• Եկեղեցու ներկայիս «ձմեռը» մեզ վերադարձնում է առաքելության ակունքներին

    «Աստծո խոսքով սնվե՛ք, առաջ անցե՛ք այն մշակութային խավարից, որում մենք ապրում ենք, խիզախե՛ք, առաջ շարժվե՛ք»


    Հոկտեմբերի 4-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մասնավոր ուկնդրության ժամանակ Վատիկանի Կլեմենտինյան սրահում ընդունեց Սուրբ Պողոսի դուստրերի hասարակության 11-րդ գլխավոր ժողովի  մասնակիցներին:

     

    Ֆրանցիսկոս Քահանայապետը, դիմելով հիսուներկու երկրներից ժամանած միանձնուհիներին, հիշեցրեց Մովսեսի, Աբրահամի, Եղիայի ու Աստծո ամբողջ ժողովրդի հավատքի բացառիկ փորձառությունը: Փրկության պատմությունը հիմնվում է Աստծուն ու Նրա խոստումներին վստահելու պատրաստակամության վրա, այնուհետև ուղևորվելու դեպի անհայտություն. Աստված է ընտրում մարդուն՝ միշտ տալով անհրաժեշտ օգնությունը:

     

    Սրբազան Քահանայապետն ասաց, որ ներկայիս դժվար ժամանակահատվածում քրիստոնյաները պետք է դրսևորեն առավել ամուր հավատք: Կարելի է ասել, որ «աստվածահաճո կյանքը ձմեռ է ապրում, նվազում է կոչումների թիվը, աճում է վանականների միջին տարիքը, իսկ ուխտի ժամանակ ստանձնած պարտավորությունների հանդեպ հավատարմությունը միշտ չէ որ բարձունքի վրա է: Պետք է կարողանանք հաղթահարել այս ձմեռը, նորից ծաղկել ու պտուղներ տալ»:

     

    Սառնությունը հասարակության մեջ, երբեմն նաև «անմիջապես Եկեղեցում և աստվածանվեր կյանքում», մեզ մղում է վերադառնալ ակունքներին և ոգեշնչվել այդտեղից: Ֆրանցիսկոս Քահանայապետն ընդգծեց, որ սա «անպտղության ու մահվան պահ չէ, այլ՝ բարենպաստ ժամանակահատված, որը թույլ է տալիս վերադառնալ ամենակարևորին»: Միանձնուհիները պետք է հաղթահարեն իրենց հոգնածությունն ու վերանայեն Սուրբ Պողոսի մարգարեությունները, ավետարանացման առաքելական ու միսիոներական  ուղին, որը տանում է դեպի այն մարդկանց, ովքեր ծարավ են Ավետարանի փրկարար խոսքին: Անհրաժեշտ է աջակցել ու կարեկցել կարիքավոր մարդկանց, խոր կարեկցանքը բնորոշ է Հիսուսին և դրա համար էլ պետք է լինի միանձնուհիների կոչման կարևորագույն հատկանիշը:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց.

     

    «Պետք է լինել միսիոներներ՝ վկայելով Քրիստոսի կյանքի մասին, ձեր դեպքում՝ հրատարակչական, թվային և մուլտիմեդիայի գործողությունների միջոցով, նպաստելով ԶԼՄ-ների քննադատական օգտագործմանն ու Աստվածաշնչի հետ ստեղծարար հաղորդակցությունը»:

     

    Սուրբ Պողոսի դուստրերի միաբանությանն ուղղված ելույթի ավարտին Ֆրանցիսկոս Պապը նշեց, որ նրանք երկար ու արգասաբեր ուղի են անցել, սակայն առջևում նրանց նորից երկար ճանապարհ է սպասվում.

     

    «Աստծո խոսքով սնվե՛ք, առաջ անցե՛ք այն մշակութային խավարից, որում մենք ապրում ենք, խիզախե՛ք, առաջ շարժվե՛ք: Հավատարիմ մնացեք ձեզ բնորոշ հեռանկարին, մի նախընտրեք բարոյականության չափորոշիչները, այլ նախապատվությունը տվեք Աստծո Խոսքը սերմանելուն՝ օգտագործելով հաղորդակցության «երևակայությունը»: Մեկնաբանե՛ք մեր ժամանակակիցների սովն ու ծարավը՝ Աստծո հանդեպ պապակը, Ավետարանի հանդեպ սովը: Այդ ամենն արե՛ք կարեկցանքով ու խորաթափանցությամբ, որը սկսվում է Աստծո հանդեպ վստահությունից: Ես ձեզ կոչ եմ անում վերածնել հավատն ու միշտ գտնվել Աստծո Խոսքի լույսի ներքո»:

     

    Vatican News ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց