«Կարեկցանքը մեզ թույլ է տալիս տեսնելու իրականությունն այնպիսին, ինչպիսին որ կա»
2019թ. սեպտեմբերի 17-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ Սբ. Մարթայի տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում, կոչ արեց սրտերը բացել կարեկցանքի համար և չթաքնվել անտարբերության քողի հետևում:
Սրբազան Քահանայապետը քարոզը սկսեց սուրբ Ղուկասի Ավետարանից վերցված մի հատվածի մեկնաբանությամբ (Ղկ. 7, 11:17), որտեղ ներկայացված է Հիսուսի հանդիպումը մի այրի կնոջ հետ Նային քաղաքից, ով ողբում էր իր միակ որդու մահը: «Աստված մահվան թափորին նայում է մեծ կարեկցանքով: Նա տեսնում է, որ կորցնելով որդուն՝ այրի կինը բոլորովին միայնակ է»,-ասաց Ֆրանցիսկոս Պապը:
«Կարեկցանքը մեզ թույլ է տալիս տեսնելու իրականությունն այնպիսին, ինչպիսին որ կա: Կարեկցանքը կարծես «սրտի խոշորացույց» լինի, որն օգնում է հասկանալու իրական մասշտաբները»:
Ավետարանում Հիսուս հաճախ է համակվում կարեկցանքով և այն հանդիսանում է «Աստծո բառապաշարը»: Հին Կտակարանում Աստված Իր ժողովրդին նայում է գթասրտությամբ, խորապես հասկանում նրա ցավն ու տառապանքը: Ըստ Սրբազան Քահանայապետի, կարեկցանքը միաժանակ «և՛ Աստծո «թուլությունն» է, և՛ զորությունը»: Հենց կարեկցանքն էր, որ ոգեշնչեց Երկնավոր Աստծուն մեզ ուղարկել Իր Միածին Որդուն:
Կարեկցանքը չպետք է շփոթել պասսիվ խղճահարության հետ, որն, օրինակ, առաջանում է ճանապարհին մահացող շուն տեսնելիս: Իրական կարեկցանքը գործուն է, այն ստիպում է մարդուն համակվել ուրիշի խնդիրներով ու լուծել դրանք: Ավետարանի մյուս հատվածում, որը վերաբերում էր հացի բազմացմանը, Աստված աշակերտներին կոչ է անում կերակրել սոված ամբոխին: Նա նրանց սովորեցնում է գործուն ու արդյունավետ հոգատարության, քանի որ միայն կարեկցանքը շատ քիչ է:
«Եթե կարեկցանքը Աստծո լեզուն է, ապա մարդու լեզուն անտարբերությունն է. անել մի փոքր բան ու այլևս չմտածել դրա մասին»:
Սրբազան Քահանայապետը պատմեց L’Osservatore Romano թերթից վերցված մի լուսանկարի մասին, որը հիմա գտնվում է Պապական գթության ծառայության գրասենյակում: Լուսանկարում ներկայացված է երկու կանանց հանդիպումը շքեղ ռեստորանի մուտքի դիմաց: Աղքատ, անօթևան կինը ձեռքը պարզում է դեպի լավ հագնված տիկինը, որը դուրս է գալիս ռեստորանից ու արհամարհանքով շրջվում:
«Հենց սա է մեր անտարբերությունը: Որքա՜ն հաճախ ենք մենք նախընտրում նայել այլ ուղղությամբ և այդպիսով փակել դուռը կարեկցանքի դիմաց: Մենք կարող ենք խղճի փորձություն անել. շրջվել, հեռանալ այն ամենից, ինչին մենք արդեն շատ ենք սովորել կամ էլ թույլ տալ, որ Սուրբ Հոգին մեզ տանի կարեկցանքի ճանապարհով, Աստծո շնորհների ուղիներով»:
Ֆրանցիսկոս Պապն ասաց, որ նրան շատ է հուզել Հիսուսի խոսքերն՝ ուղղված այրի կնոջը. «Մի՛ լար», որն արտացոլում է կարեկցանքի ողջ քնքշությունը: Այնուհետև Տերը դիպչում է դագաղին և ասում պատանուն վեր կենալ և «մեռելը վեր կացավ, նստեց ու սկսեց խոսել: Եվ Հիսուս նրան մորը տվեց» (Ղկ. 7,15):
«Տերը տվեց տղային մորը, դա արդարության քայլ է: «տալ» կամ «վերադարձնել» բառը կիրառվում է արդարադատությունում: Կարեկցանքը մեզ տանում է դեպի ճշմարիտ արդարություն: Մենք պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր դրա իրավունքն ունեն: Այս արարքները մեզ փրկում են եսասիրությունից ու անտարբերությունից: Այսօրվա Սուրբ Պատարագը շարունակենք հետևյալ բառերով. «Աստված գթած»: Թող, որ Նա ողորմի մեզ բոլորիս: Մենք դրա կարիքն ունենք»:
Vatican News ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը