• Հայաստանում է Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Արհ. Փոլ Գալագերը

    Պաշտոնական հանդիպումներ և այցելություն հայ կաթողիկէ առաջնորդարան


    Նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Հռոմի Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Արքեպիսկոպոս Փոլ Գալագերը: Բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյան առավոտյան այցելեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ուղեկցությամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի և Հայաստանում, Վրաստանում Պապական Նվիրակ Արքեպիսկոպոս Խոսե Բեթենկուրի պատվիրակության այլ անդամների: Արհիապատիվ Գալագերը հուշահամալիրի հուշամատյանում գրեց հետևյալը. «Հայոց ցեղասպանության թանգարան կատարած այցի առթիվ համակված եմ վշտի զգացումներով՝ այստեղ հիշատակված զոհերի համար։ Թող Աստուծոյ ողորմությունը հավերժ հանգիստ պարգևի բոլոր նրանց, որոնք իրենց կյանքը կորցրեցին և օգնի վերականգնեցնելու արդարությունն ու հարգանքը մարդկային հարաբերութիւններու մէջ՝ ի սպաս ավելի լավ մի աշխարհի: Թող Աստված մխիթարություն պարգևի զոհերի ժառանգներին և նրանց ընտանիքներին և օրհնի ողջ հայ ժողովրդին»։

     

    Արհիապատիվ Գալագերը պաշտոնական հանդիպումներ ունեցավ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ապա մեկնեց Սուրբ Էջմիածին և հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ:

    Երեկոյան Արհիապատիվ Գալագերը այցելեց Երևանի հայ կաթողիկէ առաջնորդարան, որտեղ Սուրբ Գրիգոր Նարեկացի մատռան մեջ մատուցեց Սուրբ Պատարագ՝ առընթերակայությամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի և Արքեպիսկոպոս Խոսե Բեթենկուրի: Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ միասնական ընթրիք, որին մասնակցեցին նաև հայ կաթողիկէ հոգևորականներ, ինչպես նաև Սրբոց հրեշտակապետաց միացյալ հոգևոր ճեմարանի սաները: Ճեմարանի տեսուչ Հոգշն. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը Արհ. Փոլ Գալագերին և Արհ. Խոսե Բեթենկուրին նվիրեց հոգևոր ճեմարանի լոգոյի պատկերը՝ որպես հուշ ճեմարան այցելության:

    Նոյեմբերի 10-ին, առավոտյան ժամը 9:30 Արհ. Փոլ Գալագերի նախագահությամբ Սուրբ Պատարագ կմատուցվի Գյումրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Մայր Տաճարում:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց