• Մարդկային կայսրությունները փլուզվում են, իսկ Եկեղեցին կանգուն է

    Քահանայապետը շարունակում է Գործք Առաքելոց գրքի մեկնությունը


    2019թ. սեպտեմբերի 18-ին Վատիկանում ընդհանուր ուկնդրության ժամանակ Սրբազան Քահանայապետը շարունակեց Գործք Առաքելոց Գրքի մեկնաբանությունը: Նա անդրադարձավ 5-րդ գլխում տրված օրենուսույց Գամաղիէլի խոսքերին, ով կոչ էր անում ճանաչել ու տարբերակել հոգիները. «Զգուշացե՛ք, որ հանկարծ  դուք Աստծո հակառակորդ չդառնաք»:

     

    Քրիստոսի անունով ուսուցանելու հրեաների արգելքին (5,28) Պետրոսն ու մյուս առաքյալները պատասխանում են, որ նրանք չեն կարող լսել նրանց, ովքեր ուզում են դադարեցնել Ավետարանի աշխարհով մեկ տարածումը: Առաքյալները ցուցաբերում են հավատքի այդպիսի հնազանդություն են, քանի որ Հոգեգալուստից  հետո նրանք այլևս մենակ չեն, նրանք միշտ գործում են Սուրբ Հոգու հետ միասին: Հիմա նրանք իրենց մասին ասում են. «Մենք ու Սուրբ Հոգին» (Գործք 5, 32), կամ «Սուրբ Հոգին և մենք»: (Գործք 15,28)

     

    «Նրանք զգում են, որ չեն կարող ասել միայն «ես», այս մարդիկ «ապակենտրոնացված են» իրենք իրենցից: Այս միությամբ զորեղացած՝ նրանք թույլ չեն տալիս վախեցնել իրենց: Նրանք շատ խիզախ են: Բայց չէ՞ որ մինչ այդ նրանք վախկոտներ էին, Հիսուսի ձերբակալումից հետո բոլորը փախան: Սակայն հետո քաջություն ձեռք բերեցին: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Բանն այն է, որ Սուրբ Հոգին նրանց հետ էր: Նույնը պատահում է մեզ հետ, երբ Սուրբ Հոգին մեզ հետ է, մենք խիզախորեն առաջ գնալով՝ հաղթում ենք շատ մարտերում: Առաքյաները չեն նահանջում՝ հարություն առած Հիսուսի քաջ վկաները լինելուց, ինչպես բոլոր ժամանակների նահատակները: Նահատակներն իրենց կյանքն են տալիս՝ չթաքցնելով, որ քրիստոնյաներ են»:

     

    Ֆրանցիսկոս Պապը խոսեց վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին, Լիբիայի ափերի մոտ ուղղափառ քրիստոնյա ղպտիների նահատակության մասին. «Նրանք մահացա՝ն Աստծո անունը շուրթերին և «չծախեցին իրենց հավատը, քանի որ Սուրբ Հոգին նրանց հետ էր»»:

     

    «Առաքյալները Սուրբ Հոգու «շեփորներն են», որ ուղարկել է հարություն առած Հիսուսը, որպեսզի առանց տատանվելու, պատրաստականությամբ տարածի փրկարար Խոսքը»:

     

    Սուրբ Հոգու շնորհիվ ի հայտ եկած վճռականությունը հրեական կրոնական համակարգին ստիպում է երերալ, դողալ, իսկ հրեա առաջնորդները, վտանգը զգալով, պատասխանում են բռնությամբ ու մահապատժով:

     

    «Քրիստոնյաները միշտ նույն ձևով են հետապնդվել: Բոլոր նրանք, ովքեր չեն սիրում քրիստոնեությունն ու իրենց զգում են վտանգված, քրիստոնյաներին դատապարտում են մահվան»:

     

     

    Այսպիսով, փարիսեցիների մեջ վեր է բարձրանում օրենուսույց Գամաղիելի ձայնը, որը կոչ է անում տարբերակել այն իրավիճակները, որոնք օրինաչափ չեն մեզ համար: Գամաղիելն ասում է, որ մարդկային ցանկացած գաղափար սկզբում իր հետ բերում է հաջողություն, բայց հետո այն կարող է ձախողվել: Սակայն այն, ինչն ի վերուստ է տրված և կրում է Աստծո «ստորագրությունը», չի կարող կործանվել:

     

    «Մարդկային ծրագրերը միշտ կործանվում են, քանի որ մեր նման ժամանակավոր են: Մտածե՛ք մեծաթիվ քաղաքական գաղափարների մասին, որոնք ամբողջ աշխարհում հաջորդում են միմյանց: Հզոր կայսրություններն, անցած դարի բռնապետներն իրենց շատ ուժեղ էին համարում և մտածում էին, թե կնվաճեն ամբողջ աշխարհը, սակայն նրանք բոլորը պարտություն կրեցին: Խորհե՛ք նաև ներկայիս կայսրությունների մասին: Նրանք նույնպես պարտվելու են, եթե Աստված նրանց հետ չէ, քանի որ նրանց բնածին ուժը չի կարող դիմակայել: Միայն Աստծո ուժն է անսասան: Մտածե՛ք նաև քրիստոնյաների ու Եկեղեցու պատմության մասին, որն իր մեծաթիվ մեղքերով ու խայտառակություններով հանդերձ, որոնք տեղի են ունեցել այս երկու հազար տարվա ընթացքում, դեռ կանգուն է: Ինչպե՞ս է Եկեղեցին դիմակայել: Եկեղեցին կանգուն է, քանի որ այնտեղ Աստված է ապրում: Մենք մեղավորներ ենք և հաճախ կարող ենք գայթակղվել: Բայց Աստված մեզ հետ է, և Աստված փրկում է նախ մեզ, հետո էլ նրանց: Նա միշտ փրկում է: Աստված մեզ հետ է, Աստված փրկում է, սա՛ է ուժը»:

     

    Ահա՛ թե ինչու է Գամաղիելը նախազգուշացնում. «Զգուշացե՛ք, որ հանկարծ դուք Աստծո հակառակորդ չդառնաք»:

     

    «Խնդրե՛նք Սուրբ Հոգուն, որ միշտ մեզ հետ լինի, որպեսզի մենք՝ անձնական ու համայնքային մակարդակով, կարողանանք հոգիները տարբերել: Խնդրե՛նք  Աստծուց, որ մեզ միշտ շնորհի փրկությունը միասնության մեջ տեսնելու ունակություն»:

     

    Vatican News կայքի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց