«Սավու՛ղ, ինչու՞ ես հալածում ինձ»
Մահից մինչև կյանք, գաղափարախոսությունից մինչև հավատքի լույս, հալածչից մինչև Ավետարանի քարոզիչ: Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հոկտեմբերի 9-ի ընդհանուր ուկնդրության ժամանակ խոսեց Սողոսի դարձի պատմության մասին՝ Գործք Առաքելոց գրքից:
Ստեփանոսի նահատակության դրվագից անմիջապես հետո հայտնվում է Սողոսի կերպարը, ով դառնում է Գործք Առաքելոց գրքի գլխավոր գործող անձանցից մեկը: Մենք տեսնում ենք մի մարդու, ով սկզբում հավանություն է տալիս Ստեփանոսի սպանությանն ու ցանկանում է կործանել Քրիստոսի Եկեղեցին, սակայն հետո դառնում է Աստծո ընտրյալ անոթը, որպեսզի հռչակի Ավետարանը ժողովուրդներին: Երիտասարդ Սողոսը անհանդուրժող է այլախոհների նկատմամբ, նա ակնհյատ ընդունում է միայն իր սեփական քաղաքական ու կրոնական պատկանելությունը, իսկ մյուսների մեջ տեսնում է թշնամիներ, որոնց դեմ պետք է պայքարել: Սողոսը տիպիկ գաղափարախոս է, նա կրոնը վերածեց գաղափարախոսության: Եվ միայն Հիսուս Քրիստոսի միջամտությամբ վերափոխվելով՝ Սողոսը կսկսի սովորեցնել, որ իրական պայքարը «արյան ու մարմնի դեմ չէ, այլ՝ երկրային չար ուժերի դեմ»:
Սողոսի այս պատմությունը բոլորիս մոտ մի հարց է առաջացնում. ինչպե՞ս ենք մենք ապրում, ինչպիսի՞ն է մեր հավատը: Արդյո՞ք մենք ընդառաջում ենք մարդկանց: Արդյո՞ք գիտակցում ենք, որ պատկանում ենք Ընդհանրական Եկեղեցուն, այսինքն այն Եկեղեցուն, որն, առանց բացառության, ներառում է և լա՛վ, և վա՛տ մարդկանց, թե՞ պատականում ենք ինչ-որ գաղափարախոսության: Ու՞մ առջև ենք մենք խոնարհվում՝ Աստծո՞, թե՞ դոգմատիկ ձևակերպումների: Ինչպիսի՞ն է մեզ դարձնում Աստծո հանդեպ ունեցած հավատը. արդյո՞ք մենք ընկերաբար, թե՞ թշնամաբար ենք վերաբերվում նրանց, ովքեր մեզ նման չեն մտածում:
Դամասկոս գնալիս՝ Սողոսին երևում է հարություն առած Հիսուսն ու ասում. «Սավու՜ղ, Սավու՜ղ, ինչու՞ ես հալածում ինձ»: Այստեղ Տերը ցույց է տալիս, որ Ինքը միասնական է նրանց հետ, ովքեր հավատում են Իրեն: Եկեղեցու մեկ անդամին հարված հասցնել՝ նշանակում է հարվածել ողջ Եկեղեցուն: «Անաղարտ» Եկեղեցու գաղափարախոսության հետևորդները ոչ միայն վնասում են Եկեղեցուն, այլ նաև վշտացնում են Տեր Հիսուս Քրիստոսին:
Քրիստոսի լույսը կուրացրեց Սողոսին և, ինչպես ասում էր Բենեդիկտոս 16-րդ Պապը, «արտաքուստ դրսևորվեց այն, ինչը հանդիսանում էր նրա ներքին իսկությունը, այսինքն կուրությունը Քրիստոսի՝ ճշմարտության, լույսի, նկատմամբ»: Սավուղն իր «անձնական զատիկն է» ապրում, մահից անցնում է դեպի կյանք:
Եզրափակելով՝ Ֆրանցիսկոս Պապն ասաց.
«Եկե՛ք խնդրենք Աստծուն, որ մեզ ևս Սավուղի նման փորձության ենթարկի: Միայն սիրո ներգործությունը քարե սիրտը կդարձնի մարմնավոր»:
Vatican News լրատվականի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը