• Քրիստոնյայի պարտքն է աղոթել քաղաքական գործիչների համար, այլ ոչ թե վիրավորել նրանց

    «Ուզում եմ, որ ամեն տեղ տղամարդիկ աղոթեն…»


    2019թ. սեպտեմբերի 16-ին Ն. Ս. Ֆանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սբ. Մարթայի տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ժամանակ Սուրբ Պողոս առաքյալի Տիմոթեոսին ուղղված նամակին՝ ասաց, որ Աստծո ողջ ժողովուրդը կոչված է աղոթելու իշխանավորների համար, որպեսզի խուսափի զայրույթից ու վիճաբանություններից: Ե՛վ իշխանավորներին և՛ եկեղեցականներին շրջապատում է շողոքորթությունն ու վիրավորանքը: Եթե անգամ նրանցից որևէ մեկը արժանի է վիրավորանքի, դա չպետք է դառնա հավատավոր մարդու սովորությունը: Հաճախ է, որ աղոթքը «թագավորների ու ղեկավարների» համար, որը հորդորում է Պողոս Առաքյալը, վերածվում է վիրավորանքների ու հանդիմանանքների շարանի, և մենք, մենակ թողնելով մեր ղեկավարներին՝ Աստծուց չենք հայցում օգնություն նրանց համար:

     

    Անդրադառնալով Իտալիայում կառավարության ճգնաժամին՝ Սրբազան Քահանայապետն ասաց.

     

    «Մեզանից ո՞վ է աղոթել ղեկավարների համար: Ո՞վ է աղոթել պատգամավորների համար, որ նրանք համաձայնության գային և մեր երկիրը առաջընթաց ապրեր: Դատելով ամեն ինչից՝ հասկանում ենք, որ հայրենասիրական ոգին աղոթելու փոխարեն նախընտրում է վարկաբեկել, ատել ու վիճաբանել: «Ուզում եմ, որ ամեն տեղ տղամարդիկ աղոթեն, վեր պարզեն մաքուր ձեռքեր՝ առանց բարկության և երկմտության» (Ա Տիմոթ. 2.8): Այո պետք է բանավիճել, դա խորհրդարանի գործառույթն է, սակայն միա՛յն բանավիճել, այլ ոչ թե ոչնչացնել դիմացինին, ավելին, անհրաժեշտ է աղոթե՛լ դիմացինի համար, անգամ եթե նա ձեզ հետ համակարծիք չէ»,-ասաց Քահանայապետը՝ շեշտելով, որ պետք է  «աղոթել բոլո՛ր հայացքների քաղաքական գործիչների համար: Եթե ժողովուրդն աղոթում է իշխանավորների համար, ապա իշխանավորները նույնպես ի վիճակի կլինեն աղոթել ժողովրդի համար, ինչպես որ հարյուրապետն է աղոթում իր ծառայի համար»:

     

    Vatican News ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց