրեաներին հեռանալ քաղաքից:

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ հրեաների՝ նախորդ դարի դաժան հալածանքներից հետո թվում էր, թե ամեն ինչ անցյալում է, սակայն «այսօր որոշ շրջաններում հրեաներին հետապնդելու սովորությունը նորից վերածնվում է»: «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, դա ոչ մարդկային է և ոչ էլ քրիստոնեական: Հրեաները մեր եղբայրներն են և նրանց նկատմամբ հալածանքները անընդունելի են, թող դա պարզ լինի»,-ասաց Ֆրանցիսկոս Պապը:

     

    Ակյուղասը և Պրիսկէն ցույց են տալիս, որ նրանց սիրտը՝ «լի է հավատով դեպի Աստված և մեծահոգությամբ՝ դեպի մարդկությունը, ընդունակ է տեղ գտնել նրանց համար, ովքեր, ինչպես և ինքը, հանդիսանում են օտարականներ: Այս նրբանկատությունը շեղում է հայացքը իրենցից, որպեսզի ցույց տա քրիստոնեական հյուրընկալության արվեստը»: Այդ պատճառով, նրանք ընդունում են ոչ միայն ավետարանչին, այլև՝ հենց Բարի Լուրը:

     

    Իր ուսուցման ավարտին Ֆրանցիսկոս Պապը աղոթելու կոչ արեց, որպեսզի Սուրբ Հոգին իջնի բոլոր քրիստոնյա ամուսինների վրա, որ նրանք էլ՝ Ակյուղասի և Պրիսկէի նման, իրենց սրտերը բացեն Քրիստոսի և եղբայրների համար և իրենց բնակարանները, տները վերածեն տնային եկեղեցու:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց