• Պետրոսը փոխեց իր մտածելակերպը՝ Աստծո ստեղծարարության շնորհիվ

    Գործք առաքելոց գրքի մեկնությունների շարունակությունը


    2019թ. հոկտեմբերի 16-ի ընդհանուր ուկնդրության ժամանակ Սրբազան Քահանայապետի՝ «Պետրոսն ու Սուրբ Հոգու հեղումը հեթանոսների վրա» խորագրով քարոզի հիմքը հանդիսացավ Պետրոս առաքյալի հետևյալ խոսքը. «Աստծո կողմից աչառություն չկա» (Գործք 10, 34):

     

    Բարի Լուրի ճանապարհորդությունն աշխարհում ողեկցվել է Աստծո բացառիկ ստեղծարարությամբ, որ հայտնվել է անսպասելի ձևերով:

     

    «Աստված ուզում է, որ Իր զավակները հաղթահարեն մեկուսացման բոլոր ձևերը և բացվեն համընդհանուր փրկության առջև,-ասաց Ֆրանցիսկոս Պապը: – Սուրբ Հոգով ու ջրով վերածնվածները, այսինքն՝ մկրտվածները, պետք է անկեղծ լինեն մյուսների հետ, ցուցաբերեն համատեղ կյանքին բնորոշ մտերմություն, որը միջանձնային հարաբերությունները վերափոխում է եղբայրության»:

     

    Գործք Առաքելոց Գրքում պատմվում է Պետրոս առաքյալի մի զարմանալի «արկածի» մասին, որը վճռորոշ է դարձավ իր հետագա կյանքի համար: Աղոթքի ժամանակ Պետրոսին մի տեսիլք է երևում, որը նրան ստիպում է մտածել այլ կերպ. այդպես Աստված ստիպում է նրան փոխել իր մտածելակերպը: Առաքյալը տեսնում է «անմաքուր» կենդանիներով մի սփռոց և մի ձայն է լսում, որը նրան հրավիրում էր մորթել և ուտել այդ կենդանիները: Որպես ազնիվ հրեա, Պետրոսը պատասխանում է. «Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև երբեք պիղծ և անմաքուր բան չեմ կերել»: Այդ ժամանակ Ձայնը կրկին անգամ հասնում է նրան. «Ինչ որ Աստված մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր»:

     

    Աստված կոչ է անում Պետրոսին՝ մարդկանց և իրադարձությունները չգնահատել ըստ մաքրության և անմաքրության կատեգորիաների, այլ մարդուն ընդունել այնպիսին, ինչպիսին որ նա կա և դատել ըստ մարդու սրտի մտադրությունների: Քանզի մարդուն պղծում է այն, ինչը բխում է նրա սրտից, և ոչ թե այն, ինչը ներթափանցում է դրսից:

     

    Այս տեսիլքից հետո Աստված Պետրոսին ուղարկում է անկիրթ օտարական Կոռնելիոսի տուն: Այս հեթանոս տան մեջ Պետրոսը քարոզում է խաչված ու հարություն առած Հիսուս Քրիստոսին և խոսում մեղքերի թողության մասին: Մինչ Պետրոսը խոսում է, Սուրբ Հոգին իջնում է Կոռնելիոսի և նրա ընտանիքի վրա և նրանք մկրտվում են: Այս աննախադեպ իրադարձության մասին իմանում են Երուսաղեմում: Ցնցված նրանից, որ Պետրոսը շփվել է հեթանոսների հետ՝ եղբայրները հանդիմանում են նրան, քանի որ դա թույլատրելի չէր օրենքով: Սակայն Կոռնելիոսին հանդիպելուց հետո Պետրոսը առավել համարձակ դարձավ ու ավելի մտերմացավ Աստծո ու մարդկանց հետ, քանզի նա Սուրբ Հոգու գործունեության մեջ  տեսավ Աստծո կամքը:

     

    Առաքյալների Իշխանը՝ Պետրոսը, մեզ սովորեցնում է, որ Բարի Լուրի քարոզիչը չպետք է արգելք հանդիսանա Աստծո ստեղծարարությանը, Ով միայն ցանկանում է, որ բոլոր մարդիկ փրկվեն: Ընդհակառակը, նա կոչված է նպաստելու մարդկային սրտի հանդիպմանը Աստծո հետ: Ֆրանցիսկոս Պապը խորհուրդ տվեց մտորել այն մասին, թե ինչ վերաբերմունք ենք ցուցաբերում եղբայրների նկատմամբ ու հատկապես նրանց հանդեպ, ովքեր քրիստոնեություն չեն դավանում, և աղոթել, որպեսզի կարողանանք հիանալ Աստծո մատուցած անակնկալներով ու արգելք չհանդիսանանք Նրա ստեղծարարությանը:

     

    Vatican News-ի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց