• Սիզավետում և Ղազանչիում՝ Սբ. Սեղանի օծման և առաջին Սբ. Հաղորդության արարողություններ

    Փոքր թվով, բայց մեծ հավատքով


    2019թ. սեպտեմբերի 28-ին Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ և Ղազանչի հայ կաթողիկէ գյուղերում տեղի ունեցան Սուրբ Սեղանի օծման և առաջին Սուրբ Հաղորդության արարողություններ, որոնք կատարվեցին հայրապետական Սուրբ Պատարագների ընթացքում՝ մատուցված Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի ձեռամբ:

     

    Առավոտյան ժամը 11:00-ին, Սրբազան Հայրը ժամանեց Սիզավետ փոքրիկ գյուղը, որտեղ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում նրան դիմավորեցին առաջին Սուրբ Հաղորդության պատրաստվող հինգ մանուկները՝ հրեշտակների մասին մի գեղեցիկ երգով և աղ ու հացով: Ապա Սրբազան Հայրը մեկ առ մեկ ձեռքով ողջունելով բակում հավաքված հավատացյալներին, մտավ եկեղեցի՝ ծանոթանալու Խորանի նորակառույց քարե Սուրբ Սեղանին: Այն կառուցվել է ամիսներ առաջ՝ Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Աշոցքի գյուղապետարանի և Սիզավետի հավատացյալների միասնական նվիրատվություններով և ծնունդով Սիզավետից՝ վարպետ Արամ Թովմասյանի կամավորապես կատարած անգնահատելի, աստվածահաճո աշխատանքի շնորհիվ: Սուրբ Խորանի կառուցմանը զուգահեռ նաև նորոգվել է եկեղեցու հին պարիսպը, տեղադրվել է նոր դարպաս և նստարաններ՝ բակում: Սուրբ Սեղանը պատրաստված է ֆերզիտ քարից, ունի տապանակ և ստորին հատվածում զարդարված է Սուրբ Խաչի և երկու հրեշտակների քանդակներով:

    Սուրբ Սեղանը օծվեց Սրբալույս Մյուռոնով, այնուհետև Սուրբ Պատարագը մատուցվեց՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, առընթերակայությամբ Ուկրաինայի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի և Սիզավետի, Ղազանչիի, Մեծ Սեպասարի և Բավրայի ժողովրդապետ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի, սպասավորությամբ ճեմարանական եղբայրների: Սուրբ Պատարագի ընթացքում առաջին Սուրբ Հաղորդության պատրաստված սպիտակազգեստ մանուկները արտասանեցին հուզիչ և խորհրդավոր աղոթքներ, մատուցեցին խորհրդանշական ընծաները և առաջին անգամ ճաշակեցին Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմինն ու Արյունը՝ երախտագիտության խոսքերով:

    Սրբազան Հայրն իր քարոզում իր մեծ ուրախությունը հայտնեց Սուրբ Սեղանի օծման և հինգ մանուկների առաջին հաղորդության առթիվ՝ մանուկներին հրավիրելով մտածել այն մասին, որ առաջին Սուրբ Հաղորդությունը Տեր Հիսուսի հետ առաջին միությունն է, երկար սպասված և երանելի մի հանդիպում, ինչպիսին ծնողից երկար ժամանակով բաժանված երեխայի և ծնողի հանդիպումն է՝ մեծ և բնական մի երջանկություն, որը ոչ մի բանով չես կարող փոխարինել: Յուրաքանչյուր երեխա Տեր Հիսուս Քրիստոսին պետք է ընդունի որպես իր հոգևոր ծնողը, իր հոգևոր կյանքի աղբյուրը և աճման, սրբության միակ գրավականը և հիմքը:

    Սուրբ Պատարագից հետո Տ. Հովսեփ քհն. Գալստյանը երախտագիտություն հայտնեց Սրբազան Հորը՝ հայրական ներկայությամբ փոքրիկ համայնքի հավատացյալների մեծ հավատքը ամրապնդելու, նրանց զորակցելու համար: Քահանան շնորհակալություն հայտնեց նաև Հայկական Կարիտասին, գյուղապետարանին, վարպետին և բոլոր գյուղացիներին, ովքեր օգնել են Սուրբ Սեղանի կառուցմանը: Իրենց սրտի խոսքերն ասացին նաև հավատացյալները՝ Տկն. Կարինե Հակոբյանը, ով նաև շատ հուզիչ առոգանությամբ արտասանեց Վահան Թեքեյանի «Եկեղեցին հայկական» բանաստեղծությունը, երիտասարդների անունից խոսք ասաց Մելիք Միքայելյանը, ով նաև պատմեց երիտասարդների մասնակցության մասին՝ հայ կաթողիկէ երիտասարդական միջոցառումներին և հոգևոր ձեռնարկներին: Վերջում Սրբազան Հայրը հյուրընկալվեց գյուղի վարչական ղեկավար Հենրիկ Պողոսյանի տանը, որտեղ մտերմիկ զրույց ունեցավ սեղանի շուրջ:

    Ռաֆայել Սրբազանը Սիզավետից մեկնեց հարևան Ղազանչի գյուղը, որտեղ ևս մատուցեց Սուրբ Պատարագ՝ մատռան մեջ, որ գտնվում է երիտասարդական կրթական կենտրոնում: Ասյտեղ Սուրբ Պատարագի ընթացքում առաջին Սուրբ Հաղորդությունը Սրբազան Հոր ձեռքերից ընդունեցին տասը երեխաներ, ովքեր ևս, ինչպես Սիզավետի երեխաները, նախապես պատրաստվել էին Տեր Հովսեփի առաջնորդությամբ՝ քրիստոնեական վարդապետության դասընթացի ընթացքում: Սրբազան Հայրը երեխաներին դիմելով՝ ասաց, թե այս մատռան մեջ պատարագելը իրեն հիշեցրեց 1970-ականներին իր ծառայությունը փոքրիկ հայ կաթողիկէ համայնքներում, որտեղ կար պարզություն, շքեղության բացակայություն, բաց այնքա՜ն բաց և հավատքի մեջ ջերմ սրտեր, այնքան ամուր հավատք, որ մեծ և անփոխարինելի հոգևոր արժեք է: Սրբազանը ներկա ընտանիքներին հրավիրեց միշտ ամուր լինել հավատքի մեջ, երեխաներին՝ լինել հավատքի և սիրո առաջամարտիկները, անպտուղ չթողնել Հիսուսի հետ այս առաջին և հետագա բոլոր շնորհառատ միությունները, ընդունել Հիսուսին՝ որպես սեփական կյանքի, ապագայի միակ Տերը և անդավաճան ընկերը:

    Սուրբ Պատարագից հետո Տ. Հովսեփը շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը՝ Ղազանչի համայնքին ևս իր ներկայությամբ զորավիգ կանգնելու համար, շնորհակալություն հայտնեց նաև երեխաներին և նրանց ծնողներին՝ հավատքի վկայության և հոգևոր գիտակցության համար և հրավիրեց աղոթել, որ մի օր գյուղը նաև եկեղեցի ունենա: Ղազանչի գյուղում նոր հայ կաթողիկէ եկեղեցու հիմքերի կառուցման աշխատանքները կատարվեցին դեռևս 2014թ, բայց չշարունակվեցին՝ ֆինանսական դժվարությունների պատճառով: Առաջիկայում աշխատանքները կշարունակվեն՝ Աստծո օգնությամբ:

    Սուրբ Պատարագից հետո Սրբազան Հայրը ծանոթացավ նաև գյուղի կրթական կենտրոնի շենքի նորոգման աշխատանքների արդյունքներին. Հայկական Կարիտասի ծրագրերով, Սրբազան Հոր աջակցությամբ և քահանայի նախաձեռնությամբ վերջին ամիսներին մասնակի նորոգվել են շենքի երկրորդ հարկը, որտեղ գործում է մանկապարտեզը, ամբողջությամբ փոխվել է շենքի տանիքը, նորոգվել են կոյուղին և պարիսպները, կառուցվել է նախամուտքի ծածկը: Հայկական Կարիտասի «Ծխական խորհուրդներ» ծրագրով և բելգիահայ կանանց աջակցությամբ նորոգվել են շենքի առաջին հարկում գտնվող երկու ընդարձակ սենյակները, որոնցում սկսել են կազմակերպվել պարի և մարմնամարզության դասընթացներ՝ մանուկների և երիտասարդների համար:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

     

Օրացույց

Օրացույց