• Առանց Աստծո օգնության մենք չենք կարող հաղթել չարին

    «Ամեն անգամ, երբ խոստովանում ենք, Աստված ներում ու մոռանում է մեր մեղքերի մասին՝ ի պատասխան տալով սեր»


    Խորհրդածելով ու անդրադառնալով Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխին, որտեղ փարիսեցիները քննադատում էին Հիսուսին` առ Նա «ընդունում է մեղավորներին և ուտում նրանց հետ» (Ղկ. 15:2), Սրբազան Քահանայապետն ասաց, որ այս խոսքերը մեծ խորհուրդ ունեն: Հենց դա է պատահում մեզ հետ յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ժամանակ. Հիսուս ուրախ է ընդունել մեզ Իր սեղանի շուրջ, որտեղ Ինքն Իրեն տալիս է մեզ: Պատասխանելով փարիսեցիներին՝ Տեր Հիսուս երեք հիանալի առակներ է պատմում, որոնք ցույց են տալիս, որ Աստված գնում է դեպի նրանց, ովքեր հեռու են Իրենից:

     

    Առաջին առակը Հիսուս սկսում է հարցով. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ, երբ հարյուր ոչխար ունենա և կորցնի նրանցից մեկին, արոտավայրում չի թողնի իննսունիննին և չի գնա կորածի հետևից, մինչև որ այն գտնի»: (Ղկ. 15:4) Ողջամիտ մարդը դա չի անի, նա հաշվարկ կանի և այդ կորած ոչխարին կզոհաբերի, որպեսզի փրկի մնացած իննսունինը ոչխարներին: Սակայն Աստված այլ կերպ է վարվում, Նա գնում է որոնելու, քանի որ դու սիրելի ես Նրա համար, անգամ եթե դու դեռ չես բացահայտել Նրա սիրո գեղեցկությունը, Նրան չես դարձրել քո կյանքի իմաստը, չես հաղթահարել քո մեղքը:

     

    Երկրորդ առակում մեզանից յուրաքանչյուրն այն փոքրիկ մետաղադրամն է, որ Աստված չի ցանկանում կորցնել ու առանց տրտնջալու փնտրում է: Դրանով Նա ուզում է ասել, որ մենք թանկ ու սիրելի ենք Իր համար: «Ոչ ոք չի կարող քեզ փոխարինել Աստծու սրտում, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի իր ուրույն տեղը»,- պարզաբանեց Ֆրանցիսկոս Պապը:

     

    Երրորդ առակում Աստված հայտնվում է հոր կերպարով, ով սպասում է իր անառակ որդու վերադարձին: «Աստված մեզ միշտ սպասում է, Նա չի հոգնում ու հույսն էլ չի կորցնում, քանի որ մեզանից յուրաքանչյուրն այն կորած որդին է, որ վերադարձավ, այն մետաղադրամը, որ գտնվեց, այն ոչխարը, որին տերը խնդությամբ դրեց ուսերին»: Աստված համբերատար սպասում է, որ մենք համոզվենք, որ Նա մեզ սիրում է: Չպետք է վախենալ, որ մենք մեղսագործ ենք, Աստված մեզ սիրում է այնպիսին, ինչպիսին մենք կանք: Աստված գիտի, որ միայն Իր սերը կփոխի մեզանից յուրաքանչյուրի կյանքը:

     

    Սակայն Աստծո այդ անսահման սերը մեր հադեպ կարող է մերժվել, ինչպես որ դա արեց ավագ որդին: Խանդից կուրացած՝ նա չի համաձայնվում նման «անարդար» սիրո հետ՝ իր դիմաց տեսնելով վերակացու, այլ ոչ թե՝ հայր: «Մեզ նույնպես նման վտանգ է սպառնում, եթե մենք հավատանք Աստծուն՝ որպես խստապահանջ տիրոջ, այլ ոչ թե՝ ողորմած ու բարեգութ Աստծու, որ չարին հաղթում է ներելով և ոչ թե՝ պատժելով»,- պարզաբանեց Ֆրանցիսկոս Պապը:

    Սակայն ավագ որդին՝ չընդունելով հոր ողորմածությունը, ավելի մեծ մեղք է գործում իրեն իրավունք վերապահելով մտածելու, որ իր հետ անարդար են վարվել և դատում է արդարության մասին իր ունցած պատկերացումների համաձայն: «Մենք նույնպես մեղք ենք գործում մտածելով, որ մենք ազնիվ ենք, իսկ մյուսները խաբեբա ու վատն են: Եկեք ինքներս մեզ լավը չհամարենք, քանի որ առանց բարեգութ Աստծո, մենք չենք կարող հաղթել չարին»,-կոչ արեց Սրբազան Քահանայապետը:

     

    Թող Սուրբ Կույս Մարիամը ազատի՜ մեզ այն ամբարտավան մտքից, որ մենք արդար ենք ու օգնի, որ գնանք դեպի Աստված, Ով սպասում է մեզ որ գրկի ու ների:

     

    Vatican News-ի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց