• Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մխիթարյան Միաբանության մայրավանք

    «Ուզում եմ հայ ժողովրդի գնահատանքն արտահայտել Մխիթարյան միաբանությանը»


    Ինչպես հայտնում է Արմենպրեսը,

     

    Իտալիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք:

     

    Նախ կայացավ նեղ կազմով հանդիպում Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակների հետ, այնուհետև Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց Մայրավանքում, որից հետո գրառում կատարեց միաբանության «Ոսկե գրքում»:

     

    «Եկել ենք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը, ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել: Նաև ուզում եմ հայ ժողովրդի գնահատանքն արտահայտել Մխիթարյան միաբանությանը, որ մեր ժամանակակից կրթության, գիտության արվեստի աղբյուրներից մեկն է: Այն ժամանակ, երբ հայության ինքնությունը վտանգված էր Հայրենիքում, Մխիթարյան միաբանությունը մեր լեզվի, պատմության, ինքնության պահպանման մի տաճար դարձավ»,-գրառման մեջ նշել է Նիկոլ Փաշինյանը:

     

    Հայաստանն ու հայ ժողովուրդը չպետք է համաձայնեն գտնվել համաշխարհային կրթության, գիտության հետնախորշերում: Անհրաժեշտ է ունենալ մրցակցային կրթություն և գիտություն: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

    «Մխիթարյան միաբանության դերն անգնահատելի է, այն ունի հսկայական գիտական ժառանգություն և դարձել է գիտական տաճար: Այն քաղաքական ուժի, որը ես ներկայացնում եմ, կազմած ծրագրի հիմքում ինքնության պահպանումն ու զարգացումն է: Ես ուզում եմ ընդգծել, որ, ըստ էության, շատ հաճախ պսպղան կարգախոսների ներքո, իրականում վնասում ենք մեր ինքնությունը, կորցնում ենք ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները: Մեր կառավարության առաքելությունը համարում եմ այն, որ ինքներս մեզ ամբողջական ճանաչենք, գնահատենք մեր ունեցած ներուժը: Համոզված եմ, որ Մխիթարյան միաբանությունում դեռ շատ հետազոտելու նյութեր կան: Եվ դրանք կարող են լինել հայաստանյան գիտական շրջանակների ուշադրության կենտրոնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Օրացույց

Օրացույց