• Սուրբ Պետրոսի հրապարակում աղքատների համար բացվեց բժշկական կենտրոն

    «Երբեմն հույսի վերածնման համար պահանջվում է շատ քիչ բան. կանգնել, ժպտալ, կերակրել, կիսվել բարի խոսքով»


    Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կարիքավորների համար բացվեց նոր բժշկական կենտրոն: Ակցիան, որը ոգեշնչել  է  Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը, կշարունակվեց մինչև նոյեմբերի 17-ը՝ Աղքատների համաշխարհային երրորդ օրը, որը հիմնեց նույն Սրբազան Քահանայապետը՝ 2017թ.: 2018թ. այդ նախաձեռնության շնորհիվ շուրջ երեք հազար մարդ օգտվել է անվճար բժշկական ծառայություններից:

     

    Ինչպես նախորդ տարիներին, Սուրբ Պետրոսի հրապարակի Բեռնինիի սյունաշարի ձախ թևի մոտակայքում առավոտից մինչև ուշ երեկո կարելի է կլինիկական հետազոտություններ անցնել ու այցելել բազմաթիբվ մասնագետների՝ սրտաբանների, դիաբետոլոգների, ակնաբույժների և ճառագայթաբանների: «Սա իսկական հիվանդանոց է»,- նախագծի շնորհանդեսի ժամանակ ընդգծեց Արքեպիսկոպոս Ռինո Ֆիզիչելլան՝ Նոր ավետարանացման պապական խորհրդի նախագահը:

     

    Անցած տարի Սրբազան Քահանայապետն այցելեց Վատիկանի հրապարակում տեղակայված բժշկական կենտրոնը, շնորհակալություն հայտնեց բժիշկներին ու կամավորներին և ողջունեց աղքատներին: Բարեգործական նախաձեռնությանը մասնակցում են բժիշկներ ու կամավորներ՝ ամբողջ Իտալիայից, և սա լույս է սփռում տեղի բնակչության «առողջական վիճակի» վրա, Vatican News-ին  տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց բժիշկ Լորիս Պագանոն՝ շարժական բուժկետի ընդհանուր բժշկության բաժնի վարիչը:

     

    «Երբեմն հույսի վերածնման համար պահանջվում է շատ քիչ բան. կանգնել, ժպտալ, կերակրել, կիսվել բարի խոսքով»: Այս մասին գրում է Ֆրանցիսկոս Պապը աղքատների Համաշխարհային 3-րդ օրվա վերաբերյալ ուղերձում, որը նվիրված է «Աղքատների հույսը չամաչելն է» թեմային (Սղմ. 9,19): «Աղքատներն ունեն մեր ձեռքերի կարիքը, որպեսզի բարձրանան, ունեն մեր սրտերի կարիքը, որպեսզի նորից զգան սիրո ջերմությունը, ունեն մեր ներկայության կարիքը, որպեսզի դիմակայեն մենակությանը: Այլ խոսքերով՝ նրանք ունեն սիրո կարիք: Պետք է աղքատներին ընդառաջ գնալ. նրանք միայնակ մարդիկ են, երիտասարդներ ու ծերեր, որոնց կարելի է տուն հրավիրել ճաշի, նրանք տղամարդիկ են, կանայք ու երեխաներ, ովքեր ակնկալում են բարեկամական ջերմ խոսքերի»:

     

    Մի քանի օր առաջ էլ Սուրբ Պողոս 6-րդի սրահում տեղի ունեցավ հատուկ բարեգործական համերգ՝ «Աղքատների հետ աղքատների համար» խորագրով: Համերգի ժամանակ հնչեց մոնսինյոր Մարկո Ֆրիզինայի երաժշտությունը՝ քահանայապետերի ու սրբերի մասին ֆիլմերից, Նիկոլա Պիովանիի երաժշտութունը՝ «Պինոկիո» և «Կյանքը գեղեցիկ է» ֆիլմերից Իտալիայի կինեմատոգրաֆիական նվագախմբի կատարմամբ, ղեկավարում էին մաեստրո Ֆրիզինան և Պիովանին: Կարիքավորները զբաղեցնում էին պատվավոր տեղերը առաջին շարքերում:

    Անցալ շաբաթվա ընթացքում անցկացվել են բազմաթիվ թեմատիկ միջոցառումներ: Իսկ կիրակի՝ նոյեմբերի 17-ին, Աղքատների 3-րդ համաշխարհային օրը, Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի բազիլիկայում մատուցեց Սուրբ Պատարագ, այնուհետև Վատիկանի Պողոս Զ սրահում ճաշեց՝ Իտալիայի ու Եվրոպայի տարբեր անկյուններից ժամանած 1.500 կարիքավորների հետ:


     

     

    Vatican News, թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց