Սիրիայի հայ կաթողիկէ բնակչությունը արդեն իմացավ, որ Սրբազան Քահանայապետը հուզված է ու մեզ հիշում է իր աղոթքներում
Արձագանքելով Ֆրանցիսկոս Քահանայապետի Twitter-ի զորակցական գրությանը՝ Տ. Հովսեփ Պետոյանի նահատակության և նրա հուղարկավորության գույժի կապակցությամբ՝ Բերիայի հայ կաթողիկէ համայնքի Առաջնորդ ու Ջեզիրէի Կաթողիկէ Եկեղեցու Առաքելական Հոգաբարձու՝ Արհ. Տ. Պետրոս Արքեպս. Միրիաթյանը Վատիկան Նյուզ-Ռադիո Վատիկանի հետ ունեցած զրույցի ժամանակ նշել է, որ «Ֆրանցիսկոս Պապի՝ մեր կողքին լինելը իսկական մխիթարանք է մեզ համար։ Այն մեզ ուժ է տալիս, մենք զգում ենք, որ միայնակ չենք։ Համայն Կաթողիկէ Եկեղեցին մեր կողքին է։ Համայն աշխարհը մեր կողքին է։ Այս հեռու տարածքը, սիրելի և մարտիրոսվող Սիրիան, ինչպես Քահանայապետն է ասու՛մ, մոռացված չէ: Գամիշլիի բնակչությունն արդեն իմացավ, որ Սրբազան Քահանայապետն անձնապես ու Սիրիայում Պապական Նվիրակի միջոցով հայտնել է, թե հուզված է և մեզ հիշում է իր աղոթքներում» ավելացրեց Բերիայի հայ կաթողիկէների առաջնորդը։
Ռոբեր Ադդարյան, Վատիկան Նյուզ